Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով Զառային
ՄշակութայինԿան մարդիկ, որոնց հեռանալը երկրային կյանքից՝ իրենից հետո լռություն չի թողնում։ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻ անսահման մեծ սիրտը կանգնեց, բայց նրա մասին հուշերը զրնգում են իր ծիծաղի պես՝ անկեղծ, ազնիվ, շնորհակալ:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ հունվարի 20-ին վերջին հրաժեշտը կտանք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության խորհրդի անդամ, հեռուստառադիոհաղորդավար, դերասան 55-ամյա Զառա Արամյանին՝ առաջին վառ շիկահերին հայկական եթերում: Նա միշտ էր առաջինը. հեղինակեց խոհանոցային հաղորդում, որը ոչ թե առօրյա բաղադրատոմսեր էր հաղորդում, այլ չլսված մի բան՝ «Համով զրույց»-խոստովանություն… Առաջինն էր, ով եթերում առանց բարդույթների ե՛ւ ծիծաղում էր, ե՛ւ լալիս… Առաջինն էր, ով եթերը դարձրեց «համով»։
Զառա Արամյանը չմտավ ռադիո ու հեռուստատեսություն՝ նա ապրում էր դրանով, 35 տարի շարունակ հայկական հեռուստատեսության եթերում նա կիսում էր մարդկանց ուրախությունն ու տխրությունը, լռությունն ու ցավը, մանկան պես երջանկանում ուրիշի երջանկությամբ:
«Այսօր ես ի վիճակի չեմ գնալ իմ հաղորդման տաղավար, անցկացնել զրույցներ, լինել ակտիվ… բայց այդ ամենը մտքումս է կամ… երազներում…», - այս խոսքերը նա գրել էր, երբ առողջականը դավաճանում էր, բայց միտքը՝ ոչ, երբ սիրտը հոգնում էր, բայց սերը՝ ոչ։ Նա հեռացել էր եթերից, բայց եթերը չէր հեռացել իրենից։ Զառան մինչեւ վերջ մնաց հեռուստատեսության մարդ, ինչպես ինքը կասեր՝ «телевизионщик», որի համար էկրանն աշխատանք չէր, այլ կենսաձեւ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Զառա Արամյանը սովորեցրեց հանրությանը ոչ միայն անկեղծ լինել՝ անգամ տեսախցիկների առաջ, այլեւ՝ շնորհակալ:
«Հավաքվեք կողքս, կարեւոր բան եմ ասում… Այնքան կարեւոր է լինել շնորհակալ ու քնքուշ, քաղցր խոսքը տեղին ասել… Ի վերջո, մեծ ու իրական երջանկությունն այն է, որ Աստծուն դիմում ես ոչ թե ինչ-որ բան խնդրես, այլ որ… Շնորհակալ լինես», - սա էր արամյանական աշխարհընկալման բանաձեւը։ Եվ հենց այդ պատճառով նրան լսում էին ոչ թե ականջով, այլ սրտով։
Այսօր փշաքաղվելու չափ հուզիչ է վերընթերցել Զառա Արամյանի վերջին գրառումը, որտեղ անգամ իր հիվանդության համար էր շնորհակալ. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ ՝ դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն, ու... հիվանդությունս՝ ավելի խորանալու համար... Պատրաստ եմ դիմավորելու նոր 2026 թիվը ու հույս տածել, որ Երկիրս խաղաղ կլինի ,իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր...»:
Զառան հույզերի խտացում էր՝ հումոր, ցավ, նրբանկատություն, խիզախություն, բայց իր ամենախորը շերտում հավատն էր։ Աղոթում էր միշտ: Աստծո շնորհ էր համարում իր ապրած ամեն օրը: Նրա աստվածասեր սիրտն այնքան մեծ էր, որ տեղավորում էր բոլորիս։ Բայց ամենաշատն՝ իր երեխաներին։
Դստեր նշանդրեքը նա ապրեց թթվածնի սարքը կողքին՝ արցունքներով, ժպիտով, լռությամբ։ Նա չկարողացավ մեծ խնջույք անել, բայց արեց ամենակարեւորը՝ օրհնեց ու դստերը՝ Էլեն Գասպարյանին պատգամեց. «Երջանկացրու ինձ քո երջանիկ կյանքով»:
ԲՐԵԺՆԵՎԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ ՏՀԱՃ ԷՐ, ԲԱՅՑ ՊԱՏՎԱԲԵՐ
Զառա Արամյանի հիշողությունները երբեք պարզապես անցյալ չէին։ Դրանք կենդանի պատկերներ էին՝ իրեն բնորոշ համով-հոտով։ Նա ուներ մի շնորհ, որը քչերին է տրված՝ անցյալը պատմել այնպես, որ ներկան նստի ու լսի:
Իր գիտակցական մանկության առաջին տարիները Զառան անցկացրել էր Մոսկվայում: 70-ականների առաջին կեսին, երբ հայրը՝ Ֆելիքս Արամյանը, ընդունեց Վախթանգովի թատրոնի հրավերը, ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Հայրը մասնակցում էր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Ռիչարդ 3-րդ»-ին, իսկ փոքրիկ Զառան արդեն երեք տարեկանից խաղում էր մանկական դերեր ներկայացումներում։
Վախթանգովի թատրոնը դարձավ նրա մանկության իրական տունը։ Փորձերի հոտը, բեմի լռությունը, դերասանների շշուկները՝ ամենը նստեց նրա հիշողության մեջ ու երբեք չջնջվեց։
Զառան սիրում էր պատմել, թե ինչպես մի օր փորձերին եկել էր ԽՍՀՄ ամենազոր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը։ Դահլիճում լարվածություն էր, շնչառությունն անգամ չափված։ Բոլորը գիտեին՝ պաշտոնական այց է։ Բայց տարիներ անց Զառան ժպիտով էր ասում՝ իրականում Բրեժնեւին հետաքրքրում էր ոչ թե բեմադրությունը, այլ միայն մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլինա Բիստրիցկայան:
Նա հիշում էր, թե ինչպես էր Բիստրիցկայան սեթեւեթում, կատակներ անում, խաղում իր հայացքով, իսկ Բրեժնեւը՝ դահլիճից հետեւում էր ոչ թե ներկայացմանը, այլ հենց նրան։ Այդ տեսարանը Զառայի հիշողության մեջ մնացել էր որպես ժամանակի խորհրդանիշ՝ մեծ քաղաքականություն ու մարդկային թուլություն՝ նույն դահլիճում։
Բայց ամենավառը երեխաների հետ Բրեժնեւի շփումն էր։ Թատրոնից գնալուց առաջ նա անպայման մոտենում էր բեմի աշխատողների երեխաներին, գրկում, համբուրում։ Զառան անկեղծորեն էր պատմում՝ ինչպես էր իր այտերին զգացել Բրեժնեւի հայտնի, թաց համբույրները։ «Տհաճ էր, բայց պատվաբեր»,- ասում էր նա ու ծիծաղում:
ԱՄԵՆ ՇՊԱՐԻՑ ԱՌԱՋ ԳՐԻՄՈՎ ԽԱՉ ԷՐ ԱՆՈՒՄ ՃԱԿԱՏԻՆ
Զառա Արամյանը հատուկ ջերմությամբ էր հիշում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին։ Պատմում էր, որ Սվետլանան, երբ եկել է «Համով զրույցի», զգուշացրել է. «Հանկարծ սեղանին ուտելիք չլինի։ Ես հենց տեսնում եմ ուտելիք՝ արդեն գիրանում եմ»։
Զառան հիշում էր նրա խոստովանությունը՝ մեծ տարիքում միայնության, Կարպ Խաչվանքյանի մահից հետո խորացած կարոտի մասին։ Սվետլանան պատմել էր նաեւ իր գաղտնիքը, թե ինչպես էր տարիներ շարունակ սիրված հանդիսատեսի կողմից․ ամեն շպարից առաջ գրիմով խաչ էր անում ճակատին, հետո միայն բեմական դիմահարդարումը։
Զառան ասում էր՝ հենց այդ պահից այդ սովորույթը դարձավ իր առօրյայի մասը։ Նրանք խոսել էին տապակած կարտոֆիլի մասին՝ որպես փոքրիկ մեղք ու մեծ պարգեւ։ Սվետլանան իրեն թույլ էր տալիս ուտել այն միայն ծննդյան օրը կամ շատ հաջող պրեմիերայից հետո։ «Ինքս ինձ պարգեւատրում էի»,- ասել էր նա Արամյանին։
Խոսել էին նաեւ բեմում նրա թեթեւ թռչկոտելու մասին։ Տանը ամեն օր պարապում էր, ցատկում, իսկ հարեւանը ամեն առավոտ հարցնում էր․ «Սվետիկ ջան, էլի դերդ էիր պարապո՞ւմ»։
Այսպիսին էր Համով Զառան, ում հետ կարելի էր խոսել քաղաքականությունից մինչեւ մշակույթ, երաժշտությունից մինչեւ հավատք:
ԵԹԵՐ, ՈՐԸ ԴԱՐՁԱՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Մանկական դերերից մինչեւ Վախթանգովի թատրոնի միջանցքներ, «Հայաստանի ձայն»-ից մինչեւ «Համով զրույց»… Զառա Արամյանը հեռուստատեսության աստղ էր, բայց եթերում դեր չէր խաղում, ապրում էր: Եվ հենց դրա համար էր, որ ամեն ոք վստահում էր նրան իր ցավը, իր հուշերը, իր լռությունը։
Ամենքի ցավը, բացասականը պահեց իր սրտում, բայց մարդկանց միայն սեր տվեց, դրական լիցքեր, ժպիտներ: Կանգ առավ նրա սիրտը ֆիզիկապես, սակայն շարունակում է բաբախել ամենքիս հոգում՝ իր հաղորդումների ձայնագրություններով, ամենամարդկային հիշողություններում եւ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը եթերում կհամարձակվի լինել այդքան անկեղծ։
«Իրավունք» թերթը խորին ցավակցություն է հայտնում Զառա Արամյանի հրաշք ընտանիքին՝ ամուսնուն՝ Արտաշեսին, զավակներին՝ Էլենին ու Գուրգենին, հարազատներին եւ ողջ հայ հանրությանը։
Ընդմիշտ մեր Համով Զառա, մենք էլ՝ քեզ հետ ենք ընդմիշտ:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ