Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով
Ադրբեջանական «Silk Way» բեռնատար ավիաընկերության ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի օդային տարածքով: «Silk Way»–ն առավել հայտնի է դեպի Ադրբեջան զենք փոխադրող ավիաընկերություն։
Օրերս Sputnik Արմենիայի լրագրողը Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկն արձանագրել է «Flightradar24» հարթակում։
Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
Sputnik Արմենիային «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ։
Նշենք, որ ադրբեջանական «Silk Way» ընկերությունը հաճախ օգտագործվում է Ադրբեջան զենք–զինամթերք մատակարարելու, ինչպես նաև Բաքվի և Նախիջևանի միջև ռազմական նշանակության չվերթեր իրականացնելու համար:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝