Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել Թուրքիայում արդեն գտնվող քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն։ Այս մասին գրում է Ermenihaber. am-ը:
Զգուշացումը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումից և Իրանի կողմից օդային տարածքի ու չվերթների փակումից կարճ ժամանակ անց: Նշվել է, որ այդ զարգացումները կարող են ազդել Թուրքիայի վրա։
Նախազգուշացումների ցանկում ներառված են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կիպրոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Իրանը և Իրաքը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել խուսափել մարդաշատ վայրերից, խոշոր քաղաքներում և զբոսաշրջային վայրերում ուշադիր հետևել անվտանգության կանոններին։
