Ինչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ»
ՆերքաղաքականՏեւական ժամանակ «կայուն ծանր» վիճակում հայտնված ՔՊ-ական պատգամավոր, ժամանակին բուժքույր աշխատած ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ այսօր հրաժարական տվեց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ հայտարարեց, որ չի լինելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Չի բացառվում, որ նրան ուղղակի գլխի են գցել այդ քայլին դիմել: Եթե մինչ այդ նրա իմաստ չպարունակող մտքերը վերջինիս ներվել են, ապա օրերս իր կողմից հնչեցված ելույթը, թե «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաեւ գլուխներ», արդեն խայտառակվելուն չխանգարելու վերջին կաթիլն էր։ Ընդհանրապես, Հունանյանի վերաբերյալ նրա նախկին բուժաշխատող կոլեգաները շատ զվարճալի ու հետաքրքիր պատմություններ են պատմում. մի մասը նրան համարում է «բոյեվիկ», որոշները նկարագրում են որպես ընկերասեր, հայհոյանքեր արտաբերելուց չխորշող, «18 պլյուս» անեկդոտների սիրահար, օրվա մեջ մի քանի ծխախոտի տուփ ոչնչացնող կին։
Կոլեգաներն ասում են, որ ապշել էին, երբ իմացել են, որ Հռիփսիմե Հունանյանն ավագանու անդամ է դարձել, սակայն նրա ինքնավստահությունը, քաղաքականությունից քվանտային ֆիզիկայի չափ հասկացող ու մարտի պատրաստ բնավորությունը շատերին թույլ էր տալիս հասկանալ, որ նրա քաղաքական կարիերան երկար չի տեւի։
Նրան նմանեցնում էին գործարար Սամվել Ալեքսանյանի համար ժամանակին դոշ ծեծող «ԲՏՌ» կանանց, ովքեր բնազդով մշտապես նետվում էին մարտի, մի մասը գուցե այլ շահի, մյուս մասն էլ ուղղակի «տելեվիզոր» ընկնելու երազանքով։
Առհասարակ Հռւիփսիմե Հունանյանին ԱԺ առողջապահության հանձնաժողովում, որպես անդամ, դիտարկելուն մեր տեղեկություններով դեմ է եղել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ արդեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ով քամահրանքով ու թերահավատորեն է մշտապես արտահայտվել Հունանյանի մարդկային եւ մասնագիտական ունակությունների վերաբերյալ յուրայինների մոտ։
Հետագայում, երբ Թորոսյանը գնում էր կառավարություն, իր «նվերն» արեց Հունանյանին՝ իր տեղը զիջելով նրան: Երեւի, «գնացողի հետեւից միայն լավը» սկզբունքը հաշվի առնելով։ Այն, որ հարցազրույցներից մեկում Հռիփսիմե Հունանյանը նշել էր, որ բարձրագույն կրթություն է ստանում Ամերիկյան համալսարանում, կարծում ենք, որ այդպես էլ կիսատ մնաց, այլապես, երբ բարձրագույն կրթությունից էին խոսում, նա ըստ ժամանակագրության արդեն դիպլոմ պետք է ստացած լիներ։ Ընդհանրապես Հունանյանի մասին խոսակցությունները տարբեր են ու բազմազան, սակայն դրանցից ամենաուշագրավն այն է, որ բոլորը միաբերան պնդում են, որ Հունանյանը լավ է երգում։ Ի դեպ, նա մեկն է այն երգող բուժքույրերից, որի տեսանյութը քովիդի ընթացքում մեծ տարածում գտավ։
Հավելենք նաեւ, որ ՔՊ-ի «ինքնամաքրման» հաջորդ «հերոսուհին» Էմմա Պալյանն է լինելու, ում դեպքում բազմիցս վերաապացուցվել է «մախաթը պարկում չես պահի» արտահայտությունը, ում հրապարակային խոսքը պակաս ծիծաղելի չէ, քան Հունանյանինը եւ եթե ՔՊ-ն երկակի ստանդարտներ կիրառողի պիտակ չի ուզում ստանալ, ապա Պալյան Էմմային եւս պետք է ուղարկվի «վաստակած» հանգստի:

