«Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում Թրամփը
Միջազգային«Կովկասը Պուտինի տարածքն է»,- նախօրեին անսպասելիորեն հայտարարեց Թրամփը: Սա, իհարկե, շատ լուրջ է: Բայց նաեւ դեռ հասկանալ է պետք՝ որքանո՞վ է նման հայտարարությունը վերջնական, եւ ո՞ւր է այն տանելու:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Եթե ԱՄՆ նախագահը Կովկասը հրապարակավ համարում է «Պուտինի տարածք», այն է՝ ռուսական ազդեցության գոտի, ապա դա կարող է նախ ակնարկել, որ այդ թեմայով կա ռուս-ամերիկյան հստակ պայմանավորվածություն: Ավելի ճիշտ, որ դա ընդհանուր պայմանավորվածությունների մաս է, օրինակ՝ Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքում: Ընդ որում, նման բան ենթադրվում էր: Ավելին, որոշակի դրվագներ նաեւ անուղղակիորեն են խոսում նման պայմանավորվածությունների առկայության մասին: Օրինակ, Մոսկվայի մոտեցումը Վենեսուելայի հետ կապված, ասենք նաեւ ներկա պահին՝ Գրելանդիայի: Կամ եթե Թրամփի հայտարարությունը համարենք «ինքնաբուխ», ապա սա կնմանվի Մոսկվային ուղղված հստակ մեսիջի, թեեւ առաջին տարբերակն ավելի հավանական տեսք ունի:
Հաջորդը, Թրամփի նման հայտարարության ֆոնին նաեւ կարելի է ենթադրել, որ դրանով նա հայտարարում է կովկասյան տիրույթում Մոսկվայի դեմ պայքարից հրաժարվելու մասին, պայքար, որը շարունակվում էր ԽՍՀՄ-ի փլուզումից է վեր: Ավելին, որ այս հարթակում այլ գլոբալ խաղացողի չի տեսնում, լինի դա Եվրոպայի, թե՝ Թուրքիայի տեսքով. «Պուտինի տարածքն է եւ վերջ»: Ու հաշվի առնելով, որ հենց ԱՄՆ-ն էր անցած տասնամյակների ընթացքում կովկասյան տիրույթում հակառուսական կուրսի հիմնական «տանիքը», կուրսի նման կտրուկ փոփոխությունը, իհարկե, կազդի նաեւ մյուս ամերիկամերձ խաղացողների հնարավորությունների վրա, եթե, իհարկե, նրանք ցանկանան շարունակել այդ գործընթացը:
Կփոխվի՞ հետագայում ամերիկյան այս նոր մոտեցումը, դա արդեն հարցի մյուս կողմն է. ժամանակի ընթացքում ամեն բան է փոխվում: Բայց հիմա սա է, նոր իրողություն, որը հերթական ակնարկն է այն մասին, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն այս պահին ունեն որոշակի պայմանավորվածություններ համաշխարհային նոր ճարտարապետության հետ կապված: Հնարավոր է` դեռ ոչ վերջնական, հնարավոր է՝ գործընթացն ընթացքում դեռ խմբագրումների կենթարկվի: Հաշվի առնելով նաեւ Չինաստանի գործոնը, որի հետ, նման է, որ դեռ վերջնական պայմանավորվածություններ չկան:
Չինական գործոնին դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք. այն, որ զուգահեռաբար հայաստանյան ուղղության մասին, այն էլ՝ բավականին կտրուկ երանգներով խոսեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, թերեւս պատահական չէ: Հիշեցնենք, օրերս Լավրովը մի շարք կոնկրետ հայտարարություններ հնչեցրեց Հայաստանի հետ կապված, որոնք վերաբերում էին հատկապես այն հարցերին, ինչը Մոսկվան հակված է գնահատել հակառուսական քաղաքականություն: Այդ թվում, որ Ռուսաստանի հետ համագործակցության մասին խոսող կոնկրետ անձանց, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետին կալանքի տակ են պահում նման մտքերի համար: Ապա նաեւ եկեղեցու հանդեպ ճնշումների: Վերջապես, որ Հայաստանը պետք է արդեն հստակ կողմնորոշվի դեպի Եվրոպա կամ Ռուսաստան գնալու հարցում: «Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ մնալով՝ ԵՄ չափանիշներին անցնելը անհնար է: Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս բացատրել է սա իր հայ գործընկերոջ հետ շփումներում», - մասնավորապես ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
Մեկնաբանելով Լավրովի այդ մտքերը, ռուսական, այսպես ասենք՝ ոչ պատահական փորձագիտական աղբյուրը որոշակի փակագծեր է բացում. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Փաշինյանին միանշանակ ազդանշան է ուղարկում, որ անհրաժեշտ կլինի շտապ եւ վերջնականապես որոշել, թե ուր է գնալու Հայաստանը այստեղից եւ ում հետ»:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԲԱՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է
Իհարկե, նման մեսիջներ մինչ այս էլ է Հայաստանը քանիցս ստացել, եւ միգուցե մեր գործող իշխանավորներն արդեն դրան ինչ-որ ձեւ ադապտացվել էին: Թե ոչինչ, թող ասեն, դա գործնական հետեւանք չի ունենա: Ընդ որում, նման մտածելակերպը թույլ է տվել քայլ առ քայլ ավելի ընդգծված դարձնել հակառուսական ուղղությունը: Այս մի քայլն արեցին՝ մարսեցինք, ուրեմն կարելի է այն մի քայլն էլ անել: Մինչեւ բանը հասավ դեպի ԵՄ գնալու ԱԺ կոնկրետ օրինագծին, «Թրամփի ուղուն» եւ այլն: Միգուցե Լավրովի այս նոր հայտարարությունը եւս այդ նույն մոտեցմանն արժանանա, բայց ահա՝ «Կովկասը Պուտինի տարածքն է» թրամփյան հայտարարությունը պետք է որ նաեւ հայաստանյան իշխանավորների մոտ այլ տրամադրություններ առաջ բերի: Այդ թվում, որ անկախ «Թրամփի ուղուց», պաշտոնական Վաշինգտոնն այս պահին բացահայտորեն բոլորովին այլ բանի մասին է խոսում: Առնվազն, որ Վաշինգտոնն արդարացված կարող է համարել այն բոլոր քայլերը, որոնք Մոսկվան կծավալի կովկասյան հարթակում: Ընդ որում, եթե սրան գումարենք Սոլովյովի աղմուկ հանած հայտարարությունից բխող ազդակը, ապա այս անգամ Լավրովի ասածներին ուշադրություն չդարձնելը կարող է լուրջ հետեւանքների հասցնել:
Իհարկե, հայաստանյան իշխանավորների մոտ, եթե ԱՄՆ-ն իրոք խաղից դուրս գա, կարող է նաեւ այլընտրանքային տարբերակներ պահպանվել: Այդ թվում՝ շարունակել դեպի գլոբալիստական Եվրոպա կուրսը, կամ անցնել լիովին պրոթուրքական քաղաքականության, չնայած այս երկու տարբերակները որոշակի կետում հատվող են: Սակայն այդ մոտեցումները եւս, հաշվի առնելով ներկայիս գլոբալ ֆոնը, նրանց մոտ պետք է որ առնվազն որոշակի մտահոգություններ առաջացնի: Փաստը սա է. Եվրոպան ներկա փուլում արդեն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել: Շատ պարզ պատճառով. լիովին հիմնավորվեց, որ Եվրոպան իր տակ որեւէ լուրջ ուժային բաղադրիչ չունի: ՆԱՏՕ-ն, որպես ընդհանրական մեխանիզմ, պարզապես ներկա փուլում չի գործում, իսկ տեսանելի ապագայում դաշինքի չգոյությունը դիտարկվում է ամենահավանական տարբերակներից մեկը: Եվրոպական առաջատար երկրները, առանց ՆԱՏՕ-ի, իրենցից բան գրեթե չեն ներկայացնում: Ֆրանսիան, ինչպես հենց ֆրանսիացիներն են հրապարակավ խոստովանում, ունեն բանակ, որը կարելի է տեղավորել ընդամենը մեկ ստադիոնում: Գերմանիան, որ հազիվ մի քանի զինվորական ուղարկեց Գրելանդիա, Թրամփի մատի շարժումից այնպես վախեցավ, որ նույն օրն իր «զորքը» հետ կանչեց: Բրիտանիան, պարզվեց, օրինակ, մի քանի տասնյակից ավել սարքին տանկ անգամ չունի: Մեռած վիճակում է նաեւ եվրոպական ռազմական արդյունաբերությունը, ու թեեւ խոսում են դրա վերականգնման, եվրոպական նոր պաշտպանական համակարգ ստեղծելու մասին, բայց դա նախ՝ հսկայական միջոցներ է պահանջում՝ ֆինանսական, նյութատեխնիկական, հանքարդյունաբերական, որ այսօր Հին աշխարհը պարզապես չունի: Հաջորդը, որ նույնքան կարեւոր է, եվրոպական մոբիլիզացիոն համակարգը ներկա պահին որեւէ արժեք չի ներկայացնում: Տասնյակ տարիներով զորակոչ չկա, հասարակությունը զենք երեւի միայն ֆիլմերում է տեսել, սովորել են կուշտ կյանքի, եւ ոչ մեկը չի ցանկանում դրանից հրաժարվել: Նման մարդիկ բանակում կդառնան սովորական «թնդանոթի շատ էժան միս»: Գումարած, մեծագույն վտանգ է դարձել եվրոպական հասարակության իսլամիզացիան, ու բավական է միգրանտներին չկերակրես, որ «սոված բունտերը» կսկսեն շատ արագ հիմքից ցնցել ողջ Եվրոպան: Շատ երկրներում իսլամական տարրը մեծապես արմատացել է իշխանական համակարգում՝ վերածվելով «վեցերորդ շարասյան», ու այսպես շարունակ: Այս իրավիճակում, իհարկե, անլուրջ է, որ Եվրոպան կովկասյան ուղղությամբ աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնի:
Թուրքական ուղղությունը, միգուցե, հայաստանյան իշխանավորները կարող են ավելի էֆեկտիվ գնահատել: Բայց եթե Թուրքիայի վրայից դուրս գա ՆԱՏՕ-ի «հովանոցը», ու հենց դա է հիմա տեղի ունենում, մեծ հարց է, թե Անկարան կփորձի՞ շարունակել հակամոսկովյան քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ եւ այն կողմ՝ Կենտրոնական Ասիայում: Առավել եւս, երբ այդ խաղերը զուգորդված էին բրիտանական հովանավորությամբ, եւ հիմա Անկարան պետք է որ այդ հովանավորության հարցում եւս մեծ վերապահումներ ունենա:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Վերջապես, Պուտինի եւ Թրամփի բանագնացների դավոսյան հանդիպումից հետո Ուիտկոֆը հայտարարեց, որ կա շատ լուրջ առաջընթաց, եւ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ: Այն, որ Պուտինը համաձայնեց ընդունել Ուիտկոֆին ու Քուշներին, իր հերթին է խոսում դրա մասին: Գումարած, Թրամփը հայտարարել էր, որ Դավոսում Զելենսկուն տեսնել չի ցանկանում, բայց միտքը փոխեց, թե. «Ես ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ: Պուտինը ցանկանում է գործարք կնքել»:
Կարճ ասած, ամեն բան խոսում է այն մասին, որ Ուկրաինայի հարցով պայմանավորվածությունը կարող է շատ արագ իրականություն դառնալ: Ըստ Ուիտկոֆի, Մոսկվայից հետո նա կմեկնի Աբու Դաբի, որտեղ աշխատանքային կարգով կարող է եզրափակիչ փաստաթուղթն իրողություն դառնալ:
Ու եթե Մոսկվան ավարտի ուկրաինական թեման, ապա գրեթե միանշանակ է, որ նրա համար հիմնական է դառնալու կովկասյան թեման: Ընդ որում, ներկա պահին Դավոսում տեսանելի դարձող իրողություններն ուղղակի եւ անուղղակի բազում այլ ակնարկներ եւս հղում են ասվածի հետ կապված:
