Չի լինելու նախկին ու ներկա, լինելու է օրինապաշտ քաղաքացի. Բացառիկ հարցազրույց «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբանի հետ
ՀանդիպումԻնչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ընտրություններին ընդառաջ քաղաքական մրցավազքը եւ իրենց քաղաքական ֆիգուր հռչակած անձանց գործողությունները, որքանո՞վ են այսօր հասարակության հետ ազնիվ քաղաքական հայտ ներկայացրած լիդերները «Իրավունքը» զրուցել է աղմկահարույց գործերով իրավապաշտպան, այլեւս նաեւ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.
-Սա պայքար է ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ։
Սա պատերազմ է ոչ թե մարդկանց, այլ անօրինականության, ստի և կեղծիքի դեմ։
Սա գործընթաց է ոչ թե վրեժի, այլ պետություն կառուցելու։
Այստեղ չկա «հինը» և «նորը»․ կա օրինականը և կա հանցավորը։
Կա պետական մտածողություն և կա պարազիտային մտածողություն։
Քաղաքական գործիչը, առավել ևս քաղաքական լիդերը, ով գտնվում է իշխանության բուրգում կամ ձգտում է իշխանության, պարտավոր է ազնիվ լինել՝ նախ ինքն իր առաջ, ապա այն լսարանի, որի առաջ խոսում է։
Իրավամբ, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ այս կամ այն բացասական գիծը, կամ անցյալում կատարած այս կամ այն զանցանքը։ Սակայն հասարակության առաջ ստելը, իրականությունը կեղծելը, սեփական արածի կամ չարածի համար դիմացինին մեղադրելը կամ արդարանալը անընդունելի է։ Ցավոք, երեսուն տարի շարունակ հենց դա ենք տեսել։
Մասնավորապես՝ անձը, ով լուրջ քաղաքական հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններին, ամեն կերպ խուսափում է պարզ հարցից՝ ինչո՞ւ դու և քո մերձավորները չեն ծառայել բանակում։ Բերվում են բոլոր հնարավոր պատճառաբանությունները՝ բացի ճշմարտությունն ասելուց։ Իսկ ճշմարտությունն այս է․ ընտանեկան միլիոնները պատ էին դարձել, որոնք վերածվել էին անձեռնմխելիության՝ թե՛ բանակ չծառայելու, թե՛ մնացած բոլոր հարցերում օրենքից վեր կանգնելու համար։
Նույն պատկերն ունենք նաև այսօրվա իշխանության բուրգում հայտնված կարկառուն դեմքերի դեպքում․ նրանք ևս չեն ծառայել բանակում և այսօր էլ կբերեն ցանկացած պատճառաբանություն՝ բացի հասարակության առաջ ճշմարտությունն ասելուց և ներողություն խնդրելուց։
Ի՞նչ է ասում Վարդան Ղուկասյանը
«Նախկին և ներկա իշխանությունների հետ ես ճանապարհ չունեմ գնալու։ Դուք քանդել եք երկիրը և շարունակում եք այն քանդել»։
Ի՞նչ է ասում Վարդան Ղուկասյանի թիմը
Լինելու է ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ՝ հավասար բոլորի համար.
սկսած պարտադիր զինվորական ծառայությունից,
վերջացրած բարեվարքության, արժանապատվության և հանրային պատասխանատվության կանոններով։
Այն, որ Վարդան Ղուկասյանը հրապարակային ասում է, որ օլիգարխիան չի մոտենալու իշխանության բուրգին, դրա համար է ասում․,նոր հեծանիվ չի հայտնագործում։ Սա քաղաքակիրթ պետության մոդել է։ Պարզ օրինակ՝ Իսրայելի մոդելը։
Անթերի մարդ չկա։ Նրանք, ովքեր կարծում են, թե Վարդան Ղուկասյանի և նրա թիմի գալով նախկիններն ու ներկաները «խաչի են հանվելու», մոլորված են։
Կլինի սանիտարական մաքրում, բայց դրանից հետո հաստատվելու է.
ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ,
իրավունքի գերակայություն,
հավասարություն բոլորի համար։
Չի լինելու հաշվեհարդար
Չի լինելու ընտրովի արդարադատություն
Չի լինելու «սևերի ու սպիտակների» քաղաքականություն
Կլինի պետություն, որտեղ օրենքը բարձր է անձերից, համակարգերից և խմբերից։
Միայն այս ճանապարհով է հնարավոր վերացնել երեսուն տարվա ընթացքում բուծված տզրուկներին ու պարազիտներին և միասնաբար վերադարձնել հարկադրաբար մեզանից խլված արժանապատվությունը։
