Մեր ականջներին արդեն նստեցնում են, որ հհ գոյություն չի ունենալու. Դավիթ Մշեցի
Մշակութային«ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԱՏԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԸ »
«Իրավունք»-ի զրուցակիցն է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ:
— ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն օրեր առաջ Արցախն անվանեց «Ադրբեջանի հանրապետություն»: Հատկանշականն այն է, որ Թորոսյանը զինծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում: Ստացվում է, որ իր տրամաբանությամբ՝ մեր տղաները, այդ թվում՝ ինքը, ծառայել են Ադրբեջանո՞ւմ:
— Գիտեք, ես սկսել եմ չանդրադառնալ այս իշխանության ճոռոմ խոսքերին, որովհետեւ մենք ապրում ենք անսկզբունքայնության, անպատասխանատվության ժամանակաշրջան: Եվ երբ Արսեն Թորոսյանն Արցախը նման կերպ է անվանում, չեմ զարմանում: Այդ մարդիկ վաղուց են դա որպես «ճշմարտություն» համարել: Ավելին՝ տասնամյակներ գործել են, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Դրան լուրջ վերաբերելը ծիծաղելի է, քանի որ նույն Արսեն Թրոսյանը ժամանակին հայտարարում էր, որ Արցախը մեր գլխավոր հենասյունն է, եւ առանց Արցախի, Հայաստանը գոյություն չի կարող ունենալ: Այսինքն՝ պարզ հասկացնում են, որ եթե Հայաստանի Հանրապետություն կա, ապա վաղը հնարավոր է, որ այն գոյություն չունենա: Սա ոչ թե անպատասխանատվության կամ շանտղության դրսեւորում է, այլ հստակ քայլեր են, որ այս մարդիկ ինչ ասում են, հետո հակառակն են անում: Մեր ականջներին արդեն նստեցնում են, որ ՀՀ գոյություն չի ունենալու: Թորոսյանները, սիմոնյանները եւ փաշինյանները ստեղծել են մի այնպիսի վիճակ, որ Հայաստանում չունենք դատարաններ, քննչական մարմիներ եւ այլն, քանի դեռ ենթարկվում են Նիկոլին: Իսկ որ ենթարկվում են, հենց ինքն է ասել:
— Հայոց Բանակի օրվա կապակցությամբ եւս անհասկանալի իրավիճակ ստեղծվեց՝ բանակի տոնի նախօրեն նշանակել են հիշատակի օր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Մեր օրերում այնքան բան տեսանք, որ թվում է՝ ոչինչ այլեւս մեզ չի զարմացնի: Այստեղ այդքան կապ չունի, թե բանակի հետ կապված ինչ օր է նշվում: Էականն այն է, որ բանակի հետ կապված տոնական կամ հիշատակի օրեր են որոշում մարդիկ, ովքեր ողջ կյանքն ատել են բանակը, փախել են բանակից՝ հաշմանդամ ու հոգեշեղված ձեւանալով: Նրանք օբյեկտիվորեն չեն կարող լավ նպատակով ինչ-որ բան նախաձեռնել, քանի որ չեն կարող ողջ գիտակցական կյանքն ատել մի բան, հետո այդ կառույցի մասով դրական բան նախաձեռնել: Այսօր, ամեն տեսակի քարոզչություն տարվում է, եւ ինչպես ասում է գերագույն գլխավոր խառնածինը, պետք է բանակը վերջին տեղում լինի: Նա փորձում է ամեն բան՝ բանակի հետ կապված, կեղծել ու պղծել, սակայն, ամեն դեպքում, ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ երկրի հիմքն ու ամրությունը բանակն է՝ սպառազեն եւ ոգեզեն: Եվ եթե բանակը մղեն երկրորդ պլան, այդ պահից արդեն որպես պետություն, որպես ժողովուրդ դատապարտված ենք ոչնչացման:
Ամեն դեպքում, ես շատ չնչին սեփական լումա ներդրած լինելով հայկական բանակում՝ չեմ համարել դա պարտք, այլ համարել եմ մեծագույն պատիվ, եւ որքանով որ ինձ թույլատրվել է պատերազմների ժամանակ, այդքանով ունեցել եմ իմ անմնացորդ մասնակցությունը: Ես ցանկանում եմ իրապես շնորհավորել բանակի օրը: Ցավոք, մենք ամեն առիթով պատրաստ ենք իրար շնորհավորելու, սակայն բանակի օրվա կապակցությամբ, կարծես, պասիվ ենք: Ես իմ մարտական ընկերներին միշտ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ դա մեր համար դառնա թե՛ Նոր տարուց եւ թե՛ Զատիկից կարեւոր տոն, եւ բոլորս իրար շնորհավորենք՝ անկախ ցանկացած տիպի խառնածինների բանակաքանդման պրոցեսից` դրանով հաղթելով նրանց:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

