Սա ընդամենը կառավարչական որոշո՞ւմ է, թե՞ տեղավորվում է իշխանություն–եկեղեցի հարաբերությունների սրման համատեքստում.ԴՕԿ կուսակցության շտաբի պետը ԶՈՒ-ի հոգեւոր ծառայությունը լուծարելու մասին
ԻրավականԸստ պաշտպանության նախարարի հրամանի, 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգեւոր ծառայողների գործունեությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Այս հրամանը որեւէ տրամաբանություն ունի՞, թե՞ լիովին տեղավորվում է իշխանության եկեղեցու դեմ թափ առած հալածանքների համատեքստում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.
- Հարցը իրավական և սահմանադրաիրավական հարթությունում կարելի է փաստել.
ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, սակայն սահմանված է, որ պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։ Այսինքն՝ կա առանձնահատուկ, բայց ոչ պետական կառավարման մեջ ներգրավված կարգավիճակ։
Պաշտպանության նախարարությունը իրավասու է իր համակարգում կառուցվածքային փոփոխություններ անել, եթե դրանք հիմնավորվում են, օրինակ՝
բանակի կառավարման բարեփոխմամբ,
հոգեբանական ծառայությունների նոր մոդելով,
պայմանագրային կամ ինստիտուցիոնալ ձևաչափի փոփոխությամբ,
Եթե հրամանը հիմնավորված է կառավարման կամ ծառայությունների վերակազմակերպմամբ, ապա իրավական տեսանկյունից այն կարող է տեղավորվել նախարարի լիազորությունների շրջանակում։
Այստեղ կա կարևոր հանգամանք․ բանակում հոգևոր ծառայությունը տարիներ շարունակ դիտվել է ոչ միայն կրոնական, այլև բարոյահոգեբանական աջակցության համակարգ, հատկապես պատերազմական և հետպատերազմյան պայմաններում։
Եթե այդ ծառայությունը դադարեցվում է առանց այլընտրանքային համակարգի ներկայացման, ապա հարց է առաջանում՝
ինչպե՞ս է ապահովվելու զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությունը,
արդյո՞ք հաշվի են առնվել զինծառայողների իրավունքները իրենց կրոնական պահանջմունքների իրացման մասով։ Վերջապես օդում կախված է հետևյալ հարցը և
Ցանկալի է ,որ պետական պատկան մարմինը հանրությանը տա պարզաբանում, արդյո՞ք սա ընդամենը կառավարչական որոշում է, թե տեղավորվում է իշխանություն–եկեղեցի հարաբերությունների սրման համատեքստում։ Իրավաբանորեն դա կարելի է գնահատել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ որոշումն ունի խտրական կամ նպատակային ճնշման բնույթ։
Ամփոփելով միտքս'
Եթե չկա խտրականություն և որոշումը հիմնավորված է կառավարման բարեփոխմամբ՝ այն կարող է լինել իրավաչափ։ Սակայն եթե դա արվում է առանց փոխարինող համակարգի և հանգեցնում է զինծառայողների իրավունքների սահմանափակման կամ ունի ակնհայտ քաղաքական նպատակ, ապա այն կարող է դիտարկվել որպես վիճահարույց և ենթակա հանրային ու իրավական քննարկման։
