ՔՊ-ականները հանգիստ են, որովհետեւ ընդդիմադիր դաշտից ունեն հանցակիցներ. Պողոսյան
ՀանդիպումԸստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված վերջին հարցումների արդյունքների, քաղաքացիների 18 տոկոսը վստահում է Նիկոլ Փաշինյանին, 6 տոկոսը՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին, 3 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: 48 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ՝ ՈՎ ՈՎ Է՝ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿԻՑ Է, ԹԵ՝ ՊԱՅՔԱՐՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ»
— Պարոն Պողոսյան, ըստ այս սոցհարցման արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան իշխանության հավակնող հիմնական ընդդիմադիր ուժերինը՝ նույնիսկ միասին վերցրած։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
— Նախ ասեմ, որ իբրեւ խաղաղություն բերած վարչապետի վարկանիշը չէր կարող լինել 18 տոկոս, սա նշանակում է, որ չկա այդ խաղաղությունը: 18 տոկոսը սարսափելի ցածր ցուցանիշ է։ Վստահ եմ՝ 2018 թ.-ին, երբ բոլորով միասին ելել էին պետականաքանդ գործողության ու մերժում էին Սերժ Սարգսյանին, նույնիսկ այդ պահին հրաժարական տվող ՀՀ երրորդ նախագահի վարկանիշը 18 տոկոս չէր, շատ ավելի բարձր էր: Որովհետեւ խաղաղությունը Սերժ Սարգսյանն էր բերել, իսկ սա բերել է պատերազմ, ատելություն, պառակտում եւ մեր պետականության կործանում։
Այդ սոցհարցման թվերն իմ համար որոշ առումներով շատ կասկածելի են: Բայց նույնիսկ եթե իրական էլ լինեն, շատ նորմալ է, որովհետեւ հասարակությունը չի ուզում գնալ ընտրության։ Իհարկե, ընտրությունը դա պրոցես է, որն անկախ ամեն ինչից պետք է իրականանա, բայց հասարակությանն այլ բան է պետք։ Մի հատ շրջեք տարբեր վայրերում, նույնիսկ ԱԱԾ-ի ճնշման տակ ճմլվող Ամասիա գնացեք եւ կհասկանաք, որ մարդիկ այլ բան են ուզում։ Մարդիկ զզվում են Նիկոլ Փաշինյանից, չեն ուզում գնալ ընտրության, որպեսզի նրա հետ չկիսեն այն պատասխանատվությունը, ինչը վերջինս բերել է այս երկրի գլխին: Այսօր համար մեկ խնդիրը պետք է լինի սրան հեռացնելը, դուրս շպրտելն այդ աթոռից եւ կալանավորելը, որից հետո արդեն հնարավոր կլինի գնալ իրական ընտրությունների եւ արդյունքում ձեւավորել իրական կառավարություն։
Իսկ եթե՝ ոչ, սա նույնն է, որ մենք մտնենք ռինգ, որտեղ մեր մրցակիցն է որոշում, այսպես ասած, խաղի կանոնները ու որը նաեւ հնարավորություն ունի յուրաքանչյուր պահին փոխելու դրանք: Արդյունքում ինքը նույնիսկ եթե նոկաուտ էլ ստանա, այնտեղ լինելու է ինչ-որ մրցավար, որը բարձրացնելու է իր ձեռքը՝ որպես հաղթողի։ Այսինքն` մենք այսօր նման իրավիճակում ենք գնում ընտրությունների։ Չնայած՝ տարածաշրջանային վերջին զարգացումները եւ մեր երկրում գեներացող էներգիան ինձ այլ բան է հուշում: Այնպես որ, այդ սոցհարցման թվերին, անկեղծ ասած, չեմ էլ ուզում նայել, հետաքրքիր չէ: Մենք շատ ավելի կարեւոր գործ ունենք առաջիկայում: Պետք է սրան հեռացնենք, հետո թող ով ուզում է գնա մասնակցի ընտրություններին:
— Դուք ասացիք, որ այլ բան է ուզում ժողովուրդը եւ թերեւս հենց դա առաջարկում է Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ն կոչ է անում միավորվել իմպիչմենտի գործիքակազմի շուրջ՝ հայտարարելով քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Բայց փոխանակ այս հայտարարությանը միանան՝ տեսնում ենք, որ ՔՊ-ականների հետ հավասար որոշ ընդդիմադիր ուժեր են նեղսրտել…
— Մեր խնդիրն այն է, որ 2018 թ.-ից հետո պետք է շատ հստակ տարբերակումներ մտցնեինք՝ ով ով է՝ նիկոլականների աջակից է, թե պայքարող ընդդիմադիր: Գուցե շատերը հիմա նեղվեն իմ խոսքերից, բայց ես քաղաքական դաշտում տեսնում եմ հետեւյալը` Նիկոլին քննադատում են բոլոր նրանք, ովքեր 2018 թ.-ին եղել են նրա կողքը եւ մինչեւ այսօր էլ, կարելի է ասել, քննադատելով՝ աջակցում են կամ, ինչպես ասում են, դեմ ըլալով կողմ են։ Մենք այստեղ պիտի հստակեցնենք` ի՞նչ է նշանակում լինել ընդդիմություն:
Ես արդեն երկար ժամանակ է այս մասին բարձրաձայնում եմ, որ պետք է ունենանք հստակ բանաձև` ո՞վ է ընդդիմադիրը։ Այս առումով այլ գործիչներ էլ են առաջարկներ արել: Մալյան Նարեկը ժամանակին հայտարարում էր, որ ընդդիմադիր լինելու համար գոնե մի անգամ քո կյանքում պետք է, օրինակ, ասես՝ Նիկոլ Փաշինյանն ինչի՞ տղա է: Ես էլ ասում եմ, որ գոնե ընդդիմադիրը պետք է հստակ արտահայտվի, թե առհասարակ հայրենիքին եւ Արցախին ինչպես է վերաբերում։ Օրինակ, շատ ընդդիմադիրներ այսօր սարսափում են «Արցախ» բառը հնչեցնելուց: Հիմա մեզ էլ համարենք ընդդիմադիր, իրե՞նց էլ, չի՛ կարող այդպես լինել: Իրենց թվում է՝ այդ բառը որ ասացին, ինչ-որ կախարդական նշանակություն ունի, իրենց 3-10 տոկոսանոց ձայները միանգամից կկորի:
— Չէ, կասեն՝ ռեւանշիստ են, երեւի, դրանից են խուսափում…
— Բայց ռեւանշիստ լինելը վատ բան է՞։ Ռեւանշիստ լինելն առաջին հերթին ինքնասիրություն, արժանապատվություն ունենալն է: Այսօրվա իշխանությունը հպարտ է, բա մենք մեր արժանապատվությամբ այդ հպարտներին չկարողանա՞նք ցույց տալ, որ ճիշտը ոչ թե մահացու մեղք համարվող հպարտությունն է, այլ՝ արժեքային համակարգը։ Ի վերջո, հասարակությունը պիտի այդ տարբերությունը տեսնի։
«ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԻՐԱՏԵՍԱԿԱՆԸ, 3 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՌԵՅՏԻՆԳՈՎ ԳՆԱԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԵ՞ԼԸ»
— Ի դեպ, տպավորություն է, որ արդեն 8 տարի է մի շարք գործիչներ մնացել են 2018-ի իշխանափոխության էյֆորիայի տակ եւ տարբեր իրավիճակներում լավ էլ բացահայտվում են, որ ավելի շուտ նախկիններին կմերժեն, քան Նիկոլ Փաշինյանին:
— 2018 թ.-ը սարսափելի հանցագործության տարի էր, հատկապես՝ ապրիլ-մայիս ամիսների գործողությունները, եւ այն ուղղված էր հայ ժողովրդի, մեր ապագայի, մեր սերունդների դեմ: Հիմա գուցե ինչ-որ մեկը զղջացել է այս ընթացքում եւ զղջալով հանդերձ՝ պատրաստ է նաեւ իր, այսպես ասած, հանցանքի պատիժը կրել։ Իսկ կան նաեւ մարդիկ, ովքեր հասկացել են, բայց չեն ուզում պատիժ կրել ու մտածում են, որ ավելի լավ է` պահեն այնքան ժամանակ Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ հնարավորություն չունեն գալ իշխանության: Դրա համար, օրինակ, խանգարում են Հանրապետական կուսակցությանը կամ այն քաղաքացիներին, ովքեր ուզում են իշխանություն փոխել: Չէ որ այդ փոփոխության արդյունքում իրենք էլ կարող են պատժվել: Հետեւաբար, ասում են՝ ավելի լավ է թող Նիկոլը մնա, մենք չպատժվենք։ Ես այսպես եմ ընկալում իրավիճակը:
Ասում եք՝ ոմանք դեմ են արտահայտվում իմպիչմենտին, ինչպե՞ս կարող է նորմալ, ադեկվատ դատողություն ունեցող մարդը համակերպվի կամ չուզենա մասնակցել այնպիսի մի գործընթացի, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նույնիսկ եթե այդ պրոցեսի արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի հեռացվելու, միեւնույն է, պետք է այն անել:
— Պարզապես, ասում են, թե իրատեսական չեն համարում, որ կգտնվեն ՔՊ-ական պատգամավորներ, որոնք կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Չէ՞ որ գործընթացը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են այդ ձայները:
— Ի՞նչ է նշանակում՝ իրատեսական չեն համարում: Այսինքն` երբ դու գնում ես պայքարելու, քո հայրենիքը փրկելու, նայելու ես՝ իրատեսակա՞ն է ադ փրկությունը, թե՞ ոչ: Պատերազմի դաշտում կանգնած զինվորը չի նայում՝ իրատեսակա՞ն է իր կռիվ տալը, թե՝ ոչ: Եթե սկսեց այդպես մտածել, պիտի թողնի իր խրամատը, փախչի։ Հիմա ինչպե՞ս կարող է քաղաքական գործիչը, առավել եւս՝ Ազգային ժողովում ներկայացված, ասի՝ փողոցային պայքարն իրատեսական է կամ իրատեսական չէ։ Եթե դու գնացել ես, այդ խրամատում կանգնել ես, ձեռքդ զենք ես վերցրել, ուրեմն՝ պիտի պահես այդ դիրքը՝ մինչեւ քո մեռնելը: Եթե փամփուշտ չունես, պիտի նռնակ պայթեցնես։ Ձեւը սա է, հիմա նոր հեծանիվ չենք հորինում:
Բա ո՞րն է իրատեսականը, 3 տոկոսանոց ռեյտինգով գնալ Նիկոլ Փաշինյանի հետ մրցե՞լը՝ այն դեպքում, երբ նա ունի ե՛ւ վարչական ռեսուրս, ե՛ւ թիկունքում կանգնած 80 միլիոնից ավելի թուրք՝ իրենց բոլոր տեսակի ռեսուրսներով ու մի քանի 100 միլիոն եվրոպացի՝ ամեն տեսակի տված «պրախոդով»։
— Դե 2021 թվականի փորձը կա՝ մանդատները կվերցնեն, կգնան Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու ու կասեն՝ գնում ենք, որ հավելյալ գործիքակազմ ունենանք այս իշխանությանը հեռացնելու համար:
— Լավ եք անում, գնացեք, բայց եթե դուք այսօր ունեք գործիքակազմ, որով կարող եք մինչեւ մանդատ վերցնելն այս մարդուն ուղղակի դուրս շպրտել այդ աշխատասենյակից, ուղարկել քրեակատարողական հիմնարկ, գնացե՛ք, արե՛ք: Դրանից հետո եկեք, ինչքան ուզում եք ընտրություն արեք:
2021-ին Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալն ինչի՞ համար էր, իմաստը ո՞րն էր ընտրություն կազմակերպելու եւ 5 տարի էլ Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու: Որպեսզի հնարավորություն ունենա՞ր ոչ միայն նոյեմբերի 9-ը իրականություն դարձներ, մի հատ էլ Արցախը հանձնե՞ր: Դրա համար էին գնացել խորհրդարան, թե՞ գնացել էին հեռացնեին։
«ԲԱ ԵԹԵ ՁԵԶ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՓՐԿԻՉ՝ 3000 ՄԱՐԴՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԿԻԴ ԿՈՉՈՎ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱՆ»
— Ամեն դեպքում, Դուք տեսնում եք այն պոտենցիալ ՔՊ-ականներին, ովքեր կարող են իմպիչմենտի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, պակասող ձայներն ապահովել: Գուցե իրենք հանգիստ են այս հարցում, որովհետեւ գիտեն՝ այս ընդդիմությունը 2018-ի պես տեռոր չի անելու՝ պատգամավորներին անհատապես չեն ճնշելու, տները չեն գնալու, դագաղներ ու սեւ ժապավեններ չեն բերելու հրապարակ:
— Իրենք հանգիստ են, որովհետեւ գիտեն, որ, այսպես ասած, ընդդիմադիր դաշտից ունեն համախոհներ կամ հանցակիցներ։ Մարդիկ, ովքեր մասնակցել են 2018-ի մեծ հանցագործությանը, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ, հանգիստ են, որովհետեւ չեն տեսնում, որ կա ռեալ պայքար։
Ինչ վերաբերում է պակասող ձայներին. իսկ Ձեզ թվում է, որ ՔՊ-ի շարքերում չկա՞ն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանից հիմա նեղված են: Շատերն ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի կողքին: Եթե որեւէ մեկն ասի` գաղափարապես, չեմ հավատա, որովհետեւ իրականում հայրենիք դավաճանելու մեջ գաղափար չի կարող լինել։ Մարդը Նիկոլի կողքին կանգնած է մի քանի հանգամանքով պայմանավորված. առաջին՝ իր էությամբ «աբիժնիկ» է, երկրորդ՝ որովհետեւ փող կա, երրորդ տարբերակ՝ կոմպրոմատ կա իր վրա։ Նույն ընդդիմությունը պետք է այս երեք գործոնը հաշվի առնի: Եթե Փաշինյանն այս երեք գործոնը հաշվի առնելով՝ կարողացել է սրանց տիրել, ուրեմն՝ նույն մեր մեծամեծ քաղաքական գործիչներն էլ պետք այդ երեք գործոնը հաշվի առնելով՝ փորձեն հետներն աշխատել:
Նիկոլ Փաշինյանին հիմա հեռացնելու ռեալ հնարավորություն կա։ Թող ոչ ոք չասի՝ ժողովուրդը մեզ չվստահեց կամ պատրաստ չէր փողոց դուրս գալու։ Փաշինյանի 18 տոկոսանոց վարկանիշը խոսում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալու։ Իհարկե, արդեն մեծ հարց է՝ պայքարը երեք անգամ տապալած ուժերին վստահու՞մ է, թե՞ չի վստահում ժողովուրդը: Բայց սա արդեն այլ հարց է. եթե այդ ժողովուրդը չի վստահում ձեզ եւ չի ուզում ձեր հետ փողոց դուրս գալ, կվստահի՞ ձեզ ընտրություններին, որ մի հատ էլ իր քվեն տա:
Եկեք հաշվենք. մոտավորապես պլյուս-մինուսով 30 քաղաքական ուժ հայտ են ներկայացրել Ազգային ժողով մտնելու։ Այսինքն՝ համապետական ընտրություններին նրանցից ամեն մեկը երազում է, որ իր ուզած մարդն է դառնալու վարչապետ: Սա նշանակում է, որ ընտրություններին հայտ ներկայացրած ամեն մի քաղաքական ուժ, առնվազն՝ 3000 մարդու կարողանալու է գեներացնել։ Ի վերջո, եթե մասնակցում են ընտրություններին հաղթելու համար, մոտավորապես իրենց պետք է մի 60 հազար ձայն: Եթե 60 հազար ձայն դու պետք է ունենաս, գոնե մի 3000 հոգի պետք է կարողանաս հանել փողոց։ Պատկերացրեք՝ եթե այդ 30 քաղաքական ուժն էլ իրենց ընդդիմադիր են համարում եւ իսկապես ցանկություն ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իրենք կարող են բոլորով միասին մի 90 հազար մարդ ունենալ փողոցում։ Հավատացեք, որ մյուս ընդդիմադիրներն էլ, որոնք չեն հավակնում իշխանության գալ, մի 50-60 հազար մարդ էլ իրենք կհանեն փողոց: Այդ ժամանակ ո՞ւր է թռնելու Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է պաշտպանելու նրան, ո՞ւր են փախնելու ՔՊ-ական պատգամավորները: Բա եթե իսկապես բոլորդ անկեղծ ուզում եք Նիկոլ Փաշինյանին դուրս վռնդել եւ բոլորդ համարում եք ձեզ որպես այս երկրի փրկիչ՝ 3000 մարդն ի՞նչ է, որ ամեն մեկիդ կոչով փողոց դուրս չգա:
— Կարծում եք՝ արդեն իսկ ընտրություններին հայտ ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժերին հնարավո՞ր է համոզել, որ Նիկոլ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմին ընտրություններով հաղթելն անհնար է լինելու:
— Գիտեք, բացարձակ համոզելու խնդիր չկա։ Մենք այսօր յուրաքանչյուրս ունենք մեկ խնդիր` ազնիվ լինել հայ մարդկանց հետ՝ ամեն մեկս մեր հնարավորության չափով: Վաղը, մյուս օրը վստահ եմ` հենց ժողովուրդն էլ կորոշի` ավելի լուրջ էր իմպիչմենտը, թե ընտրությունները, ավելի լուրջ էր այս քաղաքական գործիչը, քաղաքական ուժը, թե մյուսը։ Ընդամենը մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի անկեղծ խոսել ժողովրդի հետ, որովհետեւ այս ժողովուրդն արդեն 2018 թ.-ի միամիտ ժողովուրդը չէ, շատ բան է հասկանում։ Շատ քաղաքական գործիչներ նեղվում են, որ ժողովուրդը մեզ չօգնեց, մեր հետևից չեկավ, իսկ գուցե դուք ճիշտ չե՞ք խնդրել ժողովրդին, կամ գուցե դուք անկեղծ չե՞ք եղել ժողովրդի հետ ընտրությունների ժամանակ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ