Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն. Արա Պողոսյան
ՆերքաղաքականՔաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ համար ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցն ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության եւ տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։
- Թե Սահմանադրության նախագծում ի՞նչ կետեր կլինեն, դրանք անգամ բովանդակային քննարկման կարիք չունեն, քանի որ ինքնին՝ թշնամի կողմի պարտադրանքով ներպետական իրավահարաբերությունների կարգավորման ֆորմալացումը հարձակում է ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության վրա։
Ինքնիշխանություն եւ իրավազորություն նշանակում է՝ սեփական կամքով, սեփական տարածքում, սեփական պատկերացումներին համապատասխան իրավահարաբերությունների կարգավորման ինքնիշխան ունակություն եւ հնարավորություն՝ առանց արտաքին պարտադրանքի առկայության։
Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության համապատասխանեցման ակտը Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկություններին, բովանդակային առումով նշանակում է՝ ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության զիջում արտաքին ինտերվենտներին։ Եթե այլ կերպ ասենք՝ Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն։