Հինգ անվանակարգում լավագույնը ռուսական թատրոնն է. «Արտավազդ-2026»-ը՝ «Իրավունք»-ի աչքերով
ԼուսանկարներԹատրոնի միջազգային օրը թատերական գործիչներին մեկ հարկի տակ էր համախմբել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ այս տարի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Շլացուցիչ զգեստներ, բարձր արյան ճնշման դրսեւորումներ, բաղձալի ծրարների շուրջ անսպասելի հումորներ, շփոթմունք, հուզմունք ու աստղային կսմիթներ: Այո՛, իր բովանդակությամբ «Օսկար»-ին բոլորովին չզիջեց 25-րդ հոբելյանական «Արտավազդ»-ն՝ ապահովելով թատրոնի համքարության այս տարվա ինտրիգների չափաբաժինը: Իհարկե, մրցանակաբաշխությունը նաեւ առիթ է բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ հենց «Արտավազդ»-ի:
«Մրցանակաբաշխություն կազմակերպելն, անցկացնելը շատ բարդ պրոցես է: Այն սկսվում է դեռեւս 4-5 ամիս առաջ եւ այդ ամիսների ընթացքում ամեն տարի չէ, որ հանդարտ է ընթանում մեր կյանքը, որովհետեւ ֆինանսավորման խնդիրը միշտ լինում է անտեսանելի, անհասկանալի։ Բայց այս տարի շատ շնորհակալ ենք, որ քաղաքապետարանն աջակցեց մեզ: Ընդ որում՝ միակ հովանավորն է», - ասաց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:
Իսկ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ ավանդույթը չխախտելով՝ նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր ծննդյան տարեդարձը շնորհավորելու առթիվ, ապա անդրադարձավ Մնջախաղի թատրոնի շենքի խնդրին. «Երբ ես բարձրանում եմ «Արտավազդի» բեմ, արդեն տասնյակ տարիներ է բարձրաձայնում եմ նույն խնդրի մասին: Կլրանա 7-րդ տարին, որ մեր թատրոնի շենքը մնացել է կիսատ-պռատ վիճակում, շինարարությունն այդպես էլ չի ավարտվում։ Իհարկե, ես մեծ ուրախությամբ ընդունեցի այն հանգամանքը, որ Համազգային թատրոնը հրաշալի շենք ունեցավ` հրաշալի բացումով։ Շնորհավորում եմ կրկին, որ ռուսական թատրոնում հրաշալի փոփոխություններ են տեղի ունենում՝ նստարաններ եւ այլն: Բայց կուզեի, այնուամենայնիվ, որ 54 տարեկան, որից 46-ը պետական կարգավիճակ ունեցող, երբեք շենք չունեցած, բայց գործող թատրոնն, ի վերջո, ունենա իր շենքը։ Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր կտեսնենք»:
«ՅԱՄԱ»-Ն «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ»-Ն Է
Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, նախ նշենք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ժյուրին անվանակարգերի մեծ մասում նախապատվությունը տվել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին։ Մրցանակաբաշխության բեմից հինգ անգամ հնչել է հենց այս թատրոնի անունը։ Թատրոնի «Յամա» ներկայացումն արժանացել է «Լավագույն ներկայացում» տիտղոսին, իսկ Գոռ Մարգարյանը՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Նույն ներկայացման շրջանակում Ելենա Վարդանյանը, մարմնավորելով Աննա Մարկովնայի կերպարը, ճանաչվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», իսկ Հռիփսիմե Նահապետյանը՝ Ժենկայի կերպարի համար՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի»։ «Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայկ Աղաբեկյանը՝ կրկին «Յամա» ներկայացման համար։
«Ինձ համար մեծ պատիվ է կանգնել այս բեմի վրա ՝այն բեմի, որին ես ծառայել եմ 18 տարի։ Եվ ինձ համար շատ կարեւոր է հենց այս բեմում ստանալ այս մրցանակը։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, դերասաններին, որոնց հետ մենք միասին դուրս ենք գալիս այս բեմ, մասնավորապես՝ «Յամա» ներկայացման ժամանակ: Շատ շնորհակալ եմ ռուսական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանին, ում օրոք եւս մենք մեր թատրոնում հանդիպեցինք Գոռ Մարգարյանին։ Սա ինձ համար շատ կարեւոր է։ Ես իմ առաջին «Արտավազ»-ը ստացել եմ Գոռ Մարգարյանի հետ։ Ես ստանում եմ իմ երկրորդ «Արտավազ»-ը՝ էլի Գոռ Մարգարյանի հետ: Ուզում եմ ստանալ իմ երրորդ «Արտավազ»-ը՝ կրկին Գոռ Մարգարյանի հետ: Սիրում եմ բոլորիդ», - ասաց ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ բեմը բառի բուն իմաստով ծածկելով իր շքեղ կարմիր զգեստով:
Ի դեպ, Գոռ Մարգարյանը տարավ նաեւ «Լավագույն երիտասարդական ներկայացման» «Արտավազդ»-ը՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի «42-24»-ի համար:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ»՝ «ՓՐԱՅՄ ԹԱՅՄ»
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Փրայմ թայմ»-ը՝ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, հաղթեց «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում: Իսկ «Լավագույն կամերային ներկայացում»-ը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի «Եթե դու մեռնեիր»-ն է՝ Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրությամբ: «Լավագույն մանկական ներկայացում»-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի «Լույսի ծածկագիրը» նախագիծն է (բեմադրիչ՝ Քրիստինե Ասրյան): «Լավագույն պլաստիկական ներկայացում»-ն էլ «Մկների ժողովն» է (Մետրո թատրոն, բեմադրիչ՝ Սոնա Մարտիրոսյան):
«Այսօր աշխարհում, կարծես, խավարը խտանում է ու շատ կարեւոր է դառնում լույսի գաղափարը։ Ու եթե անգամ մի փոքրիկ լույս վառենք, խավարը կսկսի նահանջել։ Հենց դա է դրված մեր ներկայացման առանցքում։ Ու ես ցանկանում եմ, որ մեր բոլորի տներում, մեր սրտերում, մեր երկրում լույսը շատանա։ Ու թող որ ամբողջ աշխարհում լինի եղիցի լույս», - նշեց «Լույսի ծածկագիրը» նախագծի բեմադրիչ ՔՐԻՍՏԻՆԵ ԱՍՐՅԱՆԸ:
ՈՎՔԵՐ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
«Լավագույն դերասան»-ը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից Նարեկ Բաղդասարյանն է՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մեջ կերտած իր Անթեյով: Իսկ «Լավագույն դերասանուհին» Տաթեւ Հովակիմյանն է՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից՝ իր Աննայի կերպարով («Եթե դու մեռնեիր» ներկայացում): «Երկրորդ պլանի լավագույն դերասան»-ը Սաշա Սուքիասյանն է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնից իր Պիտեր Սմիթ կերպարով («Մեղրի համը» ներկայացում): «Լավագույն երիտասարդ դերասան»-ը Միշա Հակոբյանն է՝ Աշտարակի դրամատիկական թատրոնից իր Բարոն Ֆոնբերգ կերպարով («42-24»):
3 ՄՐՑԱՆԱԿ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԻՆ
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Մերի Մարգարյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից՝ «Կոստյումով տղամարդիկ» ներկայացման համար: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Անի Ռաշոյանը կրկին նույն թատրոնից՝ «Երեք անունով մի աղջիկ» ներկայացման համար: «Լավագույն զգեստների նկարիչ»-ն էլի Գյումրիի թատրոնից էր՝ Լուսինե Խաչատրյանը («Երկարագուլպա Պեպպին»): «Լավագույն երաժշտության հեղինակ»-ը «Վանական» ռոք խումբն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից («Պենելոպե, օ՜, Պենելոպե»): «Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Գոռ Վանյանը («Ջին խաղը Համազգային թատրոնում»):
ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՏՈՒԿՆԵՐՆ ՈՒ ԱՆԲԱՍԻՐՆԵՐԸ
ՀԹԳՄ հատուկ «Արտավազդ» մրցանակների արժանացան Յուրի Նավոյանը՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի վերաբացմանն աջակցելու համար, Նորա Արմանին՝ «Բանալիներ հավաքողը» ներկայացման գլխավոր դերակատարման համար, Սիմոն Աբգարյանը՝«Պենելոպե, օ՜, Պենելոպե» բեմադրության համար, Դավիթ Հարությունյանը՝ Գորիսի եւ Վանաձորի թատրոնների խաղացանկի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
«Իսկապես անակնկալ էր, որովհետեւ նույնիսկ չգիտեի, որ «Բանալիներ հավաքողը» ներկայացումը ժյուրին եկել եւ դիտել է: Շատ շնորհակալ եմ եւ զգացված, մանավանդ, որ այս «Արտավազդ»-ով Սփյուռքն է պատվի արժանանում: Մրցանակաբաշխությանը պատվեցին նաեւ Արցախի դերասաններին։ Այս բոլորը շատ կարեւոր են մեզ համար։ Հայաստան, Արցախ, Սփյուռք կապը պետք է միշտ մնա», - շեշտեց ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ հատուկ մրցանակների արժանացան Գրետա Մեջլումյանն ու Դավիթ Հակոբյանը:
«Շնորհակալ եմ՝ նորին մեծություն թատրոն երեւույթին։ Այն հարատեւ է, քանի աշխարհում կա մարդ արարածը։ Միայն այն դեպքում կփակվի թատրոնի վարագույրը, երբ այս հողագնդից կվերջանա, կանհետանա ամենավերջին մարդը։ Բարեբախտաբար, մեր մոլորակը դեռ պտտվում է», - նշեց ՀՀ վաստակավոր արտիստ ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ:
Ի դեպ, այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էր հայ բեմի նշանավոր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։ Եվ Մետաքսյա Սիմոնյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակին արժանացավ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն, դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանը՝ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ Ֆիլումենայի կերպարի համար:
ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության այս տարվա փորձագետներն էին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արթուր Ղուկասյանը, «Փոքր» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, թատերագետներ Հասմիկ Ծատուրյանը, Սուսաննա Բրիկյանը։ Նրանք ընտրեցին լավագույններին՝ բացի պիեսից:
Հատկանշական է, որ տարիներ շարունակ այս անվանակարգը դարձել է իսկական գլխացավանք՝ կա՛մ ծրարն է դատարկ, կա՛մ ընդհանրապես անվանակարգը չկա: Ինչ խոսք, լիովին հասկանալի է, թե ինչու «Լավագույն պիես» ժյուրին չի կարողանում ընտրել՝ արհեստական բանականության դարաշրջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
