Իրանն արագորեն վերածվում է համաշխարհային ուժի չորրորդ կենտրոնի
ՄիջազգայինԳնահատումները, որ վերջին օրերին գալիս են ամերիկյան փորձագիտական շրջանակներից, հուշում են եւս մեկ կարեւորագույն գործոնի մասին, որը դրված է իրանական պատերազմի իրական պատճառների հիմքում: Ու առաջ ընկնելով` ֆիքսենք. խոսքը գործոնի մասին է, որն ամենաուղիղ կերպով ազդելու է նաեւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա, ու անկախ այն բանից, թե մեր տարածաշրջանի առանձին երկրներն ինչ իրական ցանկություններ ունեն:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴՈԼԱՐԻ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ Է
Այսպես, արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք ամերիկյան հեղինակավոր փորձագետ եւ լրագրող Թաքեր Կառլսոնի տեսակետն այն մասին, որ այս պահին իրանական պատերազմում. «Դուք տեսնում եք համաշխարհային ամերիկյան կայսրության, միաբեւեռ աշխարհի վերջը»: Ավելի կոնկրետ, այն աշխարհաքաղաքական ուղղվածության, որը կյանքի կոչվեց Երկրորդ աշխարհամարտի արդյունքների հիման վրա, թեեւ դրա առաջին հիմնաքարերը դրվել էին դեռ Առաջին աշխարհամարտից հետո: Այդ թվում, խոսքն այն արժեհամակարգի մասին է, որի վրա կառուցված էր այդ աշխարհաքաղաքական մոդելը: «Եվ դուք տեսնում եք ամերիկյան բողոքական քրիստոնեության վերջը, որը այս աշխարհի պատմության ամենամեծ եւ ամենադրական ուժերից մեկն էր, անկախ նրանից, թե ինչ դարձավ այն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ այժմ լիովին անճանաչելի է»:
Խոսքը, ըստ էության, անգլոսաքսոնիզմի, եւ, վերջին հաշվով, դոլարի համաշխարհային տիրապետության մասին է: Դոլարի համաշխարհային տիրապետությունը եւ դրա հիմնասյուներից մեկը հանդիսացող «նավթադոլար» հասկացությունը պահպանելու համար պետք է նախ ծնկի բերել Իրանին, ապա` Չինաստանին, որից հետո Ռուսաստանը, իր 5–6 հազար միջուկային մարտագլխիկներով անգամ դիմադրելու քիչ շանսեր կունենա: Իմաստը վաղուց է ակնհայտ. դոլարի ֆիզիկական ծավալների ավելացումն ու ԱՄՆ–ի տնտեսական դիրքերի թուլացումը հանգեցրել են ամերիկյան արժույթի տնտեսական շարունակական թուլացման, որը բերում է նաեւ ինչպես դոլարի, այնպես էլ, որպես անխուսափելի հետեւանք, ԱՄՆ–ի աշխարհաքաղաքական դիրքերի թուլացման: Մասնավորապես այն, որ համաշխարհային պահուստներում, ինչպես նաեւ համաշխարհային առեւտրում դոլարի ծավալը հետեւողականորեն նվազում է եւ ներկայումս ցուցաբերում է պատմական նվազագույն ցուցանիշներ, ասվածի ապացույցն է: Հետեւանքը ինֆլյացիան է, ոսկու արժեքի թռիչքային աճը, որը դարձել է կատալիզատոր` էլ ավելի արագացնելով դոլարի թուլացումը: Իսկ առանց հեգեմոն դոլարի, հասկանալի է, որ ԱՄՆ–ն նաեւ իր քաղաքական հեգեմոնիան պահելու շանսեր պարզապես չունի:
Ու հիմա, հասել են այն «անդառնալիության կետին», որ առանց կտրուկ քայլերի նշված դինամիկան ոչ թե փոխել այլեւս հնարավոր չի լինելու, այլ այդ ամենը կարող է մտնել անկառավարելիության կամ գոնե` շատ վատ կառավարելիության փուլ: Ու որպես նման կտրուկ քայլերի առաջին փուլ, պետք է համաշխարհային էներգառեսուրսների հիմնական մասը վերցնել ԱՄՆ–ի վերահսկողության տակ, որը կդառնա ծանր հարված ինչպես չինական, այնպես էլ մյուս մրցակցի` եվրոպական տնտեսության համար: Սկիզբը Վենեսուելան էր, եւ դրանից հետո հասավ Իրանի հերթը:
Ահա այս ֆոնին բացատրությունները, թե Նեթանյահուն խաբեց Թրամփին, ինչ միամիտ մարդ է ԱՄՆ նախագահը, ամերիկյան գլոբալիստները դեմ են գնում Թրամփի քաղաքականությանը եւ այլն, շատ թույլ են: Թրամփն անում է այն, ինչի համար եկել է Սպիտակ տուն. նրա գործը կոշտ մեթոդներով, անգամ պատերազմների գնով, Երրորդ աշխարհամարտի վտանգն աչքի առաջ ունենալով, դոլարի հեգեմոնիան պահելն է: Այն նույն դոլարի, որը, չմոռանանք, տպագրում են ամերիկյան այդ գլոբալիստների ամենավերին տերերը: Այս ֆոնին, իհարկե, կոպիտ սխալ կլիներ մտածել, թե նրանց կողմից Թրամփի իրանական արշավը արտոնված չէր:
Խնդիրը միայն այն է, որ արշավի հաջողությունը երաշխավորված կարող էր լինել միայն կայծակնային հաղթանակի դեպքում: Հենց դա է, որ չստացվեց, ու հիմա ի հայտ են գալիս գործոններ, որոնք կասկածի տակ են դրել նաեւ վերջնական հաղթանակը: Այդ թվում` բարձր տեխնոլոգիական զենք–զինամթերքի պակաս, պաշարներն արագորեն լրացնելու անհնարինություն, ցամաքային օպերացիայի բարձր ռիսկայնություն եւ այլն: Կա նաեւ միջուկային զենքի տարբերակը, սակայն Թրամփի խնդիրը Մերձավոր Արեւելքի էներգառեսուրսների լիակատար վերահսկողությունն է, այլ ոչ թե դրանք ոչնչացնելը` տարածաշրջանը երկար տասնամյակներով «միջուկային գերեզմանոց» դարձնելով: Ու եթե չկա արագ հաղթանակ, ապա դա էլ մասնավորապես Կառլսոնի համար հիմք է նման գնահատման համար` «համաշխարհային ամերիկյան կայսրության, միաբեւեռ աշխարհի վերջը»:
ԻՐԱՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՍՏԱՑԱՎ
Սխալ չհասկանանք. խոսքը «ամերիկյան կայսրության» վերջի մասին չէ կամ նույնիսկ, որ դոլարն առհասարակ կվերանա երկրի երեսից: Խոսքը «համաշխարհային ամերիկյան կայսրության» մասին է, որից հետո, մեկ է, ԱՄՆ–ն էլի կմնա գերտերության կարգավիճակում: Բայց արդեն, որպես գերտերություններից կամ համաշխարհային բեւեռներից մեկի` մի քանիսին հավասար:
Այն, որ իրավիճակը մտել է հենց այդ փուլ, պնդում է ոչ միայն Կառլսոնն ու նման մի շարք այլ փորձագիտական աղբյուրներ, այլ նաեւ գլոբալիստական քարոզչամեքենան: Ընդ որում, մատնանշելով նաեւ այն հնարավոր հիմնական դերակատարներին, որոնք այս ամենից հետո կմնան առաջին պլանում: Օրինակ, The Wall Street Journal–ի գնահատմամբ, պատերազմը նաեւ Իրանին վերածում է համաշխարհային տերության։ Ըստ այդմ, թեեւ վերջին տարիներին համաշխարհային կարգը տեղաշարժվել է դեպի ուժի երեք կենտրոններ՝ ԱՄՆ, Չինաստան եւ Ռուսաստան, բայց ահա այս պատերազմի արդյունքում Իրանն արագորեն դառնում է չորրորդը: Իսկ նրա այդ նորահայտ ուժը բխում է համաշխարհային տնտեսության ամենակարեւոր էներգետիկ հանգույցի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ նրա վերահսկողությունից։ «Ժամանակակից տնտեսությունը կարիք ունի ոչ միայն նավթի. այն կարիք ունի ժամանակին, լայնածավալ եւ կանխատեսելի մատակարարման՝ հաշվի առնելով ռիսկերը։ Երբ այս հուսալիությունը վտանգվում է, ապահովագրական շուկաները սեղմվում են, եւ բեռնափոխադրումների սակագները կտրուկ աճում են: Մակրոնը փաստացի հաստատեց սա անցյալ հինգշաբթի՝ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցի ուժով բացումը «անիրատեսական» է, եւ որ «դա կարող է արվել միայն Իրանի հետ համագործակցությամբ»։
Զուգահեռ, նույն բանն է պնդում նաեւ The New York Times-ը. «Վերջին տարիներին համաշխարհային կարգը շարժվում էր դեպի եռաբեւեռ համակարգ՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ Ռուսաստան, սակայն այս ենթադրությունն այլեւս վավեր չէ: Արագորեն ի հայտ է գալիս համաշխարհային ուժի չորրորդ կենտրոնը՝ Իրանը: Միջազգային համակարգն այժմ Իրանը կդիտարկի որպես համաշխարհային ուժի չորրորդ բեւեռ: Այս պատերազմը շրջադարձային կետ է, որը կարող է անդառնալիորեն փոխել համաշխարհային կարգը»:
Մեկ նյուանս, սակայն, արեւմտյան աղբյուրները «մոռանում» են. իսկ ի՞նչ կլինի, եթե իրենց ներկայացրած չորս համաշխարհային բեւեռներից երեքը` Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը գործեն համատեղ: Մոտավորապես այն, ինչ հիմա տեղի է ունենում իրանական պատերազմում եւ առհասարակ:
ԱՄՆ–Ն ՓԱԿՈՒՂՈՒՑ ԵԼՔ ԿԳՏՆԻ՞
Այս պահին ամեն ինչ մտել է վերջնական փուլ, կախված հարցի հետ, թե ինչ է պատրաստվում անել ԱՄՆ–ն Իրանում: Պատերազմն ակնհայտորեն մտել է փակուղի, որը միանշանակ ամերիկա–իսրայելական կոալիցիայի օգտին չէ: Այսինքն, շարունակում են ինչ–որ հարվածներ հասցնել, որն արդեն իրավիճակ չի կարող փոխել: Ընդ որում, սպառելով տեխնոլոգիական զինամթերքի վերջին պաշարները, եւ մի քանի շաբաթից հարվածների, ինչպես նաեւ պաշտպանական միջոցների ինտենսիվությունը կնվազի կրիտիկական մակարդակից էլ ցածր: Իրանն էլ իր հերթին է հարվածում, ճիշտ է, նախնական ծավալներով, սակայն սա էլ է բավարար ընդհանուր լարվածությունը պահելու համար: Բայց իրավիճակը Թեհրանի օգտին է, քանի որ կարողանում է փակ պահել Հորմուզի նեղուցը, որի հաշվին մի կողմից` շատ մեծ եկամուտներ է ստանում, մյուս կողմից` սա խորացնում է գլոբալ ճգնաժամը: Իսկ ահա ԱՄՆ–ն երեկ հայտարարեց նավթի ռազմավարական պաշարների օգտագործման մասին. դեռ փորձում է գոնե այս մակարդակի վրա պահել համաշխարհային գները, սակայն ժամանակը, իհարկե, Վաշինգտոնի օգտին չէ:
Պետք է հստակ քայլ կատարել. նոր հարձակում, այդ թվում` ցամաքային օպերացիա: Կամ պայմանավորվել Իրանի հետ: Արդեն լրացավ Թրամփի վերջին վերջնագրի ժամկետը, թե դա ինչ կփոխի, կտեսնենք, առաջ չընկնենք: Բայց փաստը, որ, կրկնենք, Թրամփը որոշեց բացել նավթի ռազմավարական պահեստները, խոսում է այն մասին, որ Հորմուզի նեղուցը բացելու հույսեր դեռ չկան:
Սրանից զատ էլ, Կոնգրեսում շրջանառության մեջ մտավ ԱՄՆ պատերազմի նախարարին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Փիթ Հեգսեթին մեղադրում են «Իրանի դեմ ագրեսիայի անօրինական պատերազմի», դրանով` «ԱՄՆ Սահմանադրության կոպիտ խախտման»,
«ամերիկացի զինվորների կյանքին սպառնացող վտանգներ առաջ բերելու», «քաղաքացիական անձանց դեմ ուղղված ուղղակի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ Մինաբի աղջիկների դպրոցի ռմբակոծության» մեջ եւ այլն: Եվ այն, որ այս ամենը Հեգսեթից էլ առաջ վերաբերում է Թրամփին, դա եւս հասկանալի է: Այսինքն, շատ արագ հաջողության չհասնելու կամ գոնե պատերազմը քիչ թե շատ ընդունելի պայմաններով չկանգնեցնելու դեպքում Հեգսեթին, թերեւս, առֆաջինը կզոհաբերեն` զոհադանակը կախելով Թրամփի գլխին:
Մի խոսքով, եթե անգամ Թրամփի հայտարարած չափազանց ծանր հարվածը տեղի ունենա, քիչ հավանական է, որ դա Իրանին ծնկի կբերի: Այս դեպքում արդեն Թրամփին երեւի կմնա համաձայնվել այն 10 տոկոսանոց պայմանագրի հետ, որը նախօրեին Թեհրանը միջնորդների միջոցով փոխանցեց Վաշինգտոնին: Ու այդ փաստաթուղթն էլ կվերածվի Իրանի համար ռեալ համաշխարհային ուժ դառնալու տոմսի: Այլընտրանքն այն է, որ ԱՄՆ–ն շատ արագ գտնի Իրանին ծնկի բերելու միջոցը: Միգուցե նման տարբերակ կա, սակայն մնում է անտեսանելի:
Հրապարակումը հանձնվել է տպագրության մինչ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ երկշաբաթյա զինադադարի հաստատումը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

