Նաիր Տիկնիզյանը` Եղիշե Մելիքյանի հետ ունեցած տարաձայնության մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ ունեցած կոնֆլիկտային իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին։
«Հավաքականի գլխավոր մարզիչը Սերբիա էր եկել առաջին հերթին իմ խաղին հետևելու և մարզավիճակս գնահատելու նպատակով։ Խաղից հետո մենք հանդիպեցինք և մոտ չորս ժամ զրուցեցինք ֆուտբոլային տարբեր թեմաների շուրջ։ Այն, որ մեր միջև փոքրիկ տարաձայնություններ կային, միանգամայն նորմալ է։ Նույնիսկ լավ է, երբ միևնույն հարցի շուրջ մի քանի կարծիք է լինում։ Փառք Աստծո, մեզ պարզապես հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ, և վերջ։ Ուստի հիմա ոչ մի տարաձայնության մասին խոսք լինել չի կարող»:
Խոսելով Ազգերի լիգայի խաղարկությունիցվունեցած իրա սպասումներից, հայ ֆուտբոլիստը նշել էր.
«Հայաստանի հավաքականի շանսերի վերաբերյալ ոչ մի կանխատեսում անել չեմ ցանկանում։ Մեզ համար կարևոր է խոսքերից անցնել գործի։ Պետք է լավ աշխատել ամռանը, ապա հավաքվել սեպտեմբերին և արդեն կոնկրետ լուծել մեր առջև դրված խնդիրները»:
Նաիր Տիկնիզյանը նաեւ նշել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը.
«Մենք այնքան էլ հաճախ չենք հաղթում, բայց երբ հաջողվում է, ես զգում եմ, թե ինչպես են աշխարհի բոլոր հայերը, մեծամասամբ, հպարտություն ապրում։ Եվ դա ինձ անչափ ուրախացնում է։
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, անշուշտ, այժմ ես հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եմ, և դա ինձ վրա կրկնակի պատասխանատվություն է դնում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առաջնորդ լինել և՛ խաղադաշտում, և՛ դրա սահմաններից դուրս»,-թեմսն եզրափակել է Տիկնիզյանը։