Մանդատները՝ գրպանում, պայքարը՝ թղթի վրա
ՎերլուծությունՎերջին զարգացումները հայաստանյան ներքաղաքական կյանքում մի ուշագրավ եւ միաժամանակ վտանգավոր իրողություն են բացահայտում․ մանդատավոր ընդդիմության քաղաքական օրակարգից, կարծես, մեղմիկ, բայց հետեւողական քայլերով դուրս է մղվում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած ՔՊ իշխանությանը մերժելու առաջնային խնդիրը։
Փոխարենը հանրությանը ներկայացվում են նոր նախաձեռնություններ, խորհրդակցություններ, մասնագիտական քննարկումներ, համատեղ հայտարարություններ, սահմանադրական մտահոգություններ, տարբեր հարթակների ձեւավորման փորձեր եւ քաղաքական դիրքորոշումների ճշգրտումներ։
Արտաքուստ այս ամենը կարող է քաղաքական ակտիվության տպավորություն ստեղծել։ Սակայն գլխավոր հարցը մնում է անպատասխան․ իսկ ո՞րն է այդ ամբողջ գործունեության վերջնական նպատակը։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի ընդդիմության համար առաջնային քաղաքական խնդիրը պետք է մնար մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը։ Մնացած բոլոր հարցերը, որքան էլ կարեւոր լինեն, պետք է տեղավորվեն այդ ռազմավարական նպատակի շրջանակում, այլ ոչ թե աստիճանաբար փոխարինեն դրան։
Երբ ընդդիմությունը սկսում է ավելի շատ խոսել իր նախաձեռնությունների, դիրքորոշումների, հռչակագրերի մասին, քան` գործող իշխանության հեռացման անհրաժեշտության, առաջանում է քաղաքական առաջնահերթությունների վտանգավոր խախտում։ Եվ հենց այստեղ է սկսվում ընդդիմության պատասխանատվության խնդիրը։
Այս օրերին ականատես ենք մի քանի քաղաքական ուժերի համախմբմանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի շուրջ, նրանք էլ միասին հանդիպումներ են ունենում տարբեր մասնագիտական խմբերի, հասարակական գործիչների եւ փորձագետների հետ։ Իհարկե, մասնագիտական քննարկումներն անհրաժեշտ են։ Բայց ո՞րն է դրանց գործնական արդյունքը։
Ի՞նչ իմաստ ունի մասնագետներին հրավիրել, մեկ-երկու ժամ սեփական պատկերացումները ներկայացնել, բացատրել, թե որքան վատ է իրավիճակը, ապա շնորհակալություն հայտնել եւ հրաժեշտ տալ՝ առանց որեւէ կոնկրետ որոշման, գործողության կամ հետագա համագործակցության մեխանիզմի։ Այս մասին է բարձրաձայնում քաղաքագետ Արա Պողոսյանը։ Ավելին՝ մասնագետին հրավիրում են ոչ թե լսելու, այլ հաճախ սեփական քաղաքական թեզերը նրան ներկայացնելու համար։ Մինչդեռ մասնագիտական խորհրդակցության իմաստը հակառակն է․ հրավիրողը պետք է պատրաստ լինի լսելու, հարցեր տալու եւ ստանալու այն գիտելիքը, որի համար էլ դիմել է տվյալ մասնագետին։
Եթե հանդիպման ավարտին մասնագետը չի հասկանում, թե ինչի համար էր հրավիրվել, եւ ինչ է փոխվելու իր մասնակցությունից հետո, ապա այդ հանդիպումը դժվար է քաղաքական աշխատանքի արդյունավետ ձեւ համարել։ Ընդդիմությունը պետք է հասկանա՝ հանրային վստահությունը ձեւավորվում է ոչ թե հանդիպումների քանակով, այլ` դրանց արդյունքներով։
«ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
Մյուս մտահոգիչ հանգամանքը «Ոչ»-ի օրակարգի ձեւավորումն է։ Եթե ընդդիմության քաղաքական գործունեությունը կենտրոնանալու է բացառապես ալիեւյան սահմանադրության «Ոչ» քարոզելու վրա, ապա պետք է արձանագրել, որ այն արդեն իսկ տեղափոխվել է իշխանության սահմանած քաղաքական դաշտ։
«Այո»-ի եւ «Ոչ»-ի մրցակցությունն ինքնին չի ապահովում քաղաքական հավասարություն։ Երբ իշխանությունը վերահսկում է վարչական ռեսուրսը, տեղեկատվական հիմնական հնարավորությունները եւ պետական լծակները, իսկ ընդդիմությունը չունի համարժեք կազմակերպվածություն, հանրային վստահություն եւ վերահսկողության մեխանիզմներ, ձեւական մրցակցությունը դեռեւս չի նշանակում իրական մրցակցություն։
Ավելին՝ իշխանությունը կարող է իր նպատակներին ծառայեցնել նույնիսկ այն քաղաքական գործընթացները, որոնք արտաքուստ ուղղված են իր դեմ։ Ուստի՝ հարցը միայն այն չէ, թե ընդդիմությունը ինչին է դեմ։ Հարցն այն է, թե ինչպե՞ս է պատրաստվում հասնել իր հայտարարած նպատակին։
Եթե այդ հարցի պատասխանը չկա, ապա «Ոչ»-ը կարող է վերածվել ընդամենը քաղաքական կարգախոսի, որը չի փոխում ուժերի իրական հարաբերակցությունը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԲԱՅՑ Ո՞Ր ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը, բնականաբար, դրական երեւույթ է։ Սակայն համախմբումն ինքնանպատակ չէ։ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների վերականգնում, Սահմանադրության պահպանում, Անկախության հռչակագրի դրույթների պաշտպանություն․ սրանք կարեւոր քաղաքական եւ հասարակական խնդիրներ են։ Բայց դրանց թվարկումը դեռեւս ծրագիր չէ։
Ավելին՝ երբ տասը եւ ավելի քաղաքական ուժեր ստորագրում են համատեղ հայտարարություն, հասարակությունն իրավունք ունի ակնկալելու, որ նրանք ունեն առնվազն ընդհանուր պատկերացում Հայաստանի ապագայի, անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման եւ իշխանափոխության մեխանիզմների վերաբերյալ։ Ի՞նչ է նշանակում խաղաղություն՝ առանց զիջումների։ Ո՞րն է Հայաստանի ազգային շահերի միասնական ձեւակերպումը։ Ինչպե՞ս են այդ շահերը պաշտպանվելու միջազգային հարաբերություններում։ Ի՞նչ է լինելու, եթե Ադրբեջանը շարունակի ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Ո՞րն է լինելու Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս հարցերի փոխարեն հանրությանը հաճախ առաջարկվում են գեղեցիկ ձեւակերպումներ, որոնք, ցավոք, չունեն իրականացման հստակ մեխանիզմներ։
Խաղաղություն ցանկանալը ծրագիր չէ։ Սահմանադրությունը պաշտպանելու մասին հայտարարելը նույնպես դեռեւս պաշտպանության ռազմավարություն չէ։ Պետության շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ են ուժ, ինստիտուտներ, դիվանագիտություն, ռազմական պատրաստվածություն, տնտեսական դիմադրունակություն եւ քաղաքական կամք։ Հակառակ դեպքում ստացվում է մի իրավիճակ, երբ ընդդիմությունը քննադատում է իշխանության քաղաքականությունը, բայց չի ներկայացնում դրանից տարբերվող եւ իրագործելի այլընտրանք։
Այսօր ձեւավորվող քաղաքական պատկերի ամենամեծ վտանգն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը, փոխադարձ հակադրության պայմաններում անգամ, երբեմն հայտնվում են նույն քաղաքական գործընթացի շահառուների դիրքում։ Իշխանությունը ներկայացնում է իր քաղաքական օրակարգը, ընդդիմությունը քննադատում է այն, բայց հանրությանը չի առաջարկում համոզիչ այլընտրանք։ Արդյունքում հասարակությունը տեսնում է անվերջ փոխադարձ մեղադրանքներ, հայտարարություններ, ձերբակալությունների շուրջ քաղաքական պայքար եւ խորհրդարանական ելույթներ, բայց չի տեսնում իշխանափոխության հստակ ճանապարհ։
Սա քաղաքական առումով չափազանց շահեկան վիճակ է գործող իշխանության համար։ Քաղաքացին կարող է չընդունել Փաշինյանի քաղաքականությունը, դժգոհ լինել նրա որոշումներից, մերժել նրա արտաքին քաղաքական կողմնորոշումը, բայց միաժամանակ չվստահել ընդդիմությանը։ Եվ հենց այդ անվստահության պայմաններում է իշխանությունը շարունակում պահպանել իր դիրքերը։
Ի վերջո, եթե ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ գործող իշխանությունը սպառնում է պետականությանը, խախտում է սահմանադրական կարգը եւ երկիրը տանում է վտանգավոր ուղղությամբ, ապա ինչո՞ւ այդ գնահատականները չեն վերածվում համապատասխան քաղաքական գործողությունների։ Փողոցում թուղթ բաժանելով՝ Արցախը չփրկվեց, մինչդեռ հիմա էլի որոշ ընդդիմադիրներ վերադարձել են ի շրջանս յուր, իրազեկման թղթեր են բաժանում, իսկ մանդատները պահում են ծոցագրպանում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
