Ինչու էր Նիկոլը հայաստանյան գործարարներին անհամ «Թրամփի ուղի» հրամցնում
ՄիջազգայինՕրերս Նիկոլ Փաշինյանը նախաճաշի էր հրավիրել Հայաստանի մի խումբ խոշոր գործարարների: Ճոխ ճառերից եւ գեղեցկագույն ցուցանիշներ հնչեցնելուց զատ, նա անցավ մեկ մտքի, որը փորձում է այս արդեն փաստացի մեկնարկած քարոզարշավի ընթացքում գոնե այս պահին առաջնային տեղում չպահել: Խոսքը` «Թրամփի ուղու» մասին է:
Ի՞ՆՉ ԿՏԱ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Բայց խոշոր գործարարների հետ հենց այդ սխեման էր առաջին պլանում: Ըստ Փաշինյանի. «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է, առաջին հերթին, TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետեւ գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաեւ, որ արտահանումներ եւս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարեւոր է, եւ քաղաքական պայմանավորվածությունը հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա եւ՛ ներմուծման, եւ՛ արտահանման հուսալի ուղի է»: Ըստ այդմ, նա գործարարներին հորդորում էր` մտածել երկար տարիների ընթացքում մշակված լոգիստիկ ուղիների, որոնք հիմնված են ավտոտրանսպորտի վրա, փոխելու մասին` երկաթուղայինի:
Իհարկե, շատ լավ գաղափար է, որը, իհարկե, ամենեւին էլ Նիկոլի ստեղծագործությունը չէ: Այն, որ ցանկացած տնտեսվարողի համար երկաթուղին շատ ավելի ձեռնտու միջոց է, քան ավտոտրանսպորտը, երեւի 2–3 հարյուր տարվա տեսլական է: Միայն թե այդ տեսլականը պետք է նախ հիմնավորվի նրանով, թե երկաթուղին որտեղից, ուր եւ որ ուղղություններով կարող է բեռ տեղափոխել: Ու նորից գալիս–հասնում ենք այն մտքին, թե Նիկոլի կողմից խաղարկվող TRIPP նախագծը որքանով կարող է նրա խոստացած «մեծ իրադարձություններն» առաջ բերել:
Թե ինչ է իրենից ներկայացնում «Թրամփի ուղի» կոչված այդ սցենարը, նորից չկրկնենք, այդ մասին շատ է խոսվել: Մեկ նրբերանգ, այնուամենայնիվ, պետք է միշտ հիշել. այն, ըստ էության, պայմանագրային տեսքով Ադրբեջանից` Մեղրիով, Նախիջեւանով Թուրքիա հասնող երկաթուղու ծրագիր է: Այսինքն, եթե միայն հաջողվի այդ ծրագիրը կյանքի կոչել, ապա մեկ է, այս պահին չկա որեւէ հիմնավորում, ինչ–որ թեկուզ խզբզված թուղթ, որ այդ երկաթուղին կարող է Նախիջեւանով կապվել Հայաստանի երկաթուղային համակարգի հետ: Այսինքն, Նիկոլի տեսլականը, թե Վրաստանի երկաթուղով յոլա գնացեք, մինչ մենք «Ադրբեջանի հետ TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք», գոնե առկա փաստաթղթերից ելնելով, հայաստանյան գործարարներին ոչինչ չի տալիս. «Թրամփի ուղին» չունի որեւէ կետ, հատված, որտեղ այն կհատվի հայաստանյան երկաթուղային համակարգի հետ: Կա՞ն այլ գաղտնի նախագծեր, որոնք ենթադրում են ապագայում «Թրամփի ուղին» կապել Հայաստանի հետ Նախիջեւանով կամ միգուցե Թուրքիայով, Նիկոլը կիմանա: Եթե անգամ կա, դա դեռ չի ենթադրում, որ կվերածվի փաստաթղթի, ապա` երկաթուղային կապի: Ընդամենը ֆիքսում ենք` այս պահին ոչ մի նման տեսանելի բան չկա: Էլ չասած, որ եթե անգամ հայկական երկաթուղին կպնի «Թրամփի ուղուն», մեկ է, դա ընդամենը մինչեւ ծանծաղող Կասպից ծով հասնող գիծ է, ոչ ավելին: Ընդ որում` ասել, թե ամերիկյան վերահսկողության այդ գիծը կարող է լիարժեք աշխատել Կասպից ծովը շրջանցող ուղղությունների` Ռուսաստանի կամ Իրանի հետ, գոնե այս պահին հիմքեր չկան: Իսկ մյուս ուղղությամբ` դեպի Արեւմուտք հայաստանյան երկաթուղին, իհարկե, կարող է բեռներ տանել: Բայց այդ դեպքում ի՞նչ կապ ունի TRIPP նախագծը, եթե կա Հայաստանից Թուրքիա տանող ուղիղ կապ, որը տեսականորեն կարող է գործարկվել, եթե լուծվեն հայ–ադրբեջանական հարցերը: Իսկ եթե չլուծվեն, ապա նաեւ «Թրամփի ուղու» մասին խոսելն անիմաստ է:
Մյուս կողմից, մեկ այլ փաստաթուղթ, որը ենթադրում է ոչ թե միայն Մեղրիի գծի, այլ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները վերագործարկելուն, հիշեցնենք, իրականում գոյություն ունի եւ պաշտոնապես չեղարկված չէ: Դա Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան եռակողմ պայմանավորվածություններն են` ձեռքբերված 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին: Սակայն դա էլ իր մեջ չունի «Թրամփի ուղի» հասկացությունը:
«ՋԵՐՄՈՒԿԻ» ԹԵՄԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԵՍԻՋ Է
Այսպիսով, երբ Նիկոլը հորդորում է գործարարներին, թե` մտածեք երկաթուղու մասին` ի դեմս «Թրամփի ուղու», որպես մի ինչ–որ աշխարհացունց բանի, ընդ որում, հանուն դրա փոխելով տարիների ընթացքում ստեղծված լոգիստիկ ուղիները, դա առնվազն տարօրինակ տեսք ունի: Գործարարներն իրենք էլ շատ լավ հաշվել գիտեն, նրանք սեփական փողն են ռիսկի դնում եւ եթե գնահատեն, որ «Թրամփի ուղի» ասվածն իրենց համար ձեռնտու է, ապա անգամ Նիկոլի այդ քարոզների կարիքը չէր լինի: Դա, թերեւս, պետք է որ հասկանա նաեւ Փաշինյանը: Նաեւ, որ գործարարը դա սովորական ընտրազանգված չէ, որ ընտրությունների շեմին նրան կերակրես «դեպի Եվրոպա» հեքիաթներով: Ու դրանով հանդերձ, երբ Նիկոլը սկսում է գործարարներին «դեմ տալ» ոտից գլուխ աշխարհաքաղաքականացված այնպիսի հեռանկար, ինչպիսին է «Թրամփի ուղին»` «Զանգեզուրի միջանցքի» փաթեթավորված տարբերակը, ապա պարզ հարց է առաջանում` ո՞ւմ է նա ուզում «սատկած էշի» տեղ դնել:
Դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան. հայաստանյան գործարարներն այդ հարցի պատասխանը ունեն, զգում են, այսպես ասած, «սեփական կաշվի վրա»: Ու երբ նրանց հավելյալ քարոզելու կարիք է առաջանում, ապա դա ակնարկ է, որ մի բան արդեն այն չէ:
Չնայած, որոշ ցուցադրական օրինակներ վերջին օրերին` Փաշինյանի վերջին մոսկովյան այցի շրջանակներում եւ դրանից հետո տեսանելի են դառնում: Հիշեցնենք` մոսկովյան այցի ժամանակ ռուսներն ամենաբարձր մակարդակներով Նիկոլի առաջ դրեցին վերջնական կողմնորոշման պահանջ` դեպի Արեւմուտք կամ Ռուսաստան: Ընդ որում, նաեւ դետալավորելով այս կամ այն ընտրության հեռանկարը: Բայց երբ դրանից հետո նա նորից օրակարգ է բերում «Թրամփի ուղու» գաղափարը` որպես երկրի «ծաղկման» միակ տարբերակ, դա հուշում է, որ Մոսկվայում, մեղմ ասած, վերջնականապես «լեզու չեն գտել»: Համենայնդեպս այն, որ ռուսները սկսել են տնտեսական ուղղությամբ զգայուն հարվածներ հասցնել Փաշինյանին, այդ մասին է ակնարկում:
Ակնառու օրինակներից կարելի է համարել «Ջերմուկ Գրուպ» ընկերության շուրջ վերաբացված աղմուկը: Օրերս ռուսական աղբյուրները հանդես եկան տեղեկատվությամբ, որ` «Նոր բացահայտված հանգամանքների պատճառով Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն վերսկսել է 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը՝ «Ջերմուկ» հանքային ջրով մեկ բաժակ խմելուց հետո»: Աշոտ Արսենյանը մեկնաբանում է, թե`«Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետեւում պարզ նշմարվում են ոմանց ականջները»: Բայց երբ 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած դեպքի քննությունը վերսկսվում է, դրանից, իհարկե, քաղաքական հոտը թաքցնել չի լինի: Առավել եւս, երբ ռուսական հրապարակումների առանցքային մտքերից մեկը հենց քաղաքական դաշտից է` «Հարված Հայաստանի վարչապետ Փաշինյանի «դրամապանակներին», որոնք Ռուսաստանից գումար են կլանում»: Ակնարկը, թերեւս, վերաբերում է նրան, որ Արսենյանն ու նրա ՔՊ-ական մարզպետ որդին գործում են նիկոլյան թեւում, բայց նաեւ իրենց «Ջերմուկ»-ի «ընդհանուր արտադրանքի մինչեւ 60%-ը» վաճառելով Ռուսաստանում:
Ու երբ հայաստանյան ընտրությունների շեմին 2024 թվականի փետրվարի դեպքը վերադառնում է օրակարգ, դա արդեն նման է ոչ թե «հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերի», այլ ռուսական ուղղությունից Արսենյանին հղված մեսիջի` կա´մ մտածել Նիկոլի մասին, կա´մ իրենց հիմնական արտադրանքի 60 տոկոսանոց շուկայի: Կարելի է հասկանալ, որ այստեղ Արսենյանն ընդամենը օրինակ է, եւ իրականում մեսիջն ուղղված է մյուս գործարարներին, ասենք նաեւ հանրությանը` Նիկոլ կամ ռուսական շուկա. ընտրությունը ձերն է: Իսկ այդ դեպքում, երբ Նիկոլը փորձում է հայաստանյան գործարարներին նախաճաշի ժամանակ անհամ «Թրամփի ուղիով» կերակրել, գալիս է հուշելու, որ այլ, ավելի «ախորժելի կերակրատեսակներ» նա արդեն չունի:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այն, որ Նիկոլը մի ամբողջ «եվրաքարոզչություն» է բերում Հայաստան, միգուցե դրա ծրագրման պահին կարող էր էֆեկտիվություն ունենալ: Բայց ասել, թե Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն այդ հարցում բան չեն փոխել, միամտություն կլիներ: Թե ուր է այս պահին հասել իրանական պատերազմը, դեռ կանդրադառնանք: Մինչ այդ, մեկ արդեն ակնհայտ փաստ ֆիքսենք. էներգակիրների այն գները, որոնք այս պահին հաստատվել են եւ չգիտես էլ` դեպի ուր կհասնեն, Եվրոպայի համար դարձավ լրջագույն ահազանգ: Այն կարգավիճակը, որում գտնվում էր Եվրոպայի էներգետիկայի հիմնական մատակարարման ուղին` Հորմուզի նեղուցը, այլեւս պատմություն է, ընդ որում, անկախ պատերազմի ելքից: Ու Եվրոպայում էլ լավ են հասկացել, թե այդ ուղղությունից կախվածությունն իր չար կատակ է իրենց գլխին խաղում: Հաջորդ խոշոր մատակարարն ԱՄՆ–ն էր, որը կարողացավ փոխարինել Ռուսաստանի եվրոպական շուկայում: Ու հիմա Եվրոպայում պարզ տեսնում են նաեւ, որ դա եւս ամեն պահ կարող է նույն չար կատակը խաղալ իրենց գլխին: Արդյունքում այն, որ եվրոպական տնտեսությունը սկսել է չափազանց համառ եւ հաճախակի խոսել ռուսական էներգետիկային վերադառնալու մասին, դա այս պահին տեսանելի փաստ է: Ընդ որում, անգամ Ուկրաինայում զիջումների գնով: Ու այդ նոր իրավիճակում ի՞նչ ռեալ աջակցություն կարող են ցուցաբերել Նիկոլին. սա վերջինիս համար պետք է որ առանցքային հարց դառնա:
