Որքանով է վտանգավոր գերմանիայում վերածնվող «չորրորդ ռեյխի» գաղափարը
ՄիջազգայինԻրանական պատերազմի շուրջ նկատվող ներկայիս բավականին տարօրինակ իրավիճակի ֆոնին, խորքային հարցեր առաջացնող զարգացումներ են նկատվում նաեւ Ռուսաստան–Եվրոպա հարթությունում: Միայն այն, որ Լավրովը Եվրոպայի մասին խոսում է այնպիսի ոչ դիվանագիտական լեզվով, ինչպիսին է` այնտեղ, ինչպես եւ Ուկրաինայում, ծաղկում է սատանայապաշտությունը, արդեն իսկ ակնարկ է լարվածության այն մակարդակի մասին, որն առկա է այս պահին:
Սակայն դիվանագիտական հայհոյախոսություններից զատ, իրավիճակը շատ ավելի առարկայական եւ վտանգավոր դրսեւորումներ էլ ունի: Փաստը, որ կոնկրետ երկրներ Ուկրաինայի համար անօդաչուներ (այդ թվում` ծովային) են արտադրում եւ մեծ ծավալներով, եւ դրանք Ռուսաստանին հարվածում են նույն եվրոպական երկրների տարածքի օգտագործմամբ, արդեն մտել է պաշտոնական հայտարարություն–մեղադրանքների դաշտ: Ընդ որում, էլ ավելի ծանր զարգացումներ կարող են առջեւում լինել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն սկսեց հետ քաշվել Ուկրաինայից, այս ուղղությամբ առաջին պլան է դուրս եկել Գերմանիան: Ավելին, Բեռլինն արդեն անթաքույց սկսել է խոսել միլիտարիզացիայի մասին, այդ թվում, որ ավտոարտադրության գործարաններն անցնում են զենքի արտադրության: Դրա գագաթնակետն էլ դարձավ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հաղորդումը երկրի համապարփակ ռազմական պաշտպանության հայեցակարգի մշակման մասին: Փաստաթուղթը ներառում է Գերմանիայի առաջին ռազմական ռազմավարությունը և զինված ուժերի զարգացման ծրագիրը՝ ուրվագծելով դրանց կառուցվածքն ու կազմը: Այստեղ նախ` Ռուսաստանը նշվում է որպես հիմնական սպառնալիք: Երկրորդ, Գերմանիան մեծացնում է իր բանակը:
Կարճ ասած, եթե դեռ Մերկելի ժամանակ Գերմանիան Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկերն էր Եվրոպայում, նրան փոխարինած Շոլցի ժամանակ, թեեւ սրացումներին, սակայն հրաժարվում էր Ուկրաինային ծանր զինատեսակներ տալ, ապա նոր գործող իշխանությունները, որոնք, ի դեպ, ինչպես քանիցս հիմնավորվել է, Երկրորդ աշխարհամարտի նացիստների ուղիղ սերունդներն են, արդեն անցնում է բաց միլիտարիզացիայի եւ թշնամության փուլի: Թե ինչ հովանավորությամբ եւ դրդումներով, դա հարցի մի կողմն է: Բայց փաստը մնում է փաստ` օրակարգում կա, ըստ էության, Չորրորդ ռեյխի տելականը, եւ այն արագորեն վերածվում է պրակտիկայի:
Այլ հարց, թե ներկա Գերմանիային կհաջողվի՞ կրկնել Հիտլերի երբեմնի հաջողությունը, որով նա կարողացավ Գերմանիան կարճ ժամանակում դարձնել աշխարհի լավագույն ռազմական ուժերից մեկը: Իհարկե, գերմանացիները, ինչպես պատմությունն է ապացուցել, լավ զինվորներ են, ունակ են փայլուն զինատեսակներ ստեղծել: Բայց մյուս կողմից, պայմանները, որոնք առկա էին անցած դարի 30–40–ականներին, հիմա շատ են փոխվել: Նախ, այն «մաքուր գերմանական տարրը», որի վրա հենվում էր Հիտլերը, հիմա չկա. բավական է նայել այն միգրացիոն ծավալներին, որն այսօր ունի Գերմանիան, որ դրանում համոզվես: Երկրորդը, այն ժամանակ Եվրոպան դեռ ուներ հումքային ծանրակշիռ բազա: Դա հիմա չկա, առավել եւս` էներգետիկ հատվածում: Ընդ որում, հերիք չէր ուկրաինական պատերազմի առաջացրած խնդիրները, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը փակում է դեպի Գերմանիա ղազախական նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով: Իսկ ղազախական նավթը, որը, ի դեպ, Գերմանիան ստանում է պայմանագրային, այլ ոչ թե ներկայիս շուկայական գներով, իր սպառման մոտ 20 տոկոսն է: Ընդ որում, դրան փոխարինելու տարբերակները քիչ են: Չնայած` մյուս կողմից էլ Ղազախստանն էլ իր հերթին է աճող խնդիրների մեջ Ռուսաստանի հետ, եւ սա դառնում է «մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու» պատմությունը:
Ամենագլխավորը, իհարկե, մնում է այն, որ Եվրոպայի հետ տեսական պատերազմի դեպքում դժվար թե առաջնայինը մնա սովորական սպառազինությունը: Գերմանիան մնում է ոչ միջուկային պետություն, եւ եթե անգամ կարողանա օգտվել Ֆրանսիայի եւ Բրիտանիայի միջուկային փոքր պաշարներից, դա փրկության տարբերակ չէ: Ստեղծելու համար միջուկային զենքի այնպիսի ծավալներ, որը Գերմանիային հնարավորություն կտա ներից ունենալ աշխարհում լավագույն բանակներից մեկը, երկար ժամանակ եւ հսկայական միջոցներ են պետք: Բայց անգամ այդ դեպքում հիտլերյան «բլից կրիգի» որեւէ տարբերակ չկա. Բեռլինը Կալինինգրադից «Իսկանդերների» հարվածի հեռավորության վրա է:
Կարճ ասած, թեեւ Եվրոպան եւ Գերմանիան ակտիվորեն խոսում են եվրոպական ՆԱՏՕ–ի, սեփական անվտանգությունն իրենց ձեռքով ամրապնդելու եւ նման բաների մասին, սակայն դրանք գոնե ներկա պահին սովորական հռետորաբանության դաշտում են մնում: Ընդ որում, ավելի շատ նմանվելով ոչ թե նույնիսկ Մոսկվային, այլ` Վաշինգտոնին ուղղված կծոցների, թե` չենք վախենում, որ մեզանից կհրաժարվես: Թեեւ մյուս կողմից էլ ռեսուրսներից զրկված Եվրոպայի համար «ջրի երեսին» մնալու միակ տարբերակը շարունակում է մնալ ռուսական ռեսուրսները խլելու գաղափարը: Ու դա արդեն իսկ իր մշտական վտանգը պահպանում է:
