Սիրիայում շրջանառության մեջ է դրվել նախագահ Ասադի նկարով թղթադրամ
Արխիվ 16-20Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին անգամ հայտնվել է սիրիական թղթադրամի վրա`նրա նկարը պատկերվել է նոր 2000 ֆունտ արժողությամբ թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել կիրակի, գրում է է Reuters-ը:
Սիրիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Դուրաիդ Դուրգամը նշել է, որ 2000 ֆունտ արժողությամբ թղթադրամը մեկն է նոր շրջանառության մեջ դրված մի քանի թղթադրամներից, որոնք տպագրվել են մի քանի տարի առաջ: Դրանք շրջանառության մեջ դնելու որոշումը հետաձգվում էր պատերազմական իրավիճակի և փոխարժեքի տատանումների պատճառով, իսկ այժմ արդեն ճիշտ ժամանակն էր:
Նոր թղթադրամի արժեքը հավասար է 4 դոլարի՝ ներկայիս փոխարժեքով: Սիրիական դրամական միավորն արժեզրկվել է 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմից հետո: 2010-ին մեկ դոլարը համարժեք է եղել 47 սիրիական ֆունտի, իսկ ներկայում` 500 ֆունտի:
Սիրիայում մինչև այս ամենամեծ արժեքով թղթադրամը 1000 ֆունտն էր, որի վրա պատկերված էր Սիրիայի նախորդ նախագահը՝ Բաշար ալ-Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը: Այդ թղթադրամը դեռ շրջանառության մեջ է:
