Գյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
—Թերեւս ամենաընդդիմադիր քաղաքում օրեր առաջ Մակրոնն ու Փաշինյանը հավաքել էին հոծ բազմություն: Ի՞նչ կասեք այս մասին:
— Տեսեք, նախկինում շատ էին փորձում Գյումրիին վերագրել Նիկոլին բերելու հարցը, քանի որ այդ չարքիը Գյումրիից էր գլորվելով հասել Երեւան, բայց Գյումրին միշտ էլ իրապես եղել է ավելի սառը դատող, մտածող եւ ճիշտ գնահատող: Սկսած 2019 թվականից՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում միշտ էլ խնդիրներ ունեցել է: Հիշենք այն հայտնի տեսանյութը երբ գյումրեցի մի հասարակ կին՝ Մարիամը, գուշակի տեսքով մոտեցավ նրան ու Փաշինյանին ստախոս անվանելով՝ ասաց. «Ողջ ազգին խաբել ես»:
Գյումրեցիների մեծ մասը դա հասկանում է, իսկ Գյումրիի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել: Երեւանից, տարբեր մարզերից, բոլոր նախարարներն իրենց աշխատակազմով հանդերձ, ոստիկանության հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք հագնվել էին քաղաքացիական համազգետեր, Գյումրիում էին: Ավելին, ինձ ասացին, որպեսզի ոստիկաններն այդքան ցայտուն չերեւային, ոստիկանության գվարդիայի աշխատակիցներն ի տարբերություն նախորդ անգամների, ոչ թե ավտոբուսներով էին եկել, այլ իրենց մեքենաներով ու մեքենաները կայանել էին բոլորովին այլ՝ հեռու վայրում՝ Գյումրու Անի թաղամասում, ու ոտքով իջել էին հրապարակ:
Եվ ես այդքան էլ համաձայն չեմ, որ բազմամարդ է եղել հրապարակը, քանի որ հաշվի առնելով Գյումրու Վարդանանց հրապարակն ավելի փոքր է, քան 4 հեկտար տարածքը: Այսինքն՝ այն կրկնակի փոքր է Երեւանի Ազատության հրապարակից: Նաեւ հաշվի առնենք, որ այդ տարածքում կան մեծ շատրվաններ, որը կրկին կրճատում էր մարդկանց քանակը: Այնպես որ, տարածքն ամբողջովին լցված չէր: Մաքսիմում մի 4000 մարդ լիներ, որից հաստատ մի 3000-ը տարբեր պաշտոնյաներ, ոստիկաններ, թիկնապահներ եւ այլ քաղաքներից ժամանածներն էին: Արդյունքում իրական գյումրեցիներ այնտեղ շատ քիչ են եղել, ինչպես Փաշինյանի այս տարվա բոլոր «գաստրոլների» ժամանակ:
— Հրավիրել գերաստղերի եւ հավաքված մարդկանց քանակի ֆոնին փիառվել, նախընտրական մարտավարությո՞ւն պետք է դիտարկել:
— Գուցե եւ փիառ է կամ նրա մի տեսակ ո՛չ նորմալ, ո՛չ մարդկային համառությունը, որ նա անդադար այս մեկ ամիս է, ինչ ցանկանում է Գյումրու հրապարակում մարդ հավաքել ու այդպես էլ չի ստացվում, հիմա էլ փորձեց նման կերպ:
Կարող ենք հանգիստ փաստել, որ այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի ընդունում Փաշինյանին: Այ հենց դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն այսօր դռնեդուռ ընկած ամեն հնարավոր եւ անհնար տարբերակները կիրառում է, որպեսզի ցույց տա, որ ինքը դեռեւս ունի որոշակի հեղինակություն, համակրանք: Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք պետական լծակների, իրավական համակարգի աշխատանքը՝ վատ իմաստով: Այսինքն, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ նա իսկապես ապրում է իր քաղաքական մայրամուտը: Իհարկե, կարող է այդ մայրամուտը մի քիչ երկարել, քան այս տարվա խորհրդարանական ընտրությունները, բայց կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտրությունները Փաշինյանի կյանքի վերջին ընտրություններն են:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ