Ժողովուրդներին հնարավոր է ժամանակավորապես զրկել հողից, բայց վտանգավոր է նրանց զրկել հիշողությունից. Արցախցի փաստաբանի պատասխանը Փաշինյանին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը Կոռնիձորում անդրադառնալով տարածքներ զըջելուն մասնավորապես ասել. «Ես ուզում եմ հստակ ասել՝ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որ մեզ հավատացրել ենք, թե մեր տարածքներն են, մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելիության ու սեփականության իրավունքը թուլանա»։
Ապա հավատացրեց, թե Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարավաղի հանար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն.«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- ասաց Փաշինյանը։
Արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը անդրադառնալով վերը նշվածին նախ նկատում է.
- Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում, մասնավորապես Կոռնիձորում հնչեցրած հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական, այլև պատմափիլիսոփայական և բարոյահոգեբանական հարթություններում։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ դրանք արվել են քարոզարշավի ընթացքում, երբ յուրաքանչյուր խոսք ունի ոչ միայն գաղափարական, այլ նաև ընտրական նպատակադրում
Նախ՝ երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև դրանք մեզ չեն պատկանել», այդ ձևակերպումը պարզապես իրավական կամ քարտեզագրական դատողություն չէ։ Դա պատմական հիշողության վերաիմաստավորման փորձ է։ Որևէ ժողովուրդ միայն քարտեզով չի ապրում։ Ժողովուրդները ապրում են նաև հիշողությամբ, զոհողությամբ, մշակույթով, գերեզմաններով, եկեղեցիներով, լեզվով և պատմական ներկայությամբ։ Արցախը հայ ժողովրդի համար երբեք միայն վարչական միավոր չի եղել։ Այն եղել է ինքնության, դիմադրության և պատմական գոյության մի հատված։ Եթե որևէ տարածք հազարամյակներով կրել է քո մշակույթը, եթե այնտեղ ապրել են քո նախնիները, եթե այնտեղ հողի մեջ քո ժողովրդի արյունն է, եթե քո ժողովրդի ազատագրական միտքը ծագել է այդ հողում, ապա նույնիսկ միջազգային իրավունքի բարդությունների պայմաններում այդ տարածքի նկատմամբ հոգևոր և պատմական պատկանելիության զգացումը չի կարող ներկայացվել որպես «խաբեություն»։ Ժողովուրդներին հնարավոր է ժամանակավորապես զրկել հողից, բայց վտանգավոր է նրանց զրկել հիշողությունից։
Երկրորդ՝ Ղարաբաղյան շարժումը «ճակատագրական սխալ» որակելը, իմ համոզմամբ, անարդար վերաբերմունք է ոչ միայն պատմության, այլ նաև այն սերունդների նկատմամբ, որոնք այդ շարժման մեջ տեսել էին ազատ ապրելու և ֆիզիկական բնաջնջումից փրկվելու հնարավորություն։ Ղարաբաղյան շարժումը ծնվել է ոչ թե կայսերական հավակնությունից, այլ ինքնորոշման և անվտանգության ու գոյաբանական սկզբունքներից։ Այն ծնվել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ողբերգությունների միջավայրում, երբ հայ մարդը տեսավ, որ միայն լռությունը խաղաղություն չի ապահովում։
Փաստաբանի դիտարկմամբ.
- Այլ հարց է, որ հետագայում քաղաքական դասը կարող էր թույլ տալ սխալներ, աշխարհաքաղաքական հաշվարկների մեջ թերանալ, չկառուցել բավարար չափով հզոր պետություն, չձևավորել ժամանակակից դիվանագիտություն կամ չպահպանել ազգային համերաշխությունը։ Սակայն պատմական շարժման գաղափարական հիմքը ներկայացնել որպես «խաբեություն»՝ նշանակում է անտեսել ժողովրդի ապրած իրական վախերն ու զոհաբերությունները։
Երրորդ՝ երբ վարչապետը խոսում է, թե Հայաստանը մեծ միջոցներ է տրամադրել Արցախին, և դժգոհողներին անվանում «ուտող-ուրացող» կամ «երախտամոռ», այդ խոսույթը վտանգավոր բաժանարար գիծ է ստեղծում հայ ժողովրդի ներսում։ Արցախը երբեք օտար տարածք չի ընկալվել հայ հասարակության զգալի մասի համար, որպեսզի Հայաստանի աջակցությունը դիտարկվեր որպես «բարեգործություն»։ Դա ընկալվել է որպես ազգային միասնական պատասխանատվություն։
Պետության կողմից սեփական ժողովրդի մի հատվածին օգնելը ողորմություն չէ, այլ պարտականություն։ Իսկ հազարավոր արցախցիներ իրենց հերթին արյունով, կյանքով և պայքարով են պաշտպանել նաև Հայաստանի անվտանգությունը։ Հետևաբար այս հարցում բարոյական հաշվեկշիռ կազմելը և մարդկանց երախտամոռության մեջ մեղադրելը խորացնում է ներազգային ճեղքերը։
Քաղաքական առումով այս հայտարարությունները պետք է դիտարկել նաև նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ։ Քարոզարշավների ընթացքում իշխանությունները հաճախ փորձում են ոչ միայն արդարացնել անցյալը, այլև վերաձևակերպել հասարակական հիշողությունը, որպեսզի նվազեցնեն քաղաքական պատասխանատվության ծանրությունը։ Երբ ասվում է՝ «չենք կորցրել, որովհետև մերը չէր», իրականում փորձ է արվում փոխել հանրային ընկալումը կորստի վերաբերյալ։ Սա քաղաքական տեխնոլոգիայի հայտնի մեթոդ է՝ փոխել ոչ թե իրադարձությունը, այլ դրա ընկալման լեզուն։ Սակայն պատմությունը միայն իշխանությունների լեզվով չի գրվում։ Այն գրվում է նաև ժողովրդի հիշողությամբ, զոհվածների անուններով, տեղահանվածների ցավով և ազգային արժանապատվության զգացումով։
Փիլիսոփայական առումով այստեղ առաջանում է առավել խոր հարց․ արդյո՞ք ազգը կարող է ապրել, եթե նրան համոզեն, որ իր պատմական պայքարները սխալ էին, իր զոհողությունները՝ անիմաստ, իսկ իր հիշողությունը՝ խաբեություն։ Ժողովուրդը, որը կորցնում է սեփական պատմության նկատմամբ հարգանքը, աստիճանաբար կորցնում է նաև ապագայի նկատմամբ հավատը։
Միևնույն ժամանակ, պետք է ընդունել նաև մեկ կարևոր ճշմարտություն․ որևէ ազգ չի կարող գոյատևել միայն անցյալի ցավով։ Հայաստանը պարտավոր է կառուցել ուժեղ, իրավական, տեխնոլոգիական և ինքնաբավ պետություն։ Սակայն ուժեղ պետություն կառուցելը չի պահանջում սեփական պատմությունը նվաստացնել։ Ճշմարիտ խաղաղությունը չի կառուցվում ազգային հիշողության ժխտման վրա։ Այն կառուցվում է ուժի, արժանապատվության, ինքնաճանաչման և սթափ քաղաքական հաշվարկի համադրությամբ։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե հասարակությանը բաժանել «ճիշտ» և «մոլորված» հայերի, այլ հասկանալ, թե ինչու հայ ժողովուրդը հասավ այս ողբերգական հանգրվանին, և ինչպիսի պետություն պետք է կառուցվի, որպեսզի այլևս երբեք որևէ հայ չզգա իրեն լքված իր հայրենի հողում։