Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»
ՄշակութայինԴերասան Ռաֆայել Երանոսյանի մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի մարզի Լեռնուղի գյուղում կազմակերպված քարոզարշավին, հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է իշխանությանը հարող հանրային դեմքերի մի հատված փորձում միաժամանակ ե՛ւ քաղաքական աջակցություն ցուցաբերել, ե՛ւ խուսափել դրա համար պատասխանատվություն կրելուց։
Երանոսյանը քարոզարշավին ոչ միայն մասնակցել է, այլեւ քայլել է առաջին շարքերում, շփվել բնակիչների հետ, լուսանկարվել եւ ուղեկցել իշխանական ներկայացուցիչներին։ Սակայն հանրային դժգոհությունից հետո դերասանը փորձել է ներկայացնել իրավիճակն այնպես, իբրեւ ինքը պարզապես «գնացել էր լսելու»։
«Իմ գյուղն է, ով եկավ՝ կմասնակցեմ, կլսեմ»,- ասել է նա՝ հավելելով, թե մարզպետն ու նախարարը իր ընկերներն են, եւ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում այդ ամենի մեջ։
Բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը․երբ հանրային դեմքը մասնակցում է իշխող ուժի քարոզչական միջոցառմանը, քայլում է բուկլետներով ու պաշտոնյաների կողքին, արդյոք դա քաղաքական դիրքորոշում չէ։ Եվ եթե՝ այո, ապա ինչո՞ւ է այդ դիրքորոշումն այդքան զգուշավոր ձեւակերպվում։
Հասարակության մի զգալի հատվածի համար սա արդեն վաղուց միայն «գյուղում հյուր ընդունելու» պատմություն չէ։ Խոսքը իշխանության մասին է, որի կառավարման տարիները ասոցացվում են 44-օրյա պատերազմով, Արցախի հայաթափմամբ, զոհերով, կորուստներով ու խորացող անվստահությամբ։ Այդ ֆոնին ցանկացած հայտնի անձի աջակցություն իշխանությանը հասարակության մի մասի կողմից ընկալվում է ոչ թե որպես անձնական ընտրություն, այլ որպես քաղաքական ու բարոյական դիրքավորում։
Երանոսյանի խոսքում հատկապես նկատելի էր փորձը՝ մնալ «մեջտեղում»․«լավին՝ լավ, վատին՝ վատ» ձեւակերպումը քաղաքականապես հարմարավետ դիրք է, բայց հանրային ընկալման տեսանկյունից այն հաճախ դիտվում է որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Հանրությունը սովորաբար շատ ավելի հստակություն է ակնկալում հատկապես այն մարդկանցից, որոնք ազդեցություն ունեն լսարանի վրա։
Սոցիալական ցանցերում արձագանքը բավական կոշտ էր։ Շատերը հիշեցրին դերասանի նախկին գրառումները Արցախի շրջափակման եւ մարդկային ողբերգությունների մասին՝ հարց բարձրացնելով, թե ինչպես կարելի է այսօր կանգնել նույն իշխանության կողքին, որի քաղաքականության հետեւանքները ժամանակին ինքը եւս ողբերգական էր անվանել։
Քննադատների մի մասն էլ ընդգծում է, որ խնդիրը ոչ թե այն է, որ արվեստագետը քաղաքական հայացք ունի, այլ այն, որ նա փորձում է իր ակնհայտ քաղաքական մասնակցությունը ներկայացնել որպես «պարզ մարդկային շփում»։ Ըստ նրանց՝ ավելի ազնիվ կլիներ բաց տեքստով հայտարարել աջակցությունը, քան ստեղծել տպավորություն, թե ամեն ինչ պատահական գյուղական հանդիպում էր։
Ի վերջո, հանրային դեմքերը Հայաստանում վաղուց միայն արվեստով կամ հումորով չեն ընկալվում։ Յուրաքանչյուր քայլ, հատկապես քաղաքական ուժի կողքին կատարված, դառնում է հասարակական քննարկման թեմա։ Իսկ այն ժամանակներում, երբ հասարակությունը դեռ ապրում է պատերազմի ու կորուստների հետեւանքներով, «չեզոք» երեւալու փորձերը հաճախ ավելի մեծ դժգոհություն են առաջացնում, քան բացահայտ քաղաքական դիրքորոշումը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
