Առուշի «գոլդ» զրոյական կետը
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական կյանքում ամենավտանգավոր երեւույթներից մեկը վաղուց արդեն գաղափարական դավաճանությունը չէ։ Դրան հասարակությունը նույնիսկ սովորել է։ Ավելի վտանգավոր է քաղաքական պատեհապաշտությունը, երբ մարդիկ «ընդդիմադիր» են այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է, իսկ հետո նույն եռանդով սկսում են ծափահարել այն իշխանությանը, որին երեկ անվանում էին դավաճան։
Այս քաղաքական դպրոցի ամենավառ օրինակներից այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։
Մի ժամանակ Սյունիքում կար մի անուն, որ ասոցացվում էր ուժի, վախի, ազդեցության եւ իշխանության հետ՝ Սուրիկ Խաչատրյան՝ Լիսկա։ Այդ համակարգը կառուցված էր ոչ թե գաղափարի, այլ անձնական ազդեցության, շահի ու իշխանության հետ լեզու գտնելու վրա։ Այսօր նույն ճանապարհով կարծես փորձում է քայլել Առուշ Առուշանյանը՝ դառնալով նոր սերնդի «Լիսկա»։
Երբ քաղաքական քամին փչում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, Առուշը «Հայաստան» դաշինքի ամենաթունդ դեմքերից էր։ Բանտ, հետապնդում, ընդդիմադիր հայտարարություններ, կոշտ խոսքեր Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ այս ամենը նրան դարձրեց ընդդիմադիր ընտրազանգվածի «հերոսներից» մեկը: Մարդիկ հավատացին, որ Գորիսի քաղաքապետը ոչ միայն անձնական խնդիր ունի իշխանության հետ, այլ իրական քաղաքական դիրքորոշում:
Բայց հետո եղավ այն, ինչ Հայաստանում վաղուց արդեն դասական սցենար է դարձել: Քոչարյանի քաղաքական ալիքը նստեց, փողոցները դատարկվեցին, «դիմադրությունը» մարեց, ու կամաց-կամաց սկսվեց վերադասավորումը: Եվ ահա երեկվա «հականիկոլական» Առուշը այսօր արդեն ՔՊ-ի քարոզարշավին է մասնակցում, ծուռ վզով ծափահարում Նիկոլ Փաշինյանին ու խոսում ասֆալտից, սուբվենցիոն ծրագրերից ու «գոլդ» համարներից։
ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ ՉԷ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Քաղաքական էլիտան Հայաստանում վաղուց այլեւս չի առաջնորդվում ազգային կամ պետական շահերով։ Նրանց շարժիչ ուժը պահի հարմարավետությունն է։ Որտեղ ուժ կա՝ այնտեղ են։ Որտեղ իշխանություն կա՝ այնտեղ են։ Որտեղ ռեսուրս կա՝ այնտեղ են։
Առուշի հայտնի հարցազրույցներից մեկը դրա դասական օրինակն էր: Մինչ երկիրը դեռ ապրում է Արցախի կորստի, 120 հազար արցախցիների բռնի տեղահանության, ազգային նվաստացման ծանր հետեւանքների մեջ, Գորիսի քաղաքապետը լրագրողներին հանգիստ բացատրում էր, որ «գոլդ» համարանիշ ունենալը նորմալ բան է, որովհետեւ «միշտ լավ մեքենաներ է ունեցել»։
Խնդիրը նույնիսկ համարանիշը չէ, հոգեբանությունն է։ Երկրում, որտեղ մարդիկ դեռ անհետ կորածների դիակներն են փնտրում, քաղաքական գործիչը հանրությանը բացատրում է, որ իր ընտանիքը վաղուց է շքեղ համարներ սիրում: Սա արդեն ոչ թե ճաշակի, այլ քաղաքական ցինիզմի հարց է։
Առավել ցավալին այն չէ, որ Առուշը փոխվեց։ Հայաստանում շատերն են փոխվել։ Ավելի վտանգավորն այն է, որ հերթական անգամ հիասթափվեց այն հատվածը, որը դեռ հավատում էր, որ հնարավոր է ընդդիմադիր քաղաքականություն` առանց առեւտրի։
Մարդիկ, որոնք գնում էին Առուշ Առուշանյանի դատերին, հավատում էին, որ նա քաղաքական հետապնդման զոհ է, որովհետեւ պայքարում է իշխանության դեմ։ Նրանք լսում էին Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանող ելույթները, տեսնում էին ընդդիմադիր կեցվածքը, հավատում էին այդ պայքարին։ Իսկ այսօր նույն մարդիկ տեսնում են, թե ինչպես է իրենց «ընդդիմադիր հերոսը» խոնարհված կանգնած իշխանության կողքին։
ՍԱ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Եվ հետո զարմանում ենք, թե ինչու են մարդիկ ասում՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Որովհետեւ Հայաստանում քաղաքականությունը շատերի համար վաղուց վերածվել է անձնական հարցեր լուծելու բիզնեսի։ Մարդկանց հավաքում են հուզական կարգախոսներով, օգտագործում որպես քաղաքական ռեսուրս, հետո նույն մարդկանց թողնում հիասթափության մեջ։
Առուշ Առուշանյանը գուցե իր համար ունի այս ամենի «ծանր փաստարկները»։ Գուցե իշխանության հետ պայմանավորվելը Գորիսի համար «պրագմատիկ քայլ» է համարում։ Բայց ընդդիմադիր առաջնորդի հայտ ներկայացրած մարդը իրավունք չուներ մարդկանց հավատը վերածել քաղաքական մանրադրամի։
Այս պատմության մեջ կա նաեւ ավելի խորքային վտանգ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ շատ լավ հասկացել է մեկ բան՝ ընդդիմադիր դաշտը կարելի է ոչնչացնել ոչ միայն ճնշումներով, այլ նաեւ հիասթափությամբ։ Պետք է ստեղծել «հերոսներ», հետո կոտրել կամ ինտեգրել նրանց, որպեսզի հասարակությունը վերջնականապես կորցնի հավատը ցանկացած դիմադրության հանդեպ։
Այսօր հենց դա էլ տեղի է ունենում։ Երբեմնի «թունդ ընդդիմադիր» Առուշ Առուշանյանը հիմա իշխանության կողքին է։ Իսկ մարդիկ, որոնք երեկ հավատում էին նրան, վաղը պարզապես կասեն՝ «բոլորն էլ նույնն են»։ Եվ սա է Հայաստանի քաղաքական իրական ողբերգությունը։ Ոչ թե այն, որ հերթական ընդդիմադիրն իշխանության հետ լեզու գտավ, այլ այն, որ հերթական անգամ սպանվեց մարդկանց հավատը:
Բայց Հայաստանի քաղաքական ողբերգությունը միայն այն չէ, երբ երեկվա «ընդդիմադիր հերոսները» վաղը հայտնվում են իշխանության կողքին: Մարդկանց հավատը նույնքան արագ սպանում են նաեւ ընտրախախտումները, վարչական ռեսուրսի կիրառումը եւ քաղաքական երկակի ստանդարտները՝ անկախ նրանից, թե դրանք գալիս են իշխանությունից, թե ընդդիմությունից։
Երբ «Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ դպրոցականներին դասերից հանում են քաղաքական միջոցառումների մասնակցելու համար, երբ ուսուցիչներն ու տնօրենները վերածվում են քարոզչական համակարգողների, երբ պետական եւ համայնքային ռեսուրսը խառնվում է կուսակցական շահին՝ հասարակությունը հերթական անգամ համոզվում է, որ քաղաքական ուժերի համար մարդը հաճախ պարզապես ընտրական գործիք է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
