ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ԻՆՉ Է ՀԻՄԱ ՍՊԱՍԵԼԻ
ՄիջազգայինԱյսպիսով, հայաստանյան ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվեց վերարտադրվել: Իհարկե, ավելի վատ պայմաններով, քան մինչ այդ ուներ, իհարկե, 50 տոկոսից պակաս քվեներով: Բայց դա փաստը չի փոխում` ՔՊ–ն կարող է ձեւավորել նոր կառավարություն: Թե ինչով էր պայմանավորված հայաստանյան ընդդիմության այս ձախողումը, քննարկման առանձին թեմա է: Ինչպես նաեւ, թե ինչ քայլերի է հիմա պատրաստվում դիմել: Բայց նաեւ հաշվի առնելով, որ որոշակի դիրքային բարելավում, այնուամենայնիվ, ընդդիմության մոտ կա:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սակայն հայաստանյան այս ընտրությունների առանցքն այն չէր, թե կոնկրետ որ ուժը կգա իշխանության կամ կկորցնի: Փաստն այն է, որ այս ընտրություններն առաջնային կարգով իրենց հիմքում ունեին արտաքին գործոն, որն ընտրարշավի ժամանակ եւս ամենացայտուն կերպով արտահայտվեց: Նախ` եվրոպական մասշտաբային պատվիրակության հայաստանյան այցի միջոցով, ապա` ԱՄՆ պետքարտուղարի կարճ, բայց ստորագրված միանգամայն լուրջ փաստաթղթերի: Վերջապես, այն ճնշումների տեսքով, որոնք եկան Ռուսաստանից եւ նախընտրական վերջին փուլում հասան առավելագույնի: Բնականաբար, այս բոլոր գործոններն էլ ունեցան իրենց ռեալ ազդեցությունն ընտրությունների վերջնական ձեւավորված պատկերի վրա: Ու հիմա խնդիրն արդեն այս հարթությունում է. իսկ ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, ո՞ւր է գնալու մեր երկիրը` հիշատակված բոլոր նրբերանգները հաշվի առնելով:
Այն, որ դեռ հազիվ ընտրությունների արդյունքներն ի հայտ եկած, Փաշինյանն արդեն իսկ սկսեց խոսել «Թրամփի ուղու», Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի», թուրքական ուղղության եւ նման բաների մասին, հուշում է, որ արդեն նորացված իշխանությունները շարունակելու են հայտնի կուրսը: Մյուս կողմից, Փաշինյանին շտապեցին շնորհավորանքներ հղել Եվրոպայից, որը նշանակում է, որ առնվազն եվրոպական ուղղությամբ եւս կուրսի էական փոփոխություն չի ենթադրում: Բայց այստեղ որոշ նրբերանգներ եւս պետք է աչքաթող չանել: Փաստն այն է, որ ընտրությունների արդյունքներից մեկն էլ այն էր, որ գործնականում բոլոր ընդգծված արեւմտամետ ուժերը, որոնք նաեւ բացահայտ քարոզում էին Ռուսաստանի հետ հակամարտության գնալ, լիովին ձախողվեցին: Ցայտուն օրինակներից է Արամ Սարգսյանի «Հանրապետության» դինամիկան, որը 2021թ. ընտրությունների մոտ 3 տոկոսանոց արդյունքի դիմաց հիմա ունի մոտ 1 տոկոս: Իսկ 2023թ.–ի երեւանյան ընտրություններում ստացել էր 26 հազար քվե` ներկայիս հանրապետական մասշտաբից մոտ 11 հազարով ավել: Մյուս արեւմտամետների մոտ վիճակն ավելի վատ է. այնտեղ արդեն զրոյական ցուցանիշներ են: Սա մեկ բան է նշանակում. արեւմտյան վեկտորը, ամեն դեպքում, Հայաստանում չունի շատ խորքային հիմքեր, եւ այն, որ Նիկոլն էն գլխից էր հնարավորինս խուսափում դեպի ԵԱՏՄ կամ ԵՄ թեմայով հանրաքվեից, արդեն այդ մասին ակնարկում էր:
Մի խոսքով, այս նոր իրավիճակում դեպի ո՞ւր է գնալու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմնական ինտրիգը, թերեւս, հենց այստեղ է լինելու: Մի կողմից, հայաստանյան հասարակության մոտ այդպես էլ չի ստեղծվում այն խորը արեւմտյան վեկտորը, որը քիչ թե շատ ստեղծվեց, ասենք, Ուկրաինայում կամ Մոլդովայում: Մյուս կողմից, իհարկե, թեեւ գեղեցիկ հայտարարություններին, թե Եվրոպան մեզ 50 միլիոն է տալիս, 10 հազար ծաղիկ ենք ուղարկել մերձբալթյան գոտի եւ պատրաստվում ենք ելակ–լոլիկ վաճառել Եվրոպային, Նիկոլի համար դժվար թե ելք դառնան: Իրողությունը սա է. ռուսական շուկան, ինչ էլ անես, Հայաստանի համար մնում է անփոխարինելի, եւ այդ շուկայից զրկվելը ֆինանսական իմաստով լրջագույն մարտահրավեր է դառնալու հայաստանյան գործող իշխանությունների համար: Նրանց հաջողվեց ընտրություններից անցնել: Սակայն տնտեսական կարեւորագույն ուղղության հետ կապված խնդիրները խոստանում են աճող եւ միանգամայն սուր լարումները ստեղծել երկրի ներսում, երբ ռուսական շուկան կորցնող բիզնեսը ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով սեփական մաշկի վրա սկսի զգալ այդ կորուստի հետեւանքները: Սակայն ամեն բան դրանով չի սահմանափակվում. վիճակը շատ ավելի սուր կարող է դառնալ, եթե բացի Ռուսաստան արտահանումից, տեսանելի եւ շոշափելի խնդիրներ առաջանան նաեւ Ռուսաստանից եկող մի շարք կարեւորագույն հումքատեսակների մասով` գազ, բենզին–դիզվառելիք, ցորեն եւ այլն: Ընդ որում, այս երկու կոմպոնենտների գումարումը մարսել դժվար է լինելու, նաեւ երբ հաշվի ենք առնում, որ Փաշինյանի մոտ կա դիրքային նկատելի թուլացում, այդ թվում` սահմանադրական շատ կարեւոր մեծամասնության կորստի տեսքով: Եվ այս հարցով բան չի փոխվի, ինչքան էլ որ նա հայտարարի, թե մեզ ԵԱՏՄ–ից հեռացնել չեն կարող:
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Այս տեսանկյունից, իհարկե, պատահական չէին ո՛չ ընտրություններից առաջ Նիկոլի հայտարարությունները, թե վերարտադրվելուց հետո, ինչպես Պուտինի հետ պայմանավորվել է, կգնա Մոսկվա` առկա խնդիրները լուծելու: Ո՛չ էլ նրա հայտարարությունն ընտրվելուց հետո, թե` ԵԱՏՄ-ում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում:
Սրանք, հասկանալի է, մեսիջներ են ուղղված Մոսկվային, թե նախընտրական հռետորաբանությանը շատ լուրջ ուշադրություն պետք չէ դարձնել, եւ ընտրություններից հետո ամեն ինչ վերադառնալու է աշխատանքային կուրսի: Այլ հարց է, թե Մոսկվայում ինչպե՞ս են վերաբերվելու այդ ամենին: Իհարկե` ասել, թե Ռուսաստանում որեւէ հավատ ունեն նիկոլյան այդ խոստումների նկատմամբ, միամտություն կլիներ: Սակայն Մոսկվայի համար եւս ներկա փուլն այնքան էլ հարմար չէ նիկոլյան Հայաստանի հետ մինչեւ վերջ հարաբերությունները սրելը: Նախ, նման ծայրահեղությունների գնալու փորձ Մոսկվան արդեն ունի. այդ կարգի կուրսի արդյունքում էր, որ նույն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ հարաբերությունները հասան ներկայիս ծայրահեղ բարդ մակարդակին: Ավելի մեղմ, բայց ակնհայտորեն Մոսկվային ոչ ձեռնտու իրավիճակ է նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններում: Այստեղ, իհարկե, փորձում են ջերմ հարաբերությունների պատկեր ի ցույց դնել, բայց որ խորքերում շատ բան է եռում, նաեւ Կենտրոնական Ասիայում հետեւողականորեն աճում են ռուսաֆոբական տրամադրությունները, սրանք եւս փաստեր են:
Հարավկովկասյան տիրույթում եւս պատկերը նույնն է: Վրաստանի հետ հարաբերություններում թեեւ Մոսկվան ունի որոշակի դրական դինամիկա, սակայն անգամ այն իրավիճակում, երբ Թբիլիսին շատ կոնկրետ բախումների մեջ մտավ Եվրոպայի հետ, էլի չի շտապում Ռուսաստանի հետ հարաբերություններում գնալ կտրուկ բարելավումների: Նույն պատկերն է նաեւ Ադրբեջանում: Այսինքն, թեեւ ռուս–ադրբեջանական հարաբերություններում անցած տարվա ծանր ճգնաժամի փուլը մի կերպ հաղթահարվեց, ավելին` Հայաստանին սպառնալով, Մոսկվան ակնարկում է հայկական ապրանքներն ադրբեջանականով փոխարինելու մասին, բայց այն, որ Բաքուն պատրաստ է ցանկացած պահի գնալ սուր հակամարտության, հասկանում են բոլորը:
Այս տեսանկյունից, երբ ԱՊՀ տիրույթում խնդիրների պակաս չկա, դժվար է պատկերացնել, թե Մոսկվան կոնկրետ ինչ է ստանում, եթե գնում է Հայաստանի հետ եւս հարաբերությունները մինչեւ վերջ կոշտացնելու ուղղությամբ: Օրինակ` եթե ասենք գազը որոշեն թանկացնել, արդյունքում ընդամենը տուժելու են Հայաստանի շարքային քաղաքացիները, բայց ասել, թե դա կստիպի Նիկոլին` փոխել քաղաքական կուրսը, քիչ հավանական է: Ընդ որում, դա կարող է մի բան էլ ավելացնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում: Այսինքն, եթե Հայաստանում եւս Մոսկվան որոշի առաջ գնալ ստանդարտ քաղաքական կուրսով, որն ակնհայտորեն չաշխատեց ողջ ԱՊՀ տիրույթում, ապա կարող են ընդամենը նույն արդյունքը ստանալ: Հենց մոսկովյան ազգայնական ուղղվածության փորձագիտական աղբյուրն է տալիս նման գնահատում. «Ի՞նչ են ցույց տալիս Հայաստանի ընտրությունները։ Նախևառաջ, արդյունքների հասնելը պահանջում է համակարգված և կայուն ջանքեր։ Մինչդեռ Մոսկվան սովորություն է ձեռք բերել միջամտել միայն արտակարգ իրավիճակների և ընտրությունների ժամանակ։ Մնացած ժամանակ տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքների վրա ծախսեր անելը համարվում է ռեսուրսների վատնում։ Եվ այս աշխատանքը կազմակերպելու ունակ գործող անձանց թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Մոսկվան ապրել և շարունակում է ապրել հետխորհրդային տարածքի վերաբերյալ պատրանքներով: Ընտրությունների ժամանակ մրգերի և բանջարեղենի մեջ միջատներ փնտրելու փոխարեն ավելի արդյունավետ կլիներ աշխատել տեղական լրատվամիջոցների հետ, մշակել կարծիքի առաջնորդներ և այլն։ Սրանք բանալ բաներ են։ Այնպիսի տնային առաջադրանքներ, որոնք հաջողությամբ կատարվում են Արևմուտքում, բայց մերժվում են այստեղ...»:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ, որ ուկրաինական պատերազմը, ամեն դեպքում, իր վրա է կենտրոնացրել ռուսական հիմնական ռեսուրսները, սկսած ռազմա–ֆինանսականից, վերջացրած քաղաքականով: Դա եւս հուշում է, որ այս փուլում նաեւ Հայաստանի հետ հավելյալ լարվածության օջախ ստանալը Մոսկվայի համար կարող է, մեղմ ասած, լիովին անցանկալի լինել:
Առավել եւս, երբ Նիկոլը խոսում է «գամ` պայմանավորվենք», ապա դա նաեւ Մոսկվայի համար կարող է դառնալ ցանկալի լուծում: Մի կողմից, Փաշինյանի դիրքերը, չնայած վերարտադրվելուն, կրկնենք, որոշակիորեն թուլացել են, եւ դա նրան կտրուկ քայլերից պետք է որ զերծ պահի: Եթե իհարկե, որ նրան չդնեն մի վիճակում, երբ նման քայլերը դառնան միակ տարբերակը: Մյուս կողմից, Մոսկվային ներկա փուլում պետք է որ հայաստանյան, ասենք նաեւ` հարավկովկասյան տիրույթում ավելորդ ցնցումներ չլինեն, պահպանվի գոնե այս հարաբերական կայունությունը, որը Նիկոլին դեռ հաջողվում է իրականացնել:
Ամեն դեպքում, քանի դեռ կա ուկրաինական պատերազմը, Մոսկվան, թերեւս, հենց այդ կուրսով էլ կառաջնորդվի: Այլ հարց, որ պատերազմի ավարտից հետո իրավիճակային փոփոխությունները դառնում են շատ ավելի հավանական:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68224
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

