Իսկ Թրամփն ի զորո՞ւ է կանգնեցնել Նեթանյահուին
ՄիջազգայինԱյսպիսով, երկար եւ քանիցս ընդհատված բանակցություններից հետո երեկ գիշեր ԱՄՆ–ն եւ Իրանը հայտարարեցին փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին: Ընդգծենք, սա կողմերի միջեւ վերջնական հաշտության պայմանագիր չէ, այլ միջոց նման պայմանագրի ուղղությամբ առաջ շարժվելու եւ, ըստ նախատեսվածի, 60 օրում դրան հասնելու համար: Այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ խաղաղություն ասվածն այս պահին կա: Եվ երկրորդը, դա ի՞նչ է նշանակում ոչ թե միայն կողմերի համար, այլ նաեւ տարածաշրջանի եւ աշխարհի մասշտաբով:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԻՐԱՆ–ԱՄՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Թե կոնկրետ ինչ փաստաթուղթ են նախաստորագրել եւ պատրաստվում են վերջնականապես հաստատել այս ուրբաթ օրը, գոնե երեկվա դրությամբ վերջնական պաշտոնական հստակեցում չկար: Կա միայն հայտարարություն` ամբողջական փաստաթուղթը պաշտոնապես կներկայացվի վերջնական ստորագրումից հետո: Ընդ որում` երաշխիք, որ մինչեւ եզրագծին հասնելը պայմանագիրը չի փոխվի, կամ որ այդ եզրագծին իրականում էլ կհասնեն, թերեւս մինչեւ վերջին պահն էլ չի լինի: Հաշվի առնելով, որ իրանական թեմայի շուրջ տարաբնույթ շրջադարձեր այնքան են եղել, որ, ինչպես ասում են, հավատի տեղ այլեւս չի մնացել:
Ներկա պահին կան ընդամենը որոշակի կցկտուր պաշտոնական տեղեկություններ, նաեւ լրատվական տարբերակներ, թե մոտավորապես ինչ համաձայնագրի մասին է խոսքը: Ամեն դեպքում, այդ տարբերակներից մեկը դեռ նախագծային տեսքով հրապարակեց իրանական «Մեհր»–ը, որը, թեեւ, հաշվի առնելով լրատվամիջոցի կարգավիճակը, կարելի է համարել Իրանի կիսապաշտոնական տեսակետը: Սակայն դատելով այն սրացումից, որը տեղի ունեցավ վերջին պահին, Թրամփն այդ նախագծի հետ կապված որոշակի զիջումների է գնացել: Խոսքը` Իսրայելի կողմից հուշագրի ստորագրումից ժամեր առաջ Բեյրութին հարվածներ հասցնելու մասին է: Դա իրանական «կարմիր գծի» խախտում էր, որին Թեհրանը պատրաստվում էր ռազմական պատասխան տալ: Սակայն, ըստ որոշ աղբյուրների, Թրամփը ստիպված էր Նեթանյահուին հերթական անգամ հրապարակային հայհոյանքներ տալուց զատ, նաեւ որոշակի նոր զիջումների գնալ` Իրանի պատասխան հարվածը կանխելու համար:
Ինչեւէ, նախագծային տարբերակով, որը ներկայացրեց «Միհր»–ը, ենթադրում էր.
Պատերազմի լիակատար եւ անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
ԱՄՆ-ի կողմից Իրանի ներքին գործերին չմիջամտելու եւ Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին հավատարմություն։
Ծովային շրջափակման լիակատար վերացում 30 օրվա ընթացքում։
ԱՄՆ զորքերի դուրսբերում Իրանին մոտ գտնվող շրջաններից։
Հորմուզի նեղուցի վերաբացում 30 օրվա ընթացքում, որտեղ, սակայն, Իրանը եւ Օմանը որոշակի վերահսկողական ֆունկցիաներ պետք է պահեն:
Հաջորդում են նավթի ազատ վաճառքի, իրանական վնասված օբյեկտների վերականգնման, կետերը: Նաեւ, որ հետագա բանակցություններում պետք է լուծեն միջուկային հարցերը, ԱՄՆ-ի, ՄԱԿ–ի, ՄԱԳԱՏԷ–ի առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների լիակատար վերացման խնդիրը, մոնիթորինգի մեխանիզմի ստեղծումը՝ համաձայնագրի իրականացումն ապահովելու համար։ Վերջապես, որ վերջնական տարբերակը պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը` համապատասխան բանաձեւի տեսքով:
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՐԱՄՓԻՆ
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սա Իրանին ձեռնտու փաստաթուղթ է: Թեեւ իրանական փորձագիտական եւ որոշ պաշտոնական շրջանակներում մտավախություններ, այնուամենայնիվ, կան: Բանն այն է, որ նման փաստաթուղթը մի շարք բաց հարցեր առաջացնում է, որոնցից առաջինին բախվեցին, երբ դեռ նոր էր հայտարարվել էլեկտրոնային ստորագրման մասին: Այն է` Իսրայելը պարզապես հայտարարում է, որ ինքը այդ փաստաթղթի կողմերից չէ եւ պարտավոր չէ դրանով առաջնորդվել: Մասնավորապես, ոչ միայն Լիբանանից զորքերը հանել չի պատրաստվում, այլ կշարունակի պատերազմել: Թե ինչու, հասկանում են բոլորը. պատերազմի ավարտը Նեթանյահուի քաղաքական կարիերայի վերջն է, եթե իհարկե միայն դրանով ավարտվի եւ բանտում չհայտնվի: Ընդ որում, այս պահին կա իսրայելյան Քնեսեթի արտահերթ ընտրությունների մասին առաջին ընթերցմամբ ընդունված որոշում, որը կարող է շատ արագ վերջնական որոշման եւ ընտրությունների օրվա նշանակման վերածվել: Իսկ ընտրություններում, ինչպես ամենահեղինակավոր փորձագետներն են վստահ, Նեթանյահուն վերարտադրվելու որեւէ շանս չունի: Թեեւ սա եւս դոգմա չէ. Նեթանյահուն ակնհայտորեն ունի հանրային լուրջ աջակցություն, եւ առաջ ընկնել, թե ով է այնտեղ հաղթելու, երեւի ճիշտ չէ:
Այսպիսով, պատերազմը շարունակելը նրա համար եթե ոչ պաշտոնին մնալու, ապա գոնե սեփական անվտանգության հարցով «բազարների» մեջ մնալու միակ տարբերակ է դառնում: Բայց մյուս կողմից էլ, Թրամփն այս պահին սեփական անվտանգության հարցը պետք է լուծի, որը, տրամաբանորեն, ենթադրում է Իրանի հետ քիչ թե շատ ընդունելի համաձայնության ձեռքբերում: Ու հասնում ենք շատ լուրջ հակասության: Այն է` կարո՞ղ է Թրամփը Նեթանյահուին պարտադրել, որ նա դուրս գա Լիբանանից: Թերեւս ավելի հավանական է, որ նման լծակներն ԱՄՆ նախագահի մոտ թույլ են. փաստը, որ այս ընթացքում Նեթանյահուն քանիցս հարվածեց Լիբանանին` ուշադրություն չդարձնելով Թրամփին, այդ մասին է խոսում:
Բացի այդ, Թրամփը նաեւ խնդիրներ ունի, որ հայտարարի Իրանի հետ սեպարատ պայմանավորվածությունների մասին եւ հեռանա` թողնելով, որ Իրանն ու Իսրայելը մարտադաշտում լուծեն իրենց հարցերը: Այդ դեպքում ոչ միայն ներամերիկյան ճնշումներ են ուղղվելու Թրամփի դեմ` «Իսրայելին դավաճանելու» համար, այլ նաեւ իրանա–իսրայելյան նոր պատերազմը կարող է ունենալ ամենաանկանխատեսելի հետեւանքները:
Կարճ ասած, այս համաձայնագրի տողատակերում Իսրայելի հարցը կա, այն շատ լուրջ է, եւ մեծ հարցականներ կան` դա հնարավորություն կտա՞ Թրամփին հասնել վերջնական պայմանագրի:
Առավել եւս, որ այլ անորոշությունները եւս այդ փաստաթղթում քիչ չեն: Օրինակ, վերջնական համաձայնությունը կապվում է ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւի հետ: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ այս պատմությանը մաս չկազմող ԱԽ անդամներից որեւէ մեկը, ասենք` Բրիտանիան, իսրայելյան լոբբինգի ազդեցությամբ վետո չի սահմանի:
Հաջորդը. ամենակարեւոր հարցերը դեռ պետք է լուծեն հետագա 60–օրյա բանակցություններում: Այս դեպքում եւս չկան երաշխիքներ, որ Իրանի միջուկային ծրագրի կամ սառեցված (տարբեր աղբյուրներ ակնարկում են, որ արդեն ծախսված) իրանական միջոցները կապասառեցվեն եւ կվերադարձվեն տիրոջը, եւ այդպես շարունակ: Այսինքն, բացի Լիբանանի հարցից, իսրայելյան լոբբին դեռ կփորձի նման ամեն մի հակասություն օգտագործել` վերջնական խաղաղությունը ձախողելու համար:
Այսինքն, այս գործընթացը, որը փորձում են առաջ տանել մի կողմից` ԱՄՆ–ն, մյուս կողմից` Իրանը եւ, անկասկած, նրա թիկունքին կանգնած Մոսկվան եւ Պեկինը, ունի մեկ էական թերություն` այն չի լուծում ամենագլխավոր` իրանա–իսրայելյան հակամարտության հարցը: Ըստ այդմ, կարող են անգամ հասնել ինչ–որ փաստաթղթի ստորագրման: Բայց եթե մնում է այդ հիմնախնդիրը, նոր պայթյունները գոնե ապագայի հաշվարկով պարզապես չեն կարող չլինել: Առավել եւս, որ ներկա հանգուցալուծումն Իրանին տանում է աշխարհաքաղաքական նոր, նկատելիորեն ավելի բարձր մակարդակի: Այն է` դառնում է Իսրայելի համար էլ ավելի վտանգավոր, եւ այդ ուղղությամբ, թերեւս, Թել Ավիվն ավելի լուրջ միջոցներ է կենտրոնացնելու:
ԹՐԱՄՓԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԸ ՇԱՏ Է ՊԵՏՔ
Բայց ամեն դեպքում Թրամփը, իհարկե, փորձում է այս պահին իր համար լուծում ստանալ` դուրս գալով իրանական խաղից: Պատճառը, թերեւս, աչքի առաջ էր: Եթե հիմնական ծրագրերի թվում էր արագ հաղթանակի եւ իրանական էնարգառեսուրսների վրա վերահսկողություն ստանալով, դա դարձնել Պեկինի դեմ գլխավոր հաղթաթուղթ, ապա հակառակն է ստացվում: Իրանը դիրքերը պահեց եւ դեռ կարող է պահել: Երկրորդը, աստիճանաբար նավթային հոսքերը սկսում են ծովից տեղափոխել ցամաքային երթուղիներ: Գումարած սրան, Չինաստանը նոր էներգետիկ պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, այսինքն` տնտեսական կոլապսի առաջ չի հայտնվելու: Փոխարենը պատերազմը ծանր հարված էր ԱՄՆ–ի համար. ռեսուրսային կորուստներ, դաշնակիցների հետ ծանր հարաբերություններ եւ այլն: Անձամբ Թրամփի համար դա վարկանիշային հսկայական կորուստ է, որը վերականգնելու համար պետք են «շատ լավ գործարքներ»:
Կարճ ասած, կլինի՞ այս շաբաթվա մեջ վերջնական փաստաթղթի ստորագրում: Դա, թերեւս, հիմնականում կախված է նրանից, թե Թրամփը որքանո՞վ կկարողանա ազդել Նեթանյահուի վրա: Իսկ Նեթանյահուն արդեն երեկ առավոտյան էր նորից հարվածում Լիբանանին, որի համար Թեհրանը շտապեց հիշեցնել, որ Թրամփի վրա է դա կանգնեցնելու պատասխանատվությունը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

