Թրամփը նոր խա՞ղ է սարքում, թե՞ իրոք Մերձավոր Արեվելքը համարում է «վնասաբեր ակտիվ»
ՄիջազգայինԵվ այսպես, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ փոխըմբռնման հուշագիրը, որը հիմք է դառնալու խաղաղության վերջնական պայմանագրի համար, ստորագրված է եւ ուժի մեջ է մտնում: Թրամփն այն ստորագրեց G7 գագաթաժողովի եզրափակիչ փուլում` Վերսալում Մակրոնի տված պաշտոնական ընթրիքի ժամանակ, ինչը, իհարկե, պատահական բան չէ: Փեզեշքիանը` իր աշխատասենյակում: Ընդ որում, իրանցիները հատուկ շեշտեցին, որ ստորագրվել է փաստաթղթի պարսկալեզու տարբերակը` անգլերեն տարբերակից զատ` հետագա երկակի մեկնաբանությունները բացառելու համար:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ամեն դեպքում, թե որտեղ եւ ինչպես ստորագրեցին, երկրորդ հարց է: Փաստը սա է` կողմերը փաստաթուղթը համարում են վերջնական, արդեն գործողության մեջ մտած: Ընդ որում, Սպիտակ տունը վերջապես հրապարակեց 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որին սպասում էր աշխարհը։ Այսինքն, համոզվելու համար, թե նախնական շրջանառվող տարբերակները որքանո՞վ են իրականությանը համապատասխանում: Պարզվեց` հիմնականում համապատասխանում են, թեեւ վերջնական տարբերակում կան որոշ նյուանսներ, որոնք էլ ավելի են ընդգծում Իրանի հաջողությունը:
Թե դետալային առումով ինչ է իրենից ներկայացնում հուշագիրը, չկրկնենք, դրան անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Բայց որոշ դրվագների, որոնք էլ ավելի ընդգծված են դարձել այս վերջնական տարբերակում, կարելի է վերադառնալ: Այսպիսով, ի՞նչ է այդ համաձայնագիրն իրենից ներկայացնում, եթե մի կողմ ենք թողնում կրակի «եւ մշտական դադարեցման» (նաեւ Լիբանանում), հետագայում ուժի կիրառումից եւ դրա սպառնալիքից, միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու եւ ներքին գործերի մեջ քթները չխոթելու, Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու եւ սառեցված փողերը վերադարձնելու դրույթները: Ի դեպ, թվարկվածն արդեն իսկ այն առավելագույնն էր, որին Իրանը հավակնում էր մինչ պատերազմը: Բայց ստանում է ավելին: Այդ թվում, ԱՄՆ–ն ճանաչում է Իրանի` ուրան հարստացնելու իրավունքը, բնական է, որոշակի սահմաններում: Եվ բացի դրանից, կա նման չափազանց կարեւոր երկու դետալ: «Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում դուրս բերել իր ուժերը Իրանի անմիջական մերձակայքից»: Ապա. «Իրանը բանակցություններ կվարի Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա վարչական ռեժիմը եւ ծովային ծառայությունների մատուցումը որոշելու համար»:
Սկսենք երկրորդից: Ասվածը մեկ բան է նշանակում. Իրանն ու Օմանը համատեղ Հորմուզի նեղուցում (որը սահմանակից է այս երկու երկրներին), կարող է «վարչական ռեժիմ» սահմանել: Ավելի կոնկրետ, ԱՄՆ–ն դրանով ճանաչում է, որ երկու երկրները նման ռեժիմ սահմանելու իրավունք ունեն: Իսկ միջազգային իրավունքը սահմանում է, որ յուրաքանչյուր երկիր կարող է իր վարչարարությունը տարածել միայն իր ճանաչված սահմաններում: Կարճ ասած, ԱՄՆ–ն Հորմուզի նեղուցն ընկալում է` որպես Իրանի եւ Օմանի սուվերեն տիրույթ: Մի բան, որի մասին Թեհրանը մինչ պատերազմը չէր էլ կարող անգամ երազել, նման հավակնություն երբեւէ չի դրսեւորվել:
Ոչ պակաս էական է, որ ԱՄՆ–ն պարտավորվում է իր զորքերը հեռացնել Իրանի սահմաններից: Եվ այստեղ հասկանալու հարց է. կողմերն ի՞նչ են հասկանում «Իրանի անմիջական մերձակայք» հասկացության տակ: Սրան դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք ընդհանրական վիճակը. այն, ինչ ստորագրվեց, նշանակում է Իրանի հաղթանակ ԱՄՆ–ի նկատմամբ: Ընդ որում, հենց այդպես էլ պատկերը մեկնաբանվում է ոչ միայն ամերիկյան, այլ նաեւ եվրոպական փորձագիտական դաշտում: Չնայած առանձնակի դժգոհություն էլ չկա. իրանական պատերազմը սկսել էր ֆինանսական խորացող բեռ դառնալ բոլորի համար, եւ այդ բեռից ազատվելը, եթե անգամ դրանից ինչ–որ չափով շահում է Թեհրանը, մեծ խնդիր չի ընկալվում:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՀԵՌԱՆԱ՞Ն ԻՐԱՆԻՑ
Բայց եթե, ասենք, ամերիկացիներին, մեծ հաշվով, շատ չի հետաքրքրում, թե Մերձավոր Արեւելքում, պատկերավոր ասած, ով, որտեղ եւ ինչպես է մյուսին բարեւում, շատ- շատերն էլ, հաստատ, միայն մոտավոր պատկերացում ունեն, թե ինչ է նշանակում Մերձավոր Արեւելք ասվածը, գոնե Հայաստանի համար այդպես չէ: Մեզ համար կենսական հարց է, թե ինչ իրողություններ են ստեղծվում մեր մեծ տարածաշրջանում: Եվ այն ընթացքը, որ ներկա պահին ունի իրանական իրավիճակը, իհարկե, գալիս է հուշելու, որ խոշոր փոփոխություններ լինելու են: Ի՞նչ են դրանք խոստանում մեզ...
Առաջնային հարցերից մեկը, իհարկե, այն է, որ Իրան–ԱՄՆ համաձայնագրում գրված «Իրանի անմիջական մերձակայք» հասկացությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, դրա տակ ի՞նչ իմաստ է դրված: Հաշվի առնելով, որ Հայաստանը գոնե աշխարհագրական իմաստով «Իրանի ամենաանմիջական մերձակայքն» է` սահմանակից երկիրը:
«Իրանի անմիջական մերձակայքը» նախ սկսվում է Պարսից ծոցի գոտուց: Այստեղ, ինչպես արդեն հստակ կարծիք են հայտնում մի շարք փորձագիտական աղբյուրներ` ԱՄՆ 5-րդ նավատորմը պատրաստվում է հեռանալ: Սրա հետ կապված` արեւմտյան աղբյուրներն արդեն մեծ աղմուկ են բարձրացրել, թե` Իրանը ԱՄՆ ռազմածովային ուժերին դուրս է մղում Պարսից ծոցից: Ավելին, թե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանձնում է իր դիրքերը տարածաշրջանում։ Տարածաշրջանը թողնենք մի կողմ, բայց եթե ԱՄՆ–ն իրոք իր հիմնական ուժերը` 5–րդ նավատորմը հեռացնի Պարսից ծոցից, դա արդեն լուրջ նահանջ կդառնա: Հաջորդը Իրաքն է, որը եւս «Իրանի անմիջական մերձակայքն» է` սահմանակից երկիրը: Այստեղից ամերիկյան որոշակի ուժեր հեռացել են դեռ պատերազմի ժամանակ: Բայց նաեւ զգալի ուժեր կենտրոնացվել են Իրաքի հյուսիսում` քրդական վերահսկողության գոտում: Ընդ որում, մի կողմից` Թրամփը ծայրահեղ դժգոհ է քրդերից. քանիցս հայտնել է, որ քրդերը ոչ միայն իրեն չօգնեցին, այլ նաեւ գողացել են իրանական ընդդիմության համար ուղարկված զենքը: Սրանից զատ, քրդական գոտին մնում է Իրանի մշտական հարվածների տակ, ընդ որում, նաեւ հրադադարի փուլում: Այսինքն, եթե ԱՄՆ–ն մտածում է հետագայում այս ուղղությամբ Իրանի հետ նոր կոնֆլիկտի «բազա» չթողնելու մասին, թերեւս կարող է իր բոլոր ուժերը հանել ամբողջ Իրաքից: Առավել եւս, որ այդ ուժերը, ինչպես պատերազմի ընթացքը ցույց տվեց, ոչ թե օգուտ են տալիս, այլ միայն Իրանի համար հարմար թիրախ հանդիսացան:
Եթե ամերիկացիները հեռանան, մեծ է հավանականությունը, որ Թուրքիան, որի համար եւս կա քրդական խնդիրը, կցանկանա ամրացնել դիրքերը Իրաքի հյուսիսում: Չնայած, այստեղ իմաստը ոչ այնքան քրդական խնդիրն է, որքան այն, որ իրաքյան Քուրդիստանի հետ Էրդողանը լավ կազմակերպված նավթային բիզնես է ստեղծել: Չնայած, Իրաքը եւս ցանկանում է վերականգնել իր ամբողջական տարածքային վերահսկողությունը, եւ ամերիկացիների հեռանալու դեպքում, մեծ հավանականությամբ, Իրանը կօգնի դա անել: Նման իրավիճակում Թուրքիայի շանսերը` ինչ–որ վերահսկողության հաստատելու հարցում դառնում են քիչ իրատեսական. այլընտրանքը կարող է լինել Իրանի հետ բախումը:
Վերջապես, «Իրանի անմիջական մերձակայք» հասկացության տակ նաեւ Հայաստանը, ապա` Ադրբեջանն են: Այս ուղղությամբ ԱՄՆ–ի հետաքրքրությունն առավելագույնի հասավ Իրանի հետ հակամարտության սրացումներին զուգահեռ, եւ այդ հակումների տակ պարզ տեսանելի էր իսրայելյան ազդեցությունը: Հայաստանի պարագայում, չմոռանանք, «Թրամփի ուղի» գաղափարն օրակարգում հայտնվեց հենց այն փուլում, երբ ԱՄՆ–ն սկսում էր կենտրոնանալ Իրանում պատերազմ սկսելու գաղափարի վրա, թերեւս նաեւ ենթադրելով, որ Իրանից հյուսիս ընկած գոտին հարմար պլացդարմ է ցամաքային օպերացիայի համար: Դրան զուգահեռ, օրակարգ բերվեց նաեւ Հայաստանում տեխնոլոգիական կենտրոն ձեւավորելու գաղափարը, որը կարող էր ծառայել տվյալների հավաքագրման գործով` դառնալով միանգամայն ակտիվ վերահսկողական համակարգ ողջ հարավկովկասյան գոտու համար` ուղղված լինելով Իրանին եւ Ռուսաստանին:
Այս նախաձեռնությունները Թրամփը կցանկանա՞ շարունակել, առավել եւս` «Իրանի անմիջական մերձակայք» սկզբունքը հաշվի առնելով: Նկատենք, թվարկվածները ձեւականորեն ռազմական օբյեկտներ չեն, առավելագույնը «Թրամփի ուղում» կարող է գործել այն «պահնորդական ծառայությունը», որի մասին շատ է խոսվել, եւ որը Ադրբեջանի պայմանների մեջ է` անցումների անվտանգության հասկացության շրջանակներում: Բայց նաեւ, Իրանն այլ կերպ է մտածում. Թեհրանը «Թրամփի ուղին» համարել եւ համարում է Իրանի անվտանգությանն ուղղված համակարգ, այն ներկայացնելով` որպես իր համար հստակ «կարմիր գիծ»: Այնպես, ինչպես «կարմիր գիծ» էր համարում այդ ուղու մյուս «փաթեթավորումը` «Զանգեզուրի միջանցքը»:
Ամեն դեպքում, «Թրամփի ուղու» շուրջ գոնե այս պահին հարցականներ մնում են, թեեւ ենթադրելի է, որ եթե այդ նախագիծը փորձեն առաջ մղել, դա կարող է դառնալ բավականին լուրջ հակամարտության ուղղություն: Այլ հարց է` ներկա իրավիճակում Թրամփին նման հակամարտությունը հետաքրքրո՞ւմ է: Եթե Իրանի հետ իրականում էլ փորձում է հասնել խնդիրները լուծելուն, ապա հազիվ թե Հայաստան–Ադրբեջան ուղղությունը Թրամփի համար մնա հետաքրքիր:
ԴԺՎԱՐ Է ԹՐԱՄՓԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ
Արդյունքում, ամեն բան հասնում է հետեւյալին. Թրամփն իրո՞ք ցանկանում է արմատական լուծումներ գտնել Մերձավոր Արեւելքում եւ, առաջին հերթին, Իրանի հետ պայմանավորվածությունների միջոցով: Ստորագրված հուշագիրը հենց դա է ենթադրում: Բայց չնայած դրան, Իրանում մի շարք աղբյուրներ դեռ մեծ վերապահումով են մոտենում այդ փաստաթղթին:
Օրինակ, հեղինակավոր փորձագետ Հայալ Մուազզինի գնահատմամբ, այս գործընթացը սովորական խաղ է. «Իմ կարծիքով, այս համաձայնագիրը միայն մի փոքր ավելին է, քան թղթի կտոր։ Ես նախկինում գրել եմ, որ Թրամփը կարող է ցանկացած պահի հրաժարվել այս համաձայնագրերից, պարզապես նետել դրանք աղբարկղը, ապա վերադառնալ ուժի կուրսին։ Իրականում, երեկ նա ինքը հաստատեց այս հնարավորությունը, նշելով, որ կարող է ցանկացած պահի դուրս գալ համաձայնագրից։ Ահա թե ինչու եմ կարծում, որ այս համաձայնագիրը գործնականում իրական իրավական արժեք չունի եւ իրականացման հուսալի երաշխիքներ չունի: Իրանական հասարակության զգալի մասը նույնպես շարունակում է կասկածանքով վերաբերվել այս համաձայնագրին։ Շատերը համոզված են, որ ներկայիս հանգստությունը ժամանակավոր է, եւ որ ապագայում հակամարտության վերսկսման հավանականությունը մնում է բարձր»: Կարելի է այս մոտեցմանը կողմ կամ դեմ տարբեր փաստարկներ բերել: Բայց մեկ է, դրանք բոլորն էլ հարցի հստակ պատասխանը չեն տալիս` Թրամփն այդ համաձայնագրով նոր խա՞ղ է սարքում, թե՞ հասել է այն գաղափարին, որ Մերձավոր Արեւելքը միայն ԱՄՆ–ից հսկայական ծախսեր պահանջող վնասաբեր «ակտիվ» է, որից պետք է հրաժարվել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68686
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
