«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg Aframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)

Հադրութցի գեղեցկուհին, որը չկոտրվեց պատերազմում, բայց պարտվեց ճակատագրին

Մշակութային

Կան մարդիկ, որոնց կյանքի պատմությունը շատ ավելի մեծ է, քան նրանց ապրած տարիները։ Նրանք իրենց մեջ կրում են մի ամբողջ սերնդի ցավը, պայքարը, կորուստներն ու հույսերը։ Այդպիսին էր Հադրութի աղջիկ ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ զոհված ազատամարտիկի դուստրը, 44-օրյա պատերազմի մասնակիցը, իր միակ որդու մայրը, «Միսիս Եվրոպա 2022» հեղինակավոր միջազգային մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած կինը, որն իր կյանքով ապացուցեց, որ անգամ ամենածանր հարվածներից հետո կարելի է նորից ոտքի կանգնել ու շարունակել ճանապարհը։ Այսօր, սակայն, նրա անունը հնչում է ցավալի առիթով։

Ավտովթարի հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից հետո, օրեր շարունակ կոմայի մեջ կյանքի համար պայքարելուց եւ բժիշկների գործադրած բոլոր ջանքերին հակառակ, 31-ամյա Վերա Սաֆարյանը հեռացավ կյանքից՝ անամոք ցավ թողնելով իր ընտանիքի, հարազատների, ընկերների եւ հազարավոր մարդկանց սրտերում։

Նրա մահվան լուրը ցնցեց հատկապես այն մարդկանց, ովքեր վերջին տարիներին հետեւում էին նրա պատմությանը։ Այդ պատմությունը ոչ միայն անձնական ճակատագրի, այլեւ ամբողջ արցախյան սերնդի պատմությունն էր՝ կորստի, վերապրումի, պայքարի եւ արժանապատվության մասին։

Վերա Սաֆարյանի հետ «Իրավունք»-ը տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ անկեղծ ու մտերմիկ զրույցներ: Նրա հարցազրույցները տպագրվել են թերթի էջերում, նա հյուրընկալվել է նաեւ «Իրավունք TV»-ի տաղավարում: Իսկ այսօր, ցավալի այս առիթով, կրկին թերթում ենք այդ զրույցների էջերը՝ հիշելով նրա ապրած կյանքի, կրած ցավի, հայրենիքի հանդեպ սիրո եւ չկոտրվող կամքի մասին պատմող խոսքերը:

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԴՈՒՍՏՐԸ, ՈՐ ԸՆՏՐԵՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վերայի ճակատագիրը պատերազմի հետ կապված էր դեռ ծնվելուց առաջ։ Նրա հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս, Մարտական խաչի ասպետ Արտաշ Սաֆարյանը, զոհվել էր հայրենիքի պաշտպանության համար՝ այդպես էլ չհասցնելով տեսնել իր նորածին դստերը։

«Հայրս՝ Արտաշ Սաֆարյանը, կռվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Երբ հայրս զոհվեց, եղբայրս երեք տարեկան էր, իսկ ես դեռ չէի ծնվել։ Ես յոթ ամսական էի՝ մորս որովայնում: Ծնվել, մեծացել եմ Հադրութում։ Իմ կյանքի ամենալավ հիշողությունները՝ մանկության, դպրոցական, համալսարանական տարիները, կապված են Հադրութի հետ։ Ապրել եմ երջանիկ։ Ինձ համար շատ ցավալի էր, որ վերջին անգամ ես իմ քաղաքը տեսա պատերազմի, զոհերի ու ավերածությունների մեջ»,- պատմում էր նա:

Հետագայում Վերան հաճախ էր խոստովանում, որ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը գեներով փոխանցվել էր իրեն հորից։ Գուցե հենց այդ պատճառով էլ, երբ 2020 թվականին սկսվեց պատերազմը, նա ծառայության մեջ էր եւ առանց երկմտելու մնաց իր զինակից ընկերների կողքին։

«Ես ինձ պատերազմի մասնակից չեմ համարում։ Իսկական մասնակիցը հայ զինվորն է, հայ սպան, կամավորը, բուժանձնակազմը, ովքեր ժամերով չէին քնում եւ մարդկանց կյանքեր էին փրկում»,- ասում էր նա։

Այս համեստությունը բնորոշ էր Վերային։ Նա երբեք չէր խոսում սեփական դժվարությունների մասին՝ առաջին պլան բերելով իրենից ավելի ծանր ճակատագրեր կրող մարդկանց։

«Հիշում եմ առաջին պայթյունը մեր բունկերի վրա։ Հենց տագնապի ազդանշանը տրվեց, հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ Շատ արագ կապ հաստատեցին դիրքերի հետ եւ ասացին, որ արդեն երկու ժամ է՝ Հադրութը ռմբակոծվում է…Ամեն մեկն առաջին հերթին մտածում էր իր ընտանիքի մասին։ Չգիտեիր՝ տանը ողջ կմնա՞ն, թե՞ ոչ։ Մեր կանանցից մեկը՝ իմ դասարանցու մայրը, երբ լսեց պայթյունի ձայնը, վերջին պահին ինձ գրկեց ու ասաց՝ եթե պայթի, դու գոնե ողջ մնաս, երեխայիս տարիքին ես... Ես այդ ամենը երբեք չեմ մոռանա: Այդ անորոշությունը շատ ծանր էր: Ամենադժվարը վիրավոր տղաներին տեսնելն էր։ Իմ մեջ արթնանում էր մայրական բնազդը։ Ես մտածում էի՝ տեսնես հիմա ինչ է ապրում այս զինվորի մայրը... Երբ քո դիմաց 20 տարեկան տղա է, ու հասկանում ես, թե ինչի միջով է անցնում, բառեր չկան նկարագրելու համար», - հիշում էր նա։

Պատերազմից հետո նա, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված էր սկսել կյանքը զրոյից։ Կորցրել էր տունը, հայրենի միջավայրը, տարիներով ստեղծված կյանքը։ Բայց չէր կորցրել արժանապատվությունն ու հավատը։

«Միանգամից որոշեցի աշխատել, որովհետեւ շատ ծանր ֆինանսական վիճակում էի։ Ամեն ինչ կորցրել էի։ Հագուստ անգամ չունեի։ Հիշում եմ՝ քրոջս ամուսնու շորերն էի հագնում։ Եղել է դեպք՝ գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստը իրենք չեն կարողացել հանդուրժել»,- ցավով պատմում էր նա։

Սակայն այդ փորձությունները չկոտրեցին նրան, ընդհակառակը՝ ավելի ամրացրին։

ՀԱԴՐՈՒԹԻ ԴԻՐՔԵՐԻՑ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԵՄ

Թվում էր՝ պատերազմից հետո կյանքը նրան այլեւս անակնկալներ չի մատուցի։ Սակայն ճակատագիրը Վերայի համար նոր էջ էր պատրաստել։

Մոդելային աշխարհ մուտք գործելով՝ նա արագ գրավեց ոլորտի ուշադրությունը ոչ միայն արտաքին տվյալներով, այլեւ իր կենսագրությամբ։ Նրա մեջ մարդիկ տեսնում էին ոչ թե պարզապես գեղեցկության մրցույթի մասնակցի, այլ կնոջ, որը կրում էր պատերազմի, կորստի եւ հաղթահարման պատմություն։

2022 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Եվրոպա» միջազգային մրցույթում նա զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ բարձր պահելով Հայաստանի անունը։ Սակայն նույնիսկ այդ պահին չէր խոսում սեփական հաջողության մասին։

«Այնտեղ գնացել էի պատմելու իմ երկրի, Արցախի, Հադրութի մասին։ Ես ներկայացնում էի ոչ միայն ինձ, այլեւ հայկական պատմությունը»,- ասում էր նա։

Վերայի համար միջազգային բեմը հարթակ էր, որտեղ աշխարհը պետք է լսեր Արցախի մասին։ Նա հաճախ էր հիշում Հադրութը՝ մանկության փողոցները, մարդկանց, դպրոցական տարիները, խաղաղ առօրյան։

«Իմ կյանքի ամենալավ հիշողությունները կապված են Հադրութի հետ։ Հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ իմ ծննդավայր», - այս խոսքերն այսօր առանձնահատուկ ծանր են հնչում։ Ցավոք, նրա համար այդ վերադարձն այդպես էլ չկայացավ…

Վերան հաճախ էր կրկնում, որ հողից թանկ ժողովուրդն է, մարդն է։ Նա հավատում էր բարությանը, աշխատանքին, Աստծուն եւ մարդկային արժանապատվությանը։ Անգամ ամենածանր կորուստներից հետո նա շարունակում էր ժպտալ, աշխատել, երազել եւ առաջ շարժվել։

«Միշտ էլ չարին չարությամբ պատասխանելը մերժել եմ։ Հավատում եմ, որ որքան Աստծուն ունենանք մեր կյանքում, այնքան ավելի լավ կդասավորվի մեր կյանքը: Բայց ես չեմ կարող հորս սպանողի հետ խաղաղ ապրել»,- ասում էր նա։

Նրա կյանքը լի էր հակադրություններով՝ պատերազմի դաժանություն ու մայրական քնքշություն, կորստի ցավ ու ապագայի հանդեպ հավատ, զինվորական համազգեստ ու միջազգային պոդիում։ Սակայն այդ ամենի մեջ անփոփոխ էր մի բան՝ նրա սերը հայրենիքի եւ մարդկանց նկատմամբ։

Այսօր ցավով ենք արձանագրում, որ ավարտվեց մի կյանք, որն ավելի շատ նման էր պայքարի ու արժանապատվության մասին պատմող գրքի։ Բայց մնացին նրա խոսքերը, նրա օրինակն ու հիշողությունը։

«Իրավունք»-ը ցավակցում է Վերա Սաֆարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ում համար նա դարձել էր ուժի եւ կամքի խորհրդանիշ։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասինՏարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված