Մահացած զինծառայողի ընտանիքին արդարություն է պետք, ոչ թե արագ հայտնաբերված մեղավոր կամ քավության նոխազ․ Բացառիկ զրույց հայտնի իրավապաշտպանի հետ
ՀանդիպումՕգոստոսի 19-ին ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է՝ 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանը։ Վարորդը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, որը այս պահին ձերբակալված է։
Վերը նշված ողբերգության քրեաիրավական գնահատականի, ողբերգության իրական պատասխանատուների եւ այլ հանրային հնչեղություն պահանջող հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱԱԱՐՅԱՆԻ հետ:
- Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 19-ին Ճամբարակ–Վահան ճանապարհին տեղի ունեցած զինվորների վրաերթի դեպքը ցնցեց հանրությանը։ Որպես իրավապաշտպան՝ ո՞վ կամ ովքե՞ր են, ըստ Ձեզ, այս ողբերգության իրական պատասխանատուները։
- Նախ՝ խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայող Սուրեն Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին, իսկ վիրավոր զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Երիտասարդ զինվորի մահը միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ. դա պետության կորուստն է։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, իսկ վարորդը ձերբակալվել է։ Սակայն ես սկզբունքորեն դեմ եմ այս ողբերգության պատճառահետևանքային շղթան միայն վարորդով սահմանափակելուն։ Քրեական վարույթը չպետք է ունենա նախապես ընտրված մեկ մեղավոր. այն պետք է բացահայտի բոլոր այն անձանց գործողություններն ու անգործությունը, որոնց համակցությունը հանգեցրել է մարդու մահվան։
Եթե զինծառայողները երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, կազմակերպված ձևով գտնվել են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կամ դրա անմիջական հարևանությամբ, ապա քննության առաջնային հարցերից մեկը պետք է լինի՝ ո՞վ է տվել նման հրաման, ի՞նչ իրավական և ծառայողական հիմքով, ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների անվտանգության համար և անվտանգության ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։ ՊՆ-ն ևս հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 21։00-ի սահմաններում։
Առանձին և չափազանց կարևոր խնդիր է մայրուղու լուսավորությունը։ Եթե ճանապարհի տվյալ հատվածը գիշերային ժամերին պատշաճ լուսավորված չի եղել, ապա պետությունը չի կարող ամբողջ պատասխանատվությունը պարզապես դնել վարորդի ուսերին և դրանով գործը փակված համարել։ Պետք է պարզվի՝ ճանապարհի տվյալ հատվածի լուսավորության կազմակերպումն ում պարտականությունն էր, ճանապարհային ենթակառուցվածքը համապատասխանե՞լ է անվտանգության պահանջներին, եղե՞լ են անհրաժեշտ նշաններ, գծանշումներ, լուսադարձիչներ և այլ նախազգուշացնող միջոցներ։
Չլուսավորված ճանապարհը պարզապես տեխնիկական թերություն չէ։ Այն կարող է դառնալ մահվան պատճառահետևանքային շղթայի օղակ։ Եթե պետությունը մարդուց պահանջում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պետությունն ինքը պարտավոր է ապահովել այնպիսի ճանապարհային միջավայր, որտեղ այդ կանոնների պահպանումը գործնականում հնարավոր է։
Ուստի քննությունը պետք է շարժվի ոչ միայն «ո՞վ էր ղեկին» հարցով, այլ նաև՝ «ինչո՞ւ զինվորները գիշերը հայտնվեցին այդ ճանապարհին, ո՞վ նրանց այնտեղ ուղարկեց, ինչո՞ւ նրանց անվտանգությունը չէր ապահովվել և ինչո՞ւ ճանապարհը պատշաճ լուսավորված չէր» հարցերով։
Ի՞ՆՉ ԷԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԸ 21։00-ԻՆ ԱՆՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
- Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ զինվորները պատժված են եղել և հակագազերով վազելիս են եղել։ ՊՆ-ն դա հերքեց։ Բայց փաստ է, որ ժամը 21։00-ին զինվորները գտնվել են ճանապարհին։ Սա որքանո՞վ է իրավաչափ։
- Այստեղ պետք է շատ զգույշ լինել։ Վիրավոր զինծառայողներից մեկի մոր հայտարարության հիման վրա հրապարակվել է տեղեկություն, թե զինվորները պատժված են եղել և վազել են հակագազերով, մինչդեռ ՊՆ-ն ու ՔԿ-ն պաշտոնապես հերքել են հակագազերով վազելու մասին տեղեկությունը։ Հետևաբար, մինչև քննությամբ փաստական հանգամանքների հաստատումը, որևէ վարկած որպես ապացուցված իրողություն ներկայացնել իրավաչափ չէ։
Բայց ՊՆ-ի հերքումը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ի՞նչ էին զինծառայողները երեկոյան ժամը 21։00-ին անում ավտոճանապարհին։
Եթե դա եղել է ծառայողական առաջադրանք, մարզում, վազք կամ այլ կազմակերպված գործողություն, ապա պետք է ներկայացվեն դրա իրավական հիմքը, հրամանը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը և անվտանգության ապահովման միջոցառումները։ Գիշերային ժամերին զինծառայողների խմբի տեղաշարժը կամ ֆիզիկական պատրաստության իրականացումը ավտոճանապարհին չի կարող կազմակերպվել այնպես, կարծես խոսքը փակ զորամասի մարզահրապարակի մասին է։
Պետք է պարզել՝ զինծառայողները կրել են արդյո՞ք լուսադարձիչ տարրերով հանդերձանք, եղել է արդյո՞ք ուղեկցող մեքենա, նախազգուշացնող լուսային ազդանշան, ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը սահմանափակվե՞լ է, և ո՞վ է պատասխանատու եղել այդ ամենի համար։
Եթե պարզվի, որ զինծառայողները գիշերով դուրս են բերվել չլուսավորված կամ անբավարար լուսավորված ընդհանուր օգտագործման ճանապարհ՝ առանց անհրաժեշտ անվտանգության միջոցների, ապա այստեղ արդեն պետք է իրավական գնահատական ստանան նաև համապատասխան հրամանատարների և պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը։
Զինվորը պետության պաշտպանության ներքո գտնվող մարդ է։ Պետությունը նրան իրավունք չունի ուղարկել վտանգավոր միջավայր և հետո ամբողջ պատասխանատվությունը փնտրել միայն մեքենայի ղեկին նստած մարդու մեջ։
ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՏԱՆԱԼ ՄԵՂԱՎՈՐ, ՉԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում վարորդի պատասխանատվությունը։ Տեղեկություններ կան, որ նա մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի, իսկ մեքենան տեխնիկապես ոչ պիտանի է եղել։
- Եթե քննությամբ հաստատվի, որ վարորդը մեքենան վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի, իսկ տրանսպորտային միջոցը տեխնիկապես անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի է եղել, դրանք, բնականաբար, լրջագույն հանգամանքներ են և պետք է ստանան ամբողջական իրավական գնահատական։
Բայց այստեղ գործում է քրեական իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ պատասխանատվությունը պետք է հիմնված լինի ոչ թե հանրային վրդովմունքի, այլ ապացուցված մեղքի և պատճառահետևանքային կապի վրա։
Պետք է ավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզել մեքենայի տեխնիկական վիճակը՝ արգելակային համակարգը, լուսարձակները, ղեկային համակարգը, անվադողերը, տեսանելիության հնարավորությունը, մեքենայի արագությունը, վարորդի արձագանքման համար ունեցած ժամանակն ու տարածությունը։ Միաժամանակ պետք է ճանապարհատրանսպորտային փորձաքննությամբ վերականգնվի դեպքի ամբողջ մեխանիզմը՝ ճանապարհի լուսավորվածությունը, զինծառայողների դիրքը, նրանց տեսանելիությունը, ճանապարհային նշաններն ու գծանշումները։
Միայն դրանից հետո հնարավոր կլինի պատասխանել հիմնական հարցին՝ վարորդն օբյեկտիվորեն ունե՞ր վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, թե՞ ոչ։
Վարորդի հնարավոր խախտումները նրան չեն ազատում պատասխանատվությունից, բայց դրանք նաև չեն կարող դառնալ հարմար պատրվակ՝ մյուս պատասխանատուների գործողությունները չքննելու համար։
Այս գործով ես անհրաժեշտ եմ համարում քննության առարկա դարձնել պատասխանատվության երեք փոխկապակցված մակարդակ՝ վարորդի վարքագիծը և մեքենայի տեխնիկական վիճակը, զինծառայողների գիշերային տեղաշարժը կազմակերպած ու նրանց անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները, ինչպես նաև ճանապարհի անվտանգ շահագործման, այդ թվում՝ լուսավորության համար պատասխանատու մարմինների հնարավոր անգործությունը։
Եթե այս երեք ուղղություններից թեկուզ մեկը դուրս մնա քննությունից, մենք կարող ենք ստանալ մեղավոր, բայց այդպես էլ չբացահայտել ողբերգության ամբողջական պատճառը։
Եվ վերջում ուզում եմ առանձնացնել մեկ սկզբունքային հարց. մահացած զինծառայողի ընտանիքին արդարություն է պետք, ոչ թե պարզապես արագ հայտնաբերված մեղավոր։ կամ քավության նոխազ։Քննությունը պետք է հասնի պատճառների ամբողջ շղթայի վերջին օղակին և պատասխան տա ոչ միայն այն հարցին, թե ով է վրաերթ կատարել, այլ նաև՝ ովքեր իրենց գործողությամբ կամ անգործությամբ ստեղծեցին այն պայմանները, որոնցում այդ վրաերթը հնարավոր դարձավ։
Միայն այդպիսի քննությունը կարող է համարվել լիարժեք, օբյեկտիվ և իրավական պետությանը հարիր։