Վտանգավոր սահմանագիծ է. այսօր բռնության թիրախը կարող է լինել ոստիկանության ծառայողը, վաղը՝ քննիչը, մյուս օրը՝ փաստաբանը, լրագրողը. Հայտնի իրավապաշտպանը աղմկահարույց ծեծի մասին
ՀանդիպումՕրերս համացանցը ցնցեց մի դեպք, երբ հայտնի դարձավ, որ քաղաքի ՔԿ վարչությունում ոստիկանի են ծեծի ենթարկել։ Չմանրանալով դեպքի մանրամասներին, «Իրավունքը» խնդրել հայտնի իրավապաշտպան, աղմկահարույց գործերով փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հեղինակավոր կարծիքը վերը նշվածի վերաբերյալ, մասնավորապես, թե ի՞նչ հետեւանքներով կարող է հղի լինել վերը նշված երեւույթը հանրային օրակարգում.
- Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և ոստիկանության ծառայողը հենց քննչական մարմնի վարչական շենքում ենթարկվել է բռնության, ապա սա երկու անձանց միջև տեղի ունեցած միջադեպ չէ։ Սա պետական ինստիտուտների հեղինակության, իրավակարգի և պետության՝ սեփական ծառայողին պաշտպանելու կարողության լրջագույն փորձություն է։
Քննչական մարմինը այն վայրն է, որտեղ պետությունը պետք է բացահայտի բռնությունը, ոչ թե այն վայրը, որտեղ կարող է ծնվել բռնություն։
Իրավական պետությունում որևէ մեկի պաշտոնը, կոչումը կամ ծառայողական կարգավիճակը նրան բռնություն գործադրելու արտոնագիր չի տալիս։ Ընդհակառակը՝ եթե բռնությունը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, ծառայողական միջավայրում կամ ծառայողական լիազորությունների հետ կապված, ապա կատարվածը պետք է ստանա առավել խիստ և անաչառ քրեաիրավական գնահատական։ Այստեղ քննության առարկա պետք է լինեն ոչ միայն հնարավոր ֆիզիկական բռնության փաստը, այլև դրա շարժառիթը, մասնակիցների պաշտոնեական կարգավիճակը, հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահումը կամ անցումը, ինչպես նաև՝ արդյոք որևէ մեկը փորձել է թաքցնել, մեղմացնել կամ այլ կերպ ներկայացնել կատարվածը։
Առավել վտանգավորն այս երևույթի հանրային հետևանքն է։ Եթե քաղաքացին տեսնում է, որ ոստիկանն անգամ պետական ուժային կառույցի ներսում կարող է բռնության ենթարկվել, բնական հարց է առաջանում՝ իսկ նույն շենքում հայտնված սովորական քաղաքացին որքանո՞վ է պաշտպանված։
Սա այն սահմանագիծն է, որտեղ մեկ չքննված կամ կոծկված միջադեպը կարող է վերածվել ամբողջ համակարգի նկատմամբ անվստահության։ Իսկ երբ հասարակությունը կորցնում է վստահությունը ոստիկանության և քննչական մարմինների նկատմամբ, վնասվում է ոչ միայն այդ կառույցների հեղինակությունը, այլև պետության իրավական հիմքը։
Ուստի պետության պատասխանը պետք է լինի արագ, հրապարակային և բացառապես իրավական։ Եթե առկա են հանցագործության հատկանիշներ՝ մեղավորի պաշտոնը չպետք է ունենա որևէ նշանակություն։ Օրենքը կամ գործում է բոլորի նկատմամբ, կամ դադարում է օրենք լինելուց և վերածվում է ընտրովի կիրառվող գործիքի։
Եվ վերջապես՝ ուժային կառույցներում բռնության նկատմամբ հանդուրժողականությունը վտանգավոր ճանապարհ է։ Այսօր բռնության թիրախը կարող է լինել ոստիկանության ծառայողը, վաղը՝ քննիչը, մյուս օրը՝ փաստաբանը, լրագրողը կամ սովորական քաղաքացին։ Այդ շղթան պետք է կոտրվի հենց առաջին օղակում։
Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ իր ծառայողները ուժ են ցուցադրում, այլ այն ժամանակ, երբ նույնիսկ սեփական համակարգի ներսում ոչ ոք օրենքից վեր կանգնելու հնարավորություն չունի։ Սա է իրավական պետության չափանիշը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
