Մի մարդու պես սպասում ենք Արծվաշեն վերադարձին․ Տաթեւիկ Գրիգորյան
ՀանդիպումԱրծվաշենի եւ Տիգրանաշենի հարցը կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանազատման խնդրին, հայտարարել է, թե 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքը կազմում է 29 743 քառակուսի կիլոմետր, եւ այդ տարածքի մեջ Արծվաշենը ներառված է՝ որպես Հայաստանի էքսկլավ։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել Տիգրանաշենի մասին․ ըստ Փաշինյանի, այն կոչվում է Քյարքի ու ադրբեջանական է։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախագահ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
«ԱՐԾՎԱՇԵՆԸ ՆՈՐԻՑ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»
— Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը՝ ոչ։ Հետաքրքիր է՝ արծվաշենցիների շրջանում ինչպե՞ս ընդունվեց այս հայտարարությունը։ Հույսեր արթնացա՞ն Արծվաշենը հետ վերադարձնելու, թե՞ այլ մտահոգություններ առաջացան։
— Կարծում եմ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ոչ միայն հայերի նկատմամբ, այլ առհասարակ գլոբալ աշխարհում, ծրագրված չարիք է։ Չգիտեմ՝ աշխարհի տերե՞րն են, որոշողնե՞րն են, ի՞նչ չար ուժեր են, որոնք փորձում են մոլորակը գլխիվայր շուռ տալ։ Բայց, ասեմ Ձեզ՝ չի՛ հաջողվելու, կա տիեզերքում արարչական մի շատ գեղեցիկ օրենք, որը երբեք չի խախտվում։ Հավատացած եմ եւ ուզում եմ ամբողջ աշխարհին ի լուր հայտարարել, որ Արծվաշենը, ճիշտ է, ժամանակավոր ադրբեջանցիների ձեռքին է, բայց նորից մերն է լինելու։ Սա իմ եւ ողջ արծվաշենցիների կարծիքն է։ Օրվա իշխանություններն ի՞նչ ծրագիր ունեն, ովքե՞ր են, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես ունեմ մի համոզմունք՝ Արծվաշենը կրկին լինելու է հայկական, նույնը նաեւ Արցախը եւ մեր կորցրած բոլոր տարածքները։
Հիշեցի Սերվանտեսի «Դոն Կիխոտը»։ Դոն Կիխոտի զինակիր ընկերը՝ Սանչո Պանսան, ավելի ռեալիստ, գործնական մարդ է, որը փորձում է ամեն ինչ տեսնել այնպես, ինչպես իրականում կա, իսկ Դոն Կիխոտը հողմաղացների դեմ է անընդհատ կռիվ տալիս։ Այնքան է կարդացած լինում, այնքան է տրվում իր երեւակայությանը, այնքան է լիահույս ու երազանքներով ապրում, որ ամեն ինչ իրական է համարում։ Նա հողմաղացների փոխարեն հսկաներ է տեսնում եւ գնում է նրանց դեմ կռվելու, իսկ Սանչո Պանսան փորձում է նրան բացատրել, որ դրանք պարզապես հողմաղացներ են։
Այսօրվա աշխարհում էլ կան մարդիկ, որոնք իրենց հսկայի տեղ են դրել եւ փորձում են մեզ համոզել, որ մենք Դոն Կիխոտի պես պետք է նայենք շուրջներս ու ասենք՝ վե՛րջ, կորած ենք, թուրքն ու ադրբեջանցին հիմա կգան, մեզ կկոտորեն։ Բայց՝ ոչ։ Մենք պետք է մեր «հողմաղացների» դեմ պայքարենք՝ ե՛ւ հոգեպես, ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆիզիկապես։ Այս երեքը՝ իրատեսական մտածողությունը, հոգեւոր ու բարոյական ուժը պետք է կարողանանք միահյուսել եւ այդպես առաջ շարժվել։ Այսօր պայքարը միայն ֆիզիկական դաշտում չէ․ այն նախ պետք է լինի մարդու մտքում, հոգում եւ իր համոզմունքների մեջ։
Մեզնից յուրաքանչյուրը՝ ցանկացած մարդ՝ լինի հայ կամ օտարերկրացի, կարեւոր չէ, պետք է շատ հստակ ծրագիր ու համոզմունք ունենա։ Այն, ինչ ուղարկում ենք տիեզերք, այն հետ է գալիս մեզ։ Նկատի ունեմ, որ մեր ներսի վախը պիտի վանենք մեզնից։ Համոզված եմ՝ այն մարդը, ով այսօր գոնե մի քիչ հոգեպես իրեն համոզում է, որ չկոտրվի, հաստատ հաղթելու է։ Առաջին հերթին յուրաքանչյուրս ինքներս մեր միջի վախը պիտի հաղթահարենք։
— Ի՞նչ եք կարծում՝ արծվաշենցիները կամ նրանց ժառանգները հնարավորության դեպքում իսկապես պատրա՞ստ են վերադառնալ Արծվաշեն, թե՞ այսօր մնում է միայն առաջնահերթ պատմական հիշողության պահպանումը։
— Ո՛չ, ո՛չ, դա պատրանք չէ։ Ես, որպես հանրային մարդ, շատ-շատ եմ շփումներ ունենում արծվաշենցիների հետ եւ համոզված եմ՝ յուրաքանչյուրը պատրաստ է վերադառնալ։ Վերջերս Ճամբարակում Արծվաշենի անկման 34-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում էր։ Ճամբարակից ուղիղ ճանապարհով ընդամենը 3 կմ հեռավորության վրա է գտնվում Արծվաշենը։ Արծվաշենցիները, նրանց ժառանգները՝ թոռները, ծոռները, ովքեր ներկա էին հիշատակի միջոցառմանը, մեկ մարդու նման սպասում են, որ պետք է հաստատ գնանք Արծվաշեն, պիտի շենացնենք, պիտի մեր կորսված, մեր հնագույն ժառանգությունը փորձենք նորից կենդանացնել, ապրեցնել, ծաղկեցնել։
«ԱՐԾՎԱՇԵՆՑԻՆԵՐՍ ՍՓՅՈՒՌՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
— Դեռեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի բացառվում տարածքների փոխանակումը՝ անկլավների հարցի լուծման համար։ Այսինքն՝ ստացվում է, որ այսօր ուզում են Արծվաշենը ադրբեջանցիներին «փեշքեշ» անել, որ Տիգրանաշենը շարունակի մնալ մերը։ Փաստորեն, արծվաշենցիները համաձայն չե՞ն այս տարբերակի հետ։
— Ոչ մի դեպքում, ոչ մի խելքը գլխին, ուղեղն աշխատող մարդ, երբեք չի համաձայնի, ոչ էլ կմտածի ինքն իր մեջ։ Բոլորս տրամադրված ենք, որ պարտադիր պիտի մեր հողը վերադարձնենք։ Տիգրանաշենն էլ է մերը, ո՞վ է ասում, որ անկլավ է։ Նայեք Սովետական Միության քարտեզը՝ գծված 1926 թ-ին, Հայաստանում ոչ մի անկլավ գոյություն չի ունեցել։ Առավել եւս՝ Արծվաշենը երբեք անկլավ չի եղել, այն եղել է պատմականորեն Դաշտային Արցախում, որը հատվում է Տավուշի սարերի հետ։ Արծվաշենը նույն Գարդմանքն է։ Սահակ Սեւադայի ամրոցը գտնվում է Արծվաշենից՝ Սարատովկայի ուղղությամբ, մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Արծվաշենն ինչ-ինչ իրադարձություններով, պատմության փոթորիկների միջով անցնելով՝ Խորհրդային տարիներին մտել է Հայկական ԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի կազմի մեջ։
— Տիկին Գրիգորյան, իսկ այսօր ի՞նչ կարգավիճակ ունեն Արծվաշենի բնակիչները եւ նրանց ժառանգները։
— 1992 թ․-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ Արծվաշենը դաժանաբար, ստորաբար, դավաճանաբար հանձնվեց Ադրբեջանին, արծվաշենցիներին ոչ մի կարգավիճակ չտրվեց։ Ո՛չ փախստական ենք, ո՛չ էլ այլ կարգավիճակ ունենք, ո՛չ էլ փոխհատուցում ենք ստացել։ Ի դեպ, այսօր սահման պահող են գրեթե բոլոր արծվաշենցի տղամարդիկ, կանայք էլ թիկունքում են սահման պահում։ Հայաստանում կա առանձին Արծվաշեն համայնք, պատկերացնո՞ւմ եք՝ այսօր արծվաշենցիներս սփյուռք ենք մեր հայրենիքում։
«ՈՍԿԵ ՄԻՋԻՆ»-Ը ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ԵԹԵ ԵՂԱՎ, ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏԱԼՈՒ»
— Արծվաշենցիների սեփականության վկայականներն ու փաստաթղթերն իրենց ձեռքո՞ւմ են, պահպանվե՞լ են։
— Այո՛, ինձ մոտ էլ կա, ու շատերն ունեն տան վկայականներ։ Անցյալ տարի, երբ ընտրվեցի «Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հերթին Կարեն Հեքիմյանի հետ, ով միջազգային հարթակներում արծվաշենցիների շահերն է պաշտպանում, այդ փաստաթղթերը վերանայեցինք, դրանք կան։ Եթե չեմ սխալվում, երբ Արծվաշենը հանձնվեց, 4600 բնակիչ է եղել։ Այսօր նրանք հիմնականում հարակից գյուղերում են ապրում, նաեւ կան, որ Հայաստանից էլ են արտագաղթել։ Բայց բոլորը լիահույս են, որ հաստատ մենք հետ ենք գնալու։
— Բայց համաձայնեք, որ այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ խոսել հողերն ազատագրելու, Արցախը՝ Արծվաշենն էլ հետը վերադարձնելու մասին, իրատեսական չէ։ Հետեւապես, արծվաշենցիների համար կա՞ «ոսկե միջին» լուծում։ Օրինակ, երբ Կիրանցում սահմանազատում էին իրականացնում, եղավ աղմուկ, կրքերը թեժացան, հետո գուցե ոմանք փոխհատուցումներ ստացան, բոլորը լռեցին։
— Այստեղ ես ոչ մի միջին լուծում չեմ տեսնում ու կարծում եմ՝ չպիտի լինի միջին լուծում, պիտի լինի միայն մի կարեւոր գերխնդիր՝ պիտի վերադառնանք մեր հայրենիք։ «Ոսկե միջին»-ը չեմ ուզում, եթե եղավ, ուրեմն՝ մենք տանուլ ենք տալու։
Նորից հիշեմ Դոն Կիխոտին, ով կռիվ տալով ասում էր՝ ես հարյուրի եմ արժանի։ Որտեղ գնում էր, խենթի նման ասում էր՝ ես մենակ էլ հարյուրի դեմ կարող եմ կռվել։ Ես չեմ ուզում ասել, թե ես մենակ էլ հարյուրի դեմ կկռվեմ։ Միայն մի բան կասեմ, թող ամբողջ աշխարհն իմանա՝ մաքուր հայը, իսկական հայը ամբողջ աշխարհին արժե՝ իր մշակույթով, իր գիտելիքներով, իր էությամբ, իր ինքնությամբ, աշխարհում առաջին արարչական ազգը լինելով։ Դեռեւս անգլիացի գրող Ջորջ Բայրոնն է ասել․ «Ես սովորեցի հայերի լեզուն, որպեսզի հասկանամ ինչպես եւ ինչ լեզվով էին խոսում աստվածները, քանի որ հայերենը աստվածների լեզուն է... եւ Հայաստանը Աստվածների հայերենիքն է...»: Աստվածների լեզվով խոսող ազգը չի՛ կործանվելու, չի կորչելո՛ւ։ Ժամանակավոր քամիներ են, կգան ու կգնան։ Այո՛, հայ ազգն արժե բոլորին։ Մեր ազգն այս թմրած, քնած վիճակից պետք է արթնանա վերջապես։ Գոնե յուրաքանչյուրս մեր մեջ մի տոկոս պետք է ունենանք Նժդեհին, նրա գաղափարախոսությունով ապրենք ու գործենք։ Գիտակից հայերին եմ դիմում՝ արթնանա՛նք եւ ամեն ինչ լավ կլինի։ Չեմ ասում՝ գնանք հեղափոխություն ու կռիվ անենք, հայի գիտելիքների պաշարն անսահման է, օգտագործե՛նք՝ ի նպաստ հայրենիքի, ի նպաստ Հայաստանի հզորացման։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

