Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ

Սեպտեմբերի 19-ին ի՞նչ «տոն»

Մշակութային

Սեպտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ուսուցման կանաչ կենտրոնում» նախատեսվում է անցկացնել «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փառատոնը տարիների ընթացքում դարձել է գյուղատնտեսության, գյուղական կյանքի եւ տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարթակ։ Այն մեկտեղում է ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների, ձեռնարկատերերի, համայնքների ներկայացուցիչների ու տեղական եւ միջազգային գործընկերների։

Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է՝ բերք, գյուղ, ավանդույթ, արտադրող, համագործակցություն։ Բայց կա մի օր, որը պետական օրացույցի մեջ պարզապես հերթական ամսաթիվ չէ՝ սեպտեմբերի 19-ը։

2023 թվականի այդ օրերին Արցախում ավելի քան 100 հազար հայ ամիսներ շարունակ շրջափակված էր։ Մարդիկ հացի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության միջոցների կարիք ունեին։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը վերջնական փուլ մտցրեց այն գործընթացը, որը հանգեցրեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը։

Այսօր՝ երեք տարի անց, այդ օրը հազարավոր մարդկանց համար շարունակում է մնալ կորստի, տեղահանության, չավարտված հարցերի եւ պատասխանատվության պահանջի խորհրդանիշ։ Ու հենց այս ֆոնին պետությունը սեպտեմբերի 19-ին կազմակերպվող միջոցառումը ներկայացնում է որպես «Բերքի տոն»։

Այստեղ խնդիրը, իհարկե, գյուղատնտեսական փառատոների գոյությունը չէ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, թե պետությունն ինչո՞ւ է նման միջոցառում կազմակերպում։ Հարցը պետական վերաբերմունքն է։ Հարցն այն է՝ ի՞նչ ուղերձ է հղվում հասարակությանը, երբ ազգային ծանրագույն իրադարձություններից մեկի տարելիցին պետական կառույցի հովանու ներքո անցկացվում է տոնական միջոցառում։ Արդյո՞ք պետության համար սեպտեմբերի 19-ը սովորական օր է։ Արդյո՞ք երեք տարին բավարար է, որպեսզի այդ օրը հանրային հիշողության մեջ կորցնի իր առանձնահատուկ նշանակությունը։ Գուցե իշխանությունների համար ավելի հարմար է պարզապես չնայել այդ ամսաթվի աչքերի մեջ։ Բայց, հիշողությունը պետական միջոցառում չէ, որ կարելի է ներառել օրացույցի մեջ կամ դուրս հանել դրանից։ Այն չի անհետանում այն պատճառով, որ բեմում երաժշտություն է հնչում, տաղավարներում գյուղմթերք է ցուցադրվում։

Եվ այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցը՝ ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում, եթե նույնիսկ ողբերգության տարելիցի նկատմամբ պետական օրացույցը չունի զգայունության նվազագույն չափանիշ։ Գյուղացու աշխատանքը, բերքը, տեղական արտադրությունը, գյուղական ավանդույթների պահպանումն, անշուշտ, արժանի են ուշադրության։ Բայց դրանց համար տարվա մեջ 364 օր կա։ Իսկ սեպտեմբերի 19-ը վերջին տարիների հայ իրականության մեջ առանձնահատուկ բովանդակություն ունեցող օր է դարձել։ Պետությունը կարող էր ընտրել մեկ այլ օր։ Բայց ընտրվել է հենց սեպտեմբերի 19-ը։ Եվ այդ ընտրությունը, ուզենք թե չուզենք, արդեն քաղաքական եւ բարոյական ուղերձ է։ Հատկապես այն դեպքում, երբ նույն իշխանությունը տարիներ շարունակ խոսում է «խաղաղության օրակարգի», «նոր իրականության» եւ անցյալին այլ կերպ նայելու անհրաժեշտության մասին։ Խաղաղությունը, սակայն, հիշողության ջնջում չէ։ Նոր իրականությունը չի սկսվում` հին ցավը պետական օրացույցից հանելով։ Իսկ «ավանդույթը» չի կարող վերածվել այնպիսի ձեւակերպման, որի տակ թաքցվում է ազգային ողբերգության նկատմամբ անտարբերությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ