ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով
«Իրավունքի» զրուցակիցն է 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանի հայաստանյան փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.
- Պարոն Մարտիրոսյան, Մեր այն հարցին ,թե ինչ տեղաշարժ կա Խորխոռունու սպանության գործով հետախուզվող Հրայր Նարիմանյանի էքստրադիցիաի գործից, Դուք բավական կոշտ գնահատական տվեցիք սեպտեմբերի 3-ի դատարանի որոշմանը՝ այն անվանելով նույնիսկ «անորակ փաստաթուղթ»։ Ի՞նչն է Ձեզ թույլ տալիս այդքան կտրուկ գնահատական տալ։
- Դատարանի այս ակտը ուսումնասիրելուց հետո ես ստիպված եմ արձանագրել, որ այստեղ խոսքը պարզապես առանձին թերությունների մասին չէ։ Իմ մասնագիտական գնահատմամբ՝ մենք գործ ունենք մի դատական ակտի հետ, որը որպես իրավական փաստաթուղթ չի համապատասխանում այն հիմնավորվածության և անհատականացված պատճառաբանության չափանիշներին, որոնք պետք է ներկայացնի ազատությունից զրկելու վերաբերյալ դատական ակտը։
Նախ՝ Հրայր Նարիմանյանը սեպտեմբերի 4-ի դրությամբ արդեն վեց ամիս գտնվում էր կալանքի տակ։ Այսինքն՝ երբ դատարանը քննարկում էր ևս վեց ամսով կալանքը երկարաձգելու հարցը, այլևս բավարար չէր պարզապես արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը դեռ քննարկում է Հայաստանի Հանրապետության արտահանձնման հարցումը։
Դատարանը պետք է պարզեր շատ ավելի կոնկրետ հարց՝ այդ վեց ամիսների ընթացքում ի՞նչ է արել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը, ինչպիսի ջանասիրություն է ցուցաբերել արտահանձնման հարցը ողջամիտ ժամկետում լուծելու համար, և կոնկրետ ի՞նչ գործողություններ են դեռևս անհրաժեշտ կատարել առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Եվ այստեղ դատական ակտը, իմ գնահատմամբ, լուրջ խնդիր ունի։ Դրանից մենք չենք տեսնում այդ հարցերի պատասխանը։
Ավելին՝ Հրայր Նարիմանյանը իր պաշտպանի միջոցով դիմել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությանը և հայտնել, որ ինքը ցանկանում է, որպեսզի արտահանձնման հարցը լուծվի արագացված կարգով։ Այսինքն՝ անձը ոչ միայն չի փորձում ձգձգել ընթացակարգը, այլ հակառակը՝ ինքն է շահագրգռված դրա արագ ավարտով։Արդյոք էական հանգամանք չէ, եթե անձը համագործակցում է ընթացակարգի արագ լուծման ուղղությամբ։ Դատարանը պետք է առանձնահատուկ կերպով գնահատեր՝ ինչու է այդ անձի նկատմամբ անհրաժեշտ շարունակել ամենախիստ խափանման միջոցը ևս վեց ամիս։Ավելին՝ դատական ակտից չի երևում, թե այդ լրացուցիչ վեց ամիսների ընթացքում կոնկրետ ինչ պետք է կատարվի, որը չի կարող կատարվել ավելի կարճ ժամկետում։
Այս ամենը ինձ թույլ է տալիս ասել, որ խնդիրը պարզապես դատական ակտի թերությունը չէ։ Դատական ակտի պատճառաբանության մակարդակն ինքնին լուրջ հարցեր է առաջացնում դրա որակի և հիմնավորվածության վերաբերյալ։
- Իսկ դատարանը քննարկե՞լ է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը, եթե այո, ապա ինչքանով է դատարանի պատճառաբանությունը հիմնավոր:
- Իմ գնահատմամբ՝ հիմնական խնդիրը ոչ թե այն է, որ դատարանը ընդհանրապես չի պատճառաբանել կալանքի երկարաձգումը, այլ այն, որ պատճառաբանությունը չի պատասխանում ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ևս վեց ամիս Նարիմանյանին պահել ազատությունից զրկված վիճակում։ Արտահանձնման գործով կալանքը չի կարող վերածվել ինքնանպատակ կալանքի։ Դատարանը պետք է պարզեր՝ այս վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի իրավասու մարմիններն ի՞նչ կոնկրետ գործողություններ են կատարել արտահանձնման հարցը լուծելու համար, ի՞նչ գործողություններ են դեռևս անհրաժեշտ, ինչ ժամկետ է դրա համար օբյեկտիվորեն պահանջվում և ինչու այդ ընթացքում անձին հնարավոր չէ պահել ավելի մեղմ միջոցի պայմաններում։Իսկ եթե անձը, ըստ ինքն է դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ արտահանձնման հարցը հնարավորինս արագ լուծելու խնդրանքով, ապա դատարանը պարտավոր էր այդ հանգամանքին տալ առանձին և իրական գնահատական։ Հետևաբար այստեղ ես տեսնում եմ ոչ այնքան ձևական պատճառաբանություն, որքան անհատականացված և բավարար պատճառաբանության բացակայություն։ Նկատենք, որ այնուամենայնիվ դատարանը աննշան պատճառաբանություն տվել է,և ես դա չեմ ժխտում։ Բայց իրավական խնդիրը հենց այստեղ է։ Ընդհանուր ձևակերպումը դեռևս անհատականացված պատճառաբանություն չէ։Դատարանը պետք է ցույց տար՝ Նարիմանյանի վարքագծում կամ գործի կոնկրետ հանգամանքներում ո՞ր փաստն է վկայում, որ նա կարող է թաքնվել, խոչընդոտել վարույթին կամ ազդել որևէ անձի վրա։ Ո՞վ է այն անձը, որի վրա նա կարող է ազդեցություն ունենալ։ Ի՞նչ գործողություն է նա կատարել, որը ցույց է տալիս նման ռիսկ։ Ինչո՞ւ տնային կալանքը, կամ այլ պարտականություններ չեն կարող չեզոքացնել այդ ռիսկը։ Դատարանը պետք է պատասխաներ նաև ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ այն ռիսկը, որը, ըստ դատարանի, գոյություն ունի այսօր, հնարավոր չէ կառավարել ավելի մեղմ միջոցներով։Եթե դատարանը պարզապես գրում է՝ կարող է խոչընդոտել, կարող է թաքնվել, տնային կալանքը բավարար չէ, ապա դա դեռևս չի նշանակում, որ այդ վտանգը փաստորեն հաստատված է։Քրեական դատավարությունում ազատությունից զրկումը բացառիկ միջոց է։ Հետևաբար դատարանի պատճառաբանությունը պետք է լինի ոչ թե վերացական, այլ կոնկրետ, անհատականացված և համաչափ»։
- Պարոն Մարտիրոսյան ինչպես եք գնահատում,կարող է արդյոք Նարիմանյանի արտահանձնման ձգձգումը կապված լինի ռուս-հայկական քաղաքական լարված հարաբերություններից։
- Այս հարցում պետք է զգույշ լինել։ Չնայած նրան , որ Դատարանը իր իրավական գործառույթն է իրականացնում, այդուհանդերձ դատական ակտի որակական բացակայությունը՝ իրավական տեսանկյունից, այնուամենայնիվ մտածելու տեղիք է տալիս։ Հենց այդ հարցն էլ առավել մտահոգության պատճառ է դառնում։ Մի կողմից կա Հ․Նարիմանյանի կողմից ցանկություն շուտափույթ քննությանը ներգրավել և արդարանալ, մյուս կողմից մտավախությունը հենց նշված պայմանն է։Եթե արտահանձնման ընթացակարգում, դատարանը առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում նրա ազատությունից զրկման իրավաչափությունը, չկան իրական և ընթացիկ անհրաժեշտություն, ինչը նշանակում է, որ գործընթացը պարզապես անհիմն ձգձգվում է։Մեզ ոչինչ չի մնում, քան կասկածել որ Հ. Նարիմանյանի արտահանձնման գործընթացում բացառված չէ քաղաքակական ենթատեքստը։ Ի դեպ արտահանձնման գործընթացում բարձրացվել է նաև այն հարցը, որ Նարիմանյանը չի փորձում ապաստան հայցել, չի վկայակոչում նախկինում նույն հիմերով կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև առավել կարևոր հարցեր, որոնք դեռևս գաղտնի են։ Իսկ դրանք հստակ արձանագրում են, որ Նարիմանյանի մոտ բացակայում են որևէ տեսակի դատավարական խնդիր ստեղծելու մտադրությունը։ Միևնույն ժամանակ նշեմ, որ ես չեմ ուզում ասել, որ Ռուսաստանի ամբողջ դատական համակարգը վատն է։ Դա իրավաբանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ես ասում եմ շատ ավելի կոնկրետ բան․ այս որոշման պատճառաբանությունը այնպիսի հարցեր է առաջացնում, որոնք, իմ գնահատմամբ, չեն ստացել պատշաճ իրավական պատասխան։
- Իսկ ինչպես եք գնահատում ՀՀ դատախազության դերը այս գործում։
- Նախորդ իմ հրապարակումներում անդրադարձել եմ ՀՀ դատախազության այս հարցի վերաբերյալ ձեռնարկումներին և նշել եմ , որ մեր միջնորդություններին օպերատիվ արձագանք է տրվել։Ներկայումս այն բանից հետո, երբ նոր իրավիճակ է ստեղծվել, երկարաձգվել է կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 04.03.2027 թ-ը այսինքն մեկ տարի ամբողջ ժամանակահատվածով,մենք տեղեկացրել ենք ՀՀ Գլխավոր դատախազությանը դատարանի որոշման մասին և փաստորեն Հ․Նարիմանյանը որպես ՀՀ քաղաքացի, խնդրել ենք գործուն միջոցներ ձեռնարկել արտահանձնման գործընթացը արագացնելու համար։Իսկ թե ինչքանով է քաղաքական ավելի հստակ կարող է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազությունը, քանի որ դատախազությունն է առավել տիրապետում բոլոր հետախուզվող անձանց գործընթացներին։
- Եվ վերջին հարցը։Պարոն Մարտիրոսյան ՁԵր բոլոր հրապարակումներից հետևում է , որ պաշտպանական կողմը ջանքեր է գործադրում Հ․ Նարիմանյանին վարույթին ներկայացնելու համար։Կա արդյոք ինչ որ մարտավարություն, չէ որ արդեն իսկ պատկան մարմինները հայտարարել են գործը բացահայտված լինելու մասին։
- Եթե պատկան մարմինները համարում են , որ բռնի ուժով , ինչպես Նարիմանյանի նկատմամբ, այնպես էլ Հ․Նարիմանյանի ամուսնու ներկայությամբ Հ․Նարիմանյանին ծեծելով, և նախքան առերեսում կատարելը նախապես բռնի ,, դաս ,, տալու միջոցով ձեռք բերված կեղծ տեղեկությունները ապացույցի օբյեկտիվ հատկություն ունեն, որում ես խիստ կասկածում եմ, ապա կարող են դատապարտել։Հրայր Նարիմանյանը առիթից օգտվելով է գալիս կամավոր Հայաստան, նա ցույց է տալու որտեղ , որ խցում , ինչ ջերմային սարգի են կապել, ինչպես է ենթարկվել ստի դետեկտորի ստուգման և պահանջել խոստովանել սպանությունը։ Նա ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել նրան։Մյուս կողմից մեզ համար անհրաժեշտ է , որ բացահայտվի մեր ազատագրական պայքարի ակունքներում կանգնած Մեծ Մարդու սպանությունը։ Ես չեմ ուզում գտնվեն մարդիկ , ովքեր կատարել են այդ դաժան արարքը և մնան ազատության մեջ։Իսկ Հրայր Նարիմանյանը, ով անհիմն հետախուզվում է , ներկայանալու է քրեական վարույթին և անկասկած նա արդարանալու է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
