Վերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեման
«Իրավունքը» առիթ ունեցելու է անդրադառնալու Վայքի ՔՊ-ական համայնքապետի վերաբերյալ վայքեցիների ահազանգին, ովքեր հույս էին հայտնել, որ վարչապետը գոնե այս կերպ ԶԼՄ-ի միջոցով գուցե տեղեկանա, թե ինչպես են իր կուսակիցները արհամարում օրենքն ու ժողովրդավարությունը։
Խոստացել էինք, որ հետամուտ ենք լինելու, լրագրողական օբյեկտիվ հետաքննության շրջանակում պարզելու ահազանգերն ու իրականությունը։ Ու մինչ պաշտոնական գրությունների պատասխանները ստանալը փորձել էինք կապվել համայնքապետի հետ, նրան հարթակ տրամադրելու, որպեսզի ինքը կամ հաստատի կամ հերքի ահազանգերում տեղ գտած փաստերը։ Նախ համայնքապետը անհասանելի էր, իսկ հրապարակումից կարճ ժամանակ անց ինքը կապվեց։ Անկեղծ, ուրախացանք, մտածելով, որ էլ պաշտոնական գրություններին չենք սպասի, մարդը ինքը կփաստի կամ կհերքի իր համայնքի բնակիչների մտահոգությունները։ Բայց, ավաղ, ներկայացնում ենք համայնքապետի հետ հարց ու պատասխանը առանց խմբագրման․
-Պարոն Մխիթարյան, համայնքի բնակիչներից ահազանգեր ենք ստացել ենք, ուզում ենք անձամբ կամ հերքեք կամ հաստատեք։
-Ասեք, տեսնեմ․․․
-Նախ, սկսենք Ձեր դիպլոմից, ասում են՝ թեեւ Դուք նշում եք, որ դիպլոմ ունեք, սովորել եք, բայց որեւէ մեկը այդ տարիներին սովորած Ձեզ չի հիշում, կասեք, ո՞վ էր «Գալիք» համալսարանում, օրինակ Ձեր ֆակուլտետի դեկանը, կամ ամբիոնի վարիչը․․․
-Ինչ անեմ, չեն հիշում։
-Ոչինչ մի արեք, ընդամենը ասեք՝ հիշողությունները թարմացնենք։
-Լավ էլի, վերջ, վերջ․․․
Ու անջատեց ժողովրդավար համայնքապետը հեռախոսը՝ կրկին անհասանելի դառնալով։ Ու սա այն դեպքում, երբ մենք նրան հարթակ էինք տրամադրել՝ հնարավորություն տալով հերքելու բնակիչների մտահոգությունները։ Այսքանից հետո մենք մեզ իրավունք կարող ենք վերապահել եզրակացնելու, որ պարոն համայնքապետի աքիլեսյան գարշապարին ենք մոտեցել, որն էլ հունից հանեց ի սկզբանե իբեւ պատրաստակամ հարցերին պատասխանող համայնքապետին։
Մենք, մեկ անգամ եւս հորդորում ենք ՔՊ-ով իրեն ապահովագրած համայնքապետին լինել ազնիվ իրեն քվե տված ժողովրդի առաջ, ՔՊ վերնախավին էլ խնդրանք՝ ասեք թող ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած համայնքապետը հաշվետու լինի հպարտ քաղաքացիների առաջ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
