Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին
Սիբիրում մեթանի արտանետումների աճը կարող է արագացնել գլոբալ տաքացումը և առաջիկա տասնամյակներին մեծացնել լայնածավալ անտառային հրդեհների վտանգը։ Այս մասին վկայում է միջազգային գիտնականների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Science ամսագրում։
Գիտնականների հաշվարկներով՝ 2010–2023 թվականներին Սիբիրում մեթանի արտանետումները տարեկան միջինում աճել են մոտ 5%-ով, իսկ 2020-ին արդեն կրկնակի գերազանցել են 2010-ի ցուցանիշը։ Պատճառները տարածաշրջանի տարբեր հատվածներում տարբեր են․ Արևմտյան Սիբիրում տաք ձմեռներն ու ավելի վաղ ձնհալը նպաստում են ճահճային տարածքներից մեթանի արտազատմանը, իսկ Արևելյան Սիբիրում շոգ ու չոր ամառները մեծացնում են անտառների և տորֆային տարածքների հրդեհների հավանականությունը։
Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փալմերը Սիբիրի հավերժական սառույցներում կուտակված ածխածնի հսկայական պաշարն անվանել է «քնած հսկա»։ Ամենաբացասական կլիմայական սցենարների դեպքում մինչև 2050 թվականը տարածաշրջանում մեթանի տարեկան արտանետումները կարող են ավելանալ ևս 13–25 տերագրամով, սակայն գիտնականները շեշտում են, որ նման երկարաժամկետ կանխատեսումները զգալի անորոշություն ունեն։
ՌԴ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի սառցադաշտաբան Նիկոլայ Օսոկինի խոսքով՝ առավել վստահելի արդյունքը հենց Սիբիրում մեթանի արտանետումների աճի արձանագրումն է։ Նրա գնահատմամբ՝ Արևելյան Սիբիրի բնակիչներն առաջիկայում կարող են ավելի հաճախ բախվել հրդեհների, ծխի և ենթակառուցվածքների վնասման վտանգին, իսկ արևմտյան հատվածներում կարող են մեծանալ հողի նստվածքի, գերխոնավացման և շենքերի, ճանապարհների ու խողովակաշարերի վնասման ռիսկերը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

