Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին
Սպորտ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ «Crypto.com» արենայում, կայացել է խառ մենամարտերի (MMA) UFC 331 խոշոր մրցաշարը։
Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում օկտագոն էին դուրս եկել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն ու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։
Դիմակայությունն ավարտվել է մեկնարկային 5-րոպեանոց հատվածի ավարտից ընդամենը վայրկյաններ առաջ. Ծառուկյանը մրցակցին սեղմել է ցանցին և արմունկի երկու հաջորդական, շեշտակի հարվածներով նրան տապալել օկտագոնի հատակին՝ գրանցելով ուղիղ նոկաուտ։
Այսպիսով, 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերի իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրեց 24 հաղթանակի (որոնցից 16-ը՝ ժամկետից շուտ), նրա ակտիվում կա նաև 3 պարտություն։ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին, որը մինչ այս ուներ 14 հաղթանակ (13-ը՝ ժամկետից շուտ), կրեց իր կարիերայի 3-րդ պարտությունը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk