ՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Քննչական կոմիտեն օրենքով գողեր «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին, և «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ։ Նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։
Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն արդեն մուտքագրվել է դատարան։ Մինչ այս պահը դատարանը, սակայն, չի քննել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Հատկանշական է, որ «Զապ»-ը և «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են սեպտեմբերի 22-ին, և շուտով կլրանա 72-ժամը ձերբակալման, իսկ նրանց միջնորդությունը պետք է քննվի մինչ այդ, այլապես ազատ կարձակվեն։
Հիշեցնենք, որ «Զապ»-ն ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել էին առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Ըստ ՆԳՆ-ի՝ այսպես կոչված «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ՝ այսպես կոչված «օրենքով գող»՝ Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն, պարզաբանումներ կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի և նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։
Նրանք, ըստ ՆԳՆ-ի, հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել։
Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան, իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

