Իրականությունից կտրվածները
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական կյանքը վերջին օրերին այնքան տարօրինակ տեսարանների շարք է հիշեցնում, որ երբեմն դժվար է հասկանալ՝ պետությա՞ն մասին ենք խոսում, թե՞ քաղաքական ռեալիթի-շոուի հերթական սերիայի։
Մի կադրի մեջ՝ Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռում ու հողաթափերն է ցուցադրում։ Մյուս կադրում մանդատավոր իբրեւ թիվ մեկ ընդդիմությունն է`իրեն թիվ մեկ բնապահպանի տեղ դրած` Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ Տիգրանաշենում ծառ տնկում։ Երրորդում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են. իրենց քաղաքական առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ, ասուլիսների շքերթ են անում: Իսկ չորրորդ կադրում, որն ինչ-որ պատճառով ամենաքիչն է նկարահանվում, քաղաքացին է։ Նա կանգնած է այդ ամբողջի մեջտեղում ու փորձում է հասկանալ՝ իսկ այս ամենից իր կյանքում ի՞նչ է փոխվելու։
Սկսենք հողաթափերից: Փաշինյանը ինքնաթիռում ցուցադրում է իր հողաթափերը։ Լուրը տարածվել է հենց այդ ձեւակերպմամբ: Իհարկե, որեւէ օրենք չի արգելում վարչապետին ինքնաթիռում նույնիսկ անդրավարտիքը ցուցադրել եւ խնդիրը նույնիսկ «չստիկները» չեն, այլ քաղաքական մշակույթը «չստիկի» մակարդակի իջեցնելն է: Համաձայնեք, որ տարօրինակ փոխակերպում է, որի պայմաններում պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մասին խոսակցության կողքին անընդհատ հայտնվում են կենցաղային մանրուքները` որպես քաղաքական հաղորդակցության առանձին բովանդակություն։
Բայց քաղաքացին ավելի կարեւոր հարցեր ունի` ի՞նչ է լինելու իր անվտանգության հետ, ի՞նչ է լինելու սահմանների հետ, ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ, ի՞նչ է լինելու տնտեսության հետ, ի՞նչ է սպասվում ձմռանը, ի՞նչ է լինելու իր երեխաների ու թոռների ապագան: Եվ այդ հարցերի պատասխանի փոխարեն նրան ցուցադրում են հողաթափեր:
ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՎ
Ու ամենատխրեցնողն այն է, որ մանդատավոր ընդդիմությունն էլ չի փայլում իր բովանդակությամբ: «Ուժեղ Հայաստանը» Անկախության օրը նշել է Տիգրանաշենում։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ իրենց այս տարվա անկախության մարտահրավերը Տիգրանաշենն է, եւ այնտեղ ծառատունկ է կազմակերպվել։ Միաժամանակ ներկայացվել են նաեւ զբոսաշրջության, շուկայի եւ բնակիչներին աջակցելու գաղափարներ: Բայց, կներեք, այս քաղաքական ուժը նախընտրական շրջանում ոչ թե ծառատունկ էր խոստանում, այլ` գործարաններ կառուցել: Հետեւապես, «զադերժկան» ինչո՞ւմ է, որ այն չեն կառուցում հենց Տիգրանաշենում: Եվ ընդհանրապես` ի՞նչ զբոսաշրջիկներ են տանելու Տիգրանաշեն, որ ի՞նչ տեսեն, դա էլ հո «Երեւան դարձած իմ Էրեբունին» չէ, այլ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով «Քյարքի դարձող Տիգրանաշենն է»: Ուրեմն` ի՞նչ լուծում է առաջարկում ընդդիմությունը, ծառ տնկել, հովին թի՞նկը տալ, ինչ լինի, թող լինի՞: Եվ ամենակարեւորը` ովքե՞ր են լինելու Տիգրանաշեն գնացող «զբոսաշրջիկները», կարո՞ղ է «պատահաբար» ադրբեջանցիներ լինեն:
Անխոս, ծառ տնկելը գեղեցիկ պատկեր է։ Այն հեշտ է նկարել, հեշտ է տարածել, հեշտ է վերածել քաղաքական խորհրդանիշի։ Բայց պետություն պահելու համար միայն ծառը քիչ է։ Պետք է անվտանգություն, տնտեսական կյանք, պետական քաղաքականություն, որը ոչ թե մեկ օրվա համար է նախատեսված, այլ տասը, քսան, երեսուն տարվա։ Որովհետեւ եթե Տիգրանաշենը պետք է պահել, ապա պետք է այնտեղ ապրել։ Եվ եթե այնտեղ պետք է ապրել, ապա պետք է ոչ միայն ծառ տնկել, այլեւ այնպես անել, որ այնտեղ ապրող մարդը վաղը չմտածի՝ վաղն ինչ կլինի իր ու իր ընտանիքի հետ:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱԴՐԻՑ ՉԵՆ ԻՋՆՈՒՄ
Եվ ահա երրորդ տեսարանը։ Սեպտեմբերի 23-ին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ասուլիս են տվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Սեւակ Խաչատրյանը եւ փաստաբան Արամ Օրբելյանը:
Ասուլիսի հիմնական թեմաներից էին Քոչարյանի շուրջ ստեղծված իրավական գործընթացները, նրա ընտանիքի հետ կապված ընկերությունների կապարակնքումը եւ իշխանության քաղաքականությունը։ Այսպիսով՝ քաղաքական դաշտի այս բեւեռն էլ իր հերթին անում է այն, ինչ անում է վերջին ութ տարում` քննադատում է Փաշինյանին, բայց դրանից միայն շահում է հենց ինքը` Փաշինյանը: Որովհետեւ այս մարդկանց հոգսը ոչ թե ժողովուրդն է, այլ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը, իրենց մանդատներն էլ պինդ պահելը, ինչպես եղավ 2021 թվականից հետո: Դրա համար էլ խոսում են ու խոսում, իսկ հետո ցրվում տներով, հիմա արդեն ընտրել են ոչ թե փողոցն, այլ հարմարավետ ու տաքուկ ասուլիսի համար նախատեսված սենյակները:
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Ահա այստեղ է սկսվում իրական խնդիրը։ Հայաստանի քաղաքական դաշտում կարծես բոլորը չափազանց զբաղված են իրենք իրենցով, բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ոչ ժողովրդի մասին: Իսկ քաղաքացին ուզում է ոչ թե հերթական քաղաքական հերոսին։ Նա ուզում է նորմալ պետություն։
Հենց այստեղ էլ առաջանում է ամենացավոտ զգացողությունը։ Ոչ այն, որ որեւէ մեկը գիտակցաբար որոշել է ժողովրդին ծաղրել։ Այլ այն զգացողությունը, որ քաղաքական դասը երբեմն կորցրել է հասարակության իրական տրամադրության զգացումը։ Որովհետեւ երբ մարդը մտածում է անվտանգության մասին, իսկ քաղաքական հոսքում հայտնվում է վարչապետի հողաթափերի տեսանյութը, հակադրությունն ակնհայտ է։ Երբ Ռոբերտ Քոչարյանի թիմը հերթական ասուլիսն է անում ու իշխանությանը ներկայացնում որպես երկրի բոլոր խնդիրների աղբյուր, քաղաքացին կարող է նույնքան բնական հարց տալ՝ իսկ դուք ի՞նչ եք առաջարկում հիմա։ Ոչ թե 2018-ին, ոչ թե 2021-ին, ոչ թե ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, այլ` հիմա:
Վերջիվերջո, քաղաքացուն չի հետաքրքրում, թե ով է ավելի գեղեցիկ տեսանյութ նկարում։ Նրան հետաքրքրում է՝ ով է կարողանալու իր ասածը վերածել պետական քաղաքականության։ Քաղաքացին հարցնում է՝ «Լավ, բա ես ե՞րբ եմ ապրելու»։ Սա է այն հարցը, որին ոչ հողաթափերը կարող են պատասխանել, ոչ ծառը, ոչ էլ ասուլիսը։
Պետք է ծրագիր, պատասխանատվություն, արդյունք, որոնցից ոչ մեկն էլ ոչ տեսել ենք, ոչ լսել: Եվ, ամենակարեւորը, պետք է իրական գաղափարախոսություն, որը քաղաքացուն չի դիտարկում որպես ընտրությունների ժամանակ ակտիվացող քվեաթերթիկ։ Ժողովուրդը ոչ իշխանության ֆան-ակումբն է, ոչ ընդդիմության: Իսկ ծափ տալուց հոգնել է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk