Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան
ՆերքաղաքականԹՐԻՓՓ-ի`«Թրամփի ուղի» նախագիծը հետաձգվում է մինչեւ 2027 թվականը: Թե ինչն է պատճառը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց միջազգայնագետ-քաղաքագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:
— Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Եմենի հութիների «Անսարուլլահ» ուժերի կողմից անակնկալ ռազմական օպերացիան Եմենի արեւմտյան ափն օկուպացրած Սաուդական Արաբիայի ենթակայության տակ գտնվող ուժերի դեմ արմատականորեն փոխեց ոգեքաղաքական ակտորների կարգավիճակը: Եթե մինչ այս իրադարձությունը գնում էր փակված Հորմուզի նեղուցի շուրջ արծարծվող տեղայնացված, փոխադարձ հարձակումների մասին Իրանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ ու Թրամփի վարչակազմին որոշ չափով հաջողվում էր քողարկել ստեղծված բարդ տնտեական իրավիճակն ավելի վարդագույն երանգներով, ապա հութիների ռազմական հաջողության պահից ի վեր փակվեց նաեւ Բաբ էլ-Մանդեբը:
Նախընտրական քարոզչության արշավի կարեւոր փուլում գտնվեղ ԱՄՆ վարչակազմի համար սա աղետաբեր է: Հանրային կապերի տիրույթի նարատիվներով եւ տեղեկատվական շղարշների օգնությամբ այլեւս հնարավոր չէ պայծառ երանգներ տալ միջին վիճակագրական ամերիկացու տնտեսական կորուստներին: Բենզինի գներն ուղղակի ազդեցություն ունեն ներքաղաքական այս կարեւոր փուլում: Հանրապետականների էլեկտորատի շրջանում անգամ քաղաքացիների 70 տոկոսը ծայրահեղ դժգոհ են Իրանի դեմ Թրամփի մղած պատերազմի ներկայիս կարգավիճակից եւ պահանջում են անհապաղ լուծում: Դեմոկրատներն արդեն ավելի բարձր ռեյտինգային ցուցանիշներ ունեն, եւ Թրամփի պոպուլիստական կոչերն ու հայտարարություններն այլեւս անկարող են այլ կերպ համոզել ընտրողներին:
Նման պայմաններում առաջ տանել ԹՐԻՓՓ-ի նախագիծը՝ որպես Իրանի դեմ Թրամփի հայտարարած տնտեսական պատերազմի կարեւոր գործիք, եւս որեւէ կերպ չի փոխում ԱՄՆ պատմության մեջ ամենացածր ռեյտինգ արձանագրած այս նախագահի կարգավիճակն ընտրողների աչքում: Դա ամենեւին չի նշանակում, որ Թրամփը եւ նրան սատարող տրանսատլանտյան խորքային պետության ներկայացուցիչները վազն են անցել նախագծից: Այլ կարեւորագույն ռեսուրսների սղության հետեւանքով ստեղծված Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի արաբական երկրներում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետեւանքով, ԹՐԻՓՓ-ի ջատագովները ստիպված եղան նախապես հայտարարված «մինչեւ 2026–ի վերջը» ժամանականիշը փոխել եւ հայտարարել նորը՝ «2027-ի սկիզբ»: Հայտարարությունն արտաբերեց Բայրամովը, ով միաժամանակ փորձեց նման հետաձգումը ներկայացնել որպես «դրական» զարգացում`շեշտելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հատվածներն արդեն գրեթե ամբողջապես կառուցված են, իսկ հայկական կողմում երկաթգիծը հին է, խնդրահարույց է, եւ դեռ ավելին պետք է արվի, եւ ԹՐԻՓՓ-ի կառուցման Գյումրիի երկաթգծի մասին խոսեցին` շեշտելով, որ հայկական տարածքով անցնող երկաթգծի հատվածը պատրաստ չէ եւ ժամանակ է պահանջում: Սրան ավելացավ նաեւ արդեն սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Նիկոլի խոստումը եվրոպացիներին, որ երկաթգծի հետ կապված խնդիրները շուտով կլուծի: ԵՄ-ն իր հերթին, հանձին Ուրսուլա ֆոն Դեր Լայենի, խոստացավ, որ 12 միլիարդ եվրո կհատկացնի Միջին միջանցքի կառուցմանը:
Հայտարարությունները` հայտարարություններ, սակայն իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ: Ինչպես տեսնում ենք վերը նշված հայտարարություններից` նշված բոլորի փորացավը «Հայաստանի երկաթգիծն է», իսկ ավելի ճիշտ`հայաստանյան երկաթգծի 74 տոկոսանոց սեփականատեր «Ռուսական երկաթգծերը»: Տարատեսակ փորձերը, օգտագործել բանակցային փուլեր, բաժանարար գծեր ստեղծելու Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ողջ ամառվա ընթացքում, ԱՄՆ-ին (Արեւմտյան բլոկին) ոչ միայն չտվեցին ցանկալի արդյունքներ, այլ Իրանը եւ Ռուսաստանը Եմենի հութիների հետ ավելի խորացված համագործակցությամբ` կարողացան ավելի խորքային տնտեսական ճգնաժամ ստեղծել վերջիններիս համար: Ըստ այդմ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը ոչ մի տեղ չեն շտապում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk