Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա
ՀայրենակիցներԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱԺԵՇՏ ՂԱՐԱԲԱՂԻՆ
Բացառիկ զրույց ենք ունեցել ռուսական օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ, օպերային եւ կամերային երգչուհի, դերասանուհի, թատերական մանկավարժ եւ հասարակական գործիչ ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ հետ։
— Լյուբով Յուրեւնա, ինչպե՞ս Հայաստանը Ձեր կյանք մտավ։
— Ես Հայաստանում հայտնվեցի ծնողներիս հետ։ Հայրս զինվորական ծառայության ընթացքում բարձր պաշտոնի հասավ՝ նշանակվելով բանակի հրամանատար։ Երեւանում մենք ապրում էինք Աբովյան փողոց № 32 հասցեում։ Ծնողներս շատ էին շփվում հարեւանների հետ՝ հրաշալի կրթված, ինտելիգենտ, իմաստուն՝ կյանքում։ Ես քիչ բան չքաղեցի այս բարձրակիրթ մարդկանց հետ զրույցներից։ Դպրոցում զարմացնում էր ուսուցիչների մակարդակը. երբեմն նրանք ռուսերեն ավելի լավ էին խոսում, քան Ռուսաստանում ծնվածները՝ շատ կիրթ, պրոֆեսիոնալ ուսուցչական կազմ էր։
— Դուք միշտ օգնության եք հասնում Հայաստանին...
— Հայաստանը իմ հասունանալու երջանիկ շրջանն է։ Շատ ընկերներ ունեի, որոնք հետո գնացին Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա։ Բայց նրանք ջերմ, իրենց երկրի արժանապատվությունը պահող մարդիկ են։ Եվ երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ես Արցախում՝ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում, համաշխարհային օպերային աստղերի ինտերնացիոնալ համաստեղության հետ անցկացրի Վերդիի «Ռեքվիեմ» մեծածավալ միջոցառումն այս ողբերգության սարսափելի կադրերի հեռարձակմամբ՝ ի հիշատակ տուժածների եւ հանուն բոլոր ողջերի, դա եղավ իմ հարգանքի տուրքը այն ժողովրդի նկատմամբ, որը կարողացավ կանգուն մնալ, ապրել ու պահպանել իր պատմական հիշողությունը։
Այն, ինչ վերջիվերջո տեղի ունեցավ Արցախի հետ, ինձ մեծ վիշտ է պատճառում։ Պարգեւ սրբազանն ուղղակիորեն ասաց ինձ. «Խնդիր է դրվել Հարավային Կովկասը մահմեդականացնել, եւ դա մեծ աղետ կլինի»։ Այդ պատճառով Հայաստանը, ինչպես եւ քրիստոնեական աշխարհի մեծ մասը, ընկավ բախումների մսաղացի մեջ՝ քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ, մահմեդականների եւ հուդայականների միջեւ. երեք աբրահամական կրոններ, որոնք ունեն նմանատիպ ծագում, կռվում են միմյանց դեմ։ Եվ Հայաստանը՝ որպես աշխարհաքաղաքական մաս, ընդ որում, շատ առումներով մարդկության համար ճակատագրական, խաղում է ոչ պակաս կարեւոր դեր։ Ես Բաքվից լուրջ ազդանշան ստացա, թե միջոցառում եմ կազմակերպել «անջատողականների» համար։ Բայց այն, ինչ ես տեսա Ղարաբաղում, իսկ իմ տպավորություններին համամիտ էին նաեւ այնտեղ այցելած Մոնսերատ Կաբալյեն եւ Ալ Բանոն, այս խաչքարերը (միայն Գանձասարի վանքն ի՜նչ ասես՝ արժե). ամեն ինչ մնաց սերունդների պատմությունների մեջ։ Ղարաբաղի հողը նույնպես, ինչպես Երուսաղեմը, սուրբ է. ինչպես շատ ռուսական հողեր, այն ներծծված է արյամբ, սա համամարդկային ցավ է։
1988 թվականին Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, եւ իմ ամուսինը՝ Ռոբերտը, Մեծ թատրոնում մեծ նախագիծ իրականացրեց՝ առաջին մեծության օպերային աստղերի՝ Մոնսերատ Կաբալյեի, Խոսե Կարերասի, Կառլո Բերգոնցիի, Իրինա Արխիպովայի, Եվգենի Նեստերենկոյի հետ։ Ռոբերտը 1 միլիոն 200 հազար դոլար նվիրաբերեց տուժածների կարիքների համար։ Ինը տարի առաջ ես եղա Հայաստանում, եւ ինձ ցույց տվեցին տներ, որոնք վերականգնվել էին այդ գումարով։
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆ»
— Ե՞րբ է Ձեզ համար բացահայտվել Մեծ Հայքի պատմությունը։
— Լինելով Մատենադարանում՝ հասկանում ես, թե որքան խորն են եղել հայ ժողովրդի գիտելիքները, եւ յուրօրինակ է աստվածաշնչյան լեգենդներում գովերգված նրա պատմությունը։ Մեծ Հայքին հարգում էին, որովհետեւ նա լուսավորված էր։ Եվ ինչե՜ր է կրել հայ ժողովուրդը։ Նա դիմացել է այնքա՜ն փորձությունների, պատերազմների, ասպատակությունների, այս հողի նկատմամբ նկրտումների: Սա նրա մեջ զարգացրել է իմաստություն եւ կարողություն՝ հավատքի ու հոգեւորի միջոցով դիմադրելու այն բանին, ինչն այսօր կոչվում է «ագրեսիվ ու զավթողական քաղաքականություն», գոյատեւելու ամենաանհավանական պայմաններում՝ կոփելով ներքին տոկունություն եւ չհուսալքվելու ամենադժվար ժամանակներում: Սրանով հայերը շատ նման են ռուսներին, իսկական ռուսներին, որոնք ստիպված են եղել դիմանալ սարսափելի փորձությունների եւ իրենց մեջ դաստիարակել ռազմական ոգի եւ այն բանի հասկացողությունը, թե ինչ է նշանակում պաշտպանել իր արժեքները, ավանդույթները, մշակույթը:
— Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Կարծում եք, թե այն անխզելի է եւ կդիմանա՞ բոլոր փորձություններին։
— Ռուսաստանը՝ որպես ուղղափառ երկիր, միշտ էլ հոգեւոր կապեր է պահպանել Հայաստանի հետ՝ ընդհանուր սկզբունքների միջոցով, քանի որ մարդու ոգին ու հոգին շփվում եւ հասկանում են միմյանց ոչ այսրոպեական աշխարհաքաղաքական շահերի լեզվով։ Հոգեւոր կապը շատ պահանջված էր եւ բարձր էր ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ։ Ապրելով Երեւանում՝ ես տեսնում էի, թե ինչպես են հայերը սրտաբաց ընդունում ռուսներին, ինչպես էին ռուսները գնահատում եւ հարգում հայերի գիտելիքները, նրանց ոգեղենությունը, երաժշտականությունը, բարեկամանալու կարողությունը։ Եթե հայը սիրել է քեզ, ապա նա սիրում է ամբողջ հոգով։ Ամեն դեպքում, այդպես է եղել։ Եվ չնայած Հայ եկեղեցին իր կանոններով տարբերվում է Ռուս ուղղափառ եկեղեցուց, բայց հարաբերությունները մնում են բարեկամական։ Եվ ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի կրտսեր քույրը, որը երկրպագում է Հոգուն, Աստծուն եւ Աստվածածնին, հասկանում է, որ Երկնքի հովանավորությունը ավելի բարձր է, քան քաղաքական վեճերը։
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ՀՆՉԵՂ ՁԱՅՆԵՐ
— Անհնար է չհարցնել Ձեզ Հայաստանի ձայնի՝ դուդուկի մասին...
— Դուդուկն իսկապես թովում է։ Դա մի ձայն է, որը թափվում է երկնքից, ինչպես աղոթքը լեռներում, եւ այս գործիքի հնարավորությունները ցույց տվեց նշանավոր Ջիվանը՝ իմ մեծ ընկերը, մի մարդ, որը շատ է մասնակցել համերգների եւ՛ Հայաստանում, եւ՛ Ռուսաստանում։ Նրա եւ գործարար Հայկ Մաղաքելյանի հետ մենք Կրեմլի համագումարների պալատում անցկացրինք «Մշակույթի զանգ» («Колокол культуры») մրցույթը։ Չի կարելի մոռանալ, թե ինչ պատահեց նրանց հետ, ովքեր բարբարոսության, ուրիշների տարածքի վրա ոտնձգություն կատարելու եւ արյունահեղ պատերազմների միջոցով իրենց համար խիստ պատժի են արժանացել։ Եվ հենց դուդուկն է երբեմն հնչում այն ժողովուրդների սգավոր երգի պես, որոնց հողերի վրա արյուն է թափվել. նա հիշեցնում է մեզ այդ մասին։ Մարդկությունը պետք է դաս քաղի, որպեսզի դա չկրկնվի։ Երկրի վրա այսօր տեղի ունեցողը ագրեսիայի մոլեգնություն է։
— Բայց չէ՞ որ հայկական ձայներն էլ անկրկնելի են։
— Իհարկե, հայ երգիչների ձայները տարբերվում են (ինչպես նաեւ իտալացիների ձայները) ռուսների, ֆրանսիացիների եւ ուրիշների ձայներից։ Այս ձայների մեջ շատ արեւ կա՝ հնչեղ, յուրօրինակ, բնորոշ տոնով։ Երբեմն ասում էին, որ Պավել Լիսիցյանի եւ Զառա Դոլուխանովայի (Զարուհի Դոլուխանյան) նման երգիչները ունեին «կոկորդի» տարր՝ գեղեցիկ, քաղցր, բայց փոքր-ինչ կոկորդային երգեցողություն։ Սա հայոց լեզվի առանձնահատկությունն է, քանի որ նրանով խոսում են ձայնային ապարատի եւ կոկորդը պատող մկանների մեծ ներգրավվածությամբ. արդյունքում ստացվում է շատ գեղեցիկ մակաձայն (լրացուցիչ հնչյուն)։ Հայաստանում ձայնային բնույթը շատ նման է իտալականին։ Նրա մեջ կա պայծառ, տաք հնչողություն։ Հայկական ձայները թռիչքային են եւ զրնգուն։ Եվ երբ հայ երգիչները հնարավորություն ունեցան Իտալիա գնալու, նրանց ձայները ճանաչվեցին որպես բացառիկ, համընկնող ամենահրաշալի ձայների հետ։
— Որտե՞ղ են այս գեղեցկության ակունքները։
— Երբ ես եղա Էջմիածնում եւ իմացա, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինձ համար շատ բան պարզ դարձավ։ Դեռեւս աղջնակ ժամանակ ես գնում էի պատարագների, տեսել եմ Վազգեն կաթողիկոսին, որը հաճախ էր մասնակցում պաշտոնական ընդունելությունների, զրուցում էր հորս հետ, եւ սկսեցի հետաքրքրվել Հայաստանում քրիստոնեության պատմությամբ։ Ինձ միշտ ապշեցրել է հայկական եկեղեցական արարողությունների գեղեցկությունը, որոնք նման են թատերական գործողությունների, նրանց անհավանական գեղեցիկ եկեղեցական ժամերգությունները, եւ ես սկսեցի հասկանալ, թե որտեղ են այս հայկական հրաշալի երաժշտության ակունքները։
— Իսկ ի՞նչ դեր են խաղացել հայ աշուղները օպերային երգեցողության ձեւավորման մեջ։
— Աշուղները քայլում էին ամբողջ Կովկասով մեկ, եւ իրենց նվագակցում էին դուդուկով, լարային գործիքներով։ Եվ այս երգեցողությունը լեռներում, լայնարձակ տարածություններում, ջրային տարածքների մոտ, որտեղ շատ լավ ակուստիկա է (լսելիականություն), մշակել է ձայներ եւ զարգացրել իմաստը փոխանցելու ունակություն։ Եվ զարմանալի չէ, որ Կովկասում ծնվել են ապշեցուցիչ ձայներ. աշուղների ժողովրդական եւ բարձրակարգ գուսանական հնչողությունը նպաստել է օպերային մեծ դպրոցի զարգացմանը։
— Ձեր երգացանկում հայկական շատ երաժշտություն կա։ Ո՞րն է Ձեր սիրածը։
— Ես պաշտում եմ Կոմիտասին՝ հայկական Բախին։ Իսկ երբ ժամերգություններին լսում եմ Մեսրոպ Մաշտոցի ստեղծագործությունները, լիակատար հիացմունքի մեջ եմ ընկնում։ Իմ երգացանկում են Արամ Խաչատրյանը եւ Առնո Բաբաջանյանը՝ փայլուն կոմպոզիտորներ, որոնք ոչ միայն հայ երաժշտության հպարտությունն են դարձել, այլեւ զարդարել են համաշխարհային երաժշտական գրականությունը։ Նրանց ստեղծագործությունները ներառված են ամբողջ աշխարհի ականավոր երգիչների ու երաժիշտների երգացանկում։
— Որտե՞ղ են համաշխարհային օպերայի ակունքները։
— Կա վոկալ մեթոդաբանություն, որը ստեղծել են իտալացիներն ավելի քան 500 տարի առաջ, դրա հիմքի վրա կառուցված են բոլոր ազգային կատարողական ավանդույթները։ Կա, իհարկե, նաեւ հայկական ավանդույթ՝ հիմնված աշուղների, հայոց լեզվի մեղեդայնության առանձնահատկությունների եւ ավանդական երգեցողության վրա։ Բացառիկ ձայներ։
— Իսկ ի՞նչն է բնորոշ ռուսական կատարողական ավանդույթին։
— Անհավանական դրամատիկական հիմքը՝ բառերի հետ աշխատելու ունակությունը, տեմբրի եւ վառ դերասանական խաղի միջոցով ռուսական, իտալական, ֆրանսիական եւ ցանկացած այլ երաժշտության բոլոր գույները փոխանցելու ունակությունը։ Այդպես են երգել Ֆյոդոր Շալյապինը, Լեոնիդ Սոբինովը։
ՀԱՄԵՂ ՍՆՆԴԻ ՀՈՐՄՈՆ
— Կապ պահպանո՞ւմ եք Ձեր հայ գործընկերների հետ։
— Իմ հայ երգիչ գործընկերների եւ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի այն ժամանակվա տնօրեն, արդեն լուսահոգի Գեղամ Գրիգորյանի հետ մենք ակցիա անցկացրինք երիտասարդական ծրագիր եւ օպերային արվեստի ակադեմիա ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ես գայի վարպետության դասերով, դասավանդեի, բերեի իմ տաղանդավոր երիտասարդներին։ Հայ երգիչների հետ մեկնարկեցինք նախագծեր նախկին նախագահի եւ նրա կնոջ՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների աջակցությամբ։ Ծրագիրը ստեղծվեց, եւ ես ուրախ եմ, որ իմ հայ գործընկերները հաջողությամբ աշխատում են այդ ծրագրում։
— Դուք «Իմ համեղ օպերան» գրքի հեղինակն եք, իսկ հայկական ուտեստները դո՞ւր են գալիս։
— Ժենգյալով հաց եւ տոլմա, հայկական պանիր կանաչիով, սուջուխ ու բաստուրմա, աջապսանդալներ եւ հայկական ձվածեղ. սրանք այն ուտեստներն են, որոնք ես պաշտել եմ եւ պատրաստել եմ։ Հայաստան եկող ռուսների համար Երեւանի Կենտրոնական շուկա այցելությունները միշտ իսկական խոհարարական շրջագայություններ էին, եւ նրանք առաջին հերթին վազում էին շուկա, իրենց հետ տանում էին այնտեղից այդ շքեղ մթերքները ճամպրուկներով։ Իսկ իշխանը ամենահամեղ ուտեստի հորմոնն է, որը բնության մի մասն է։
ԵՎԳԵՆԻ ԴԱՎՈՒԹՈՎ
Թարգմանությունը՝ «Комсомольская правда в Армении» թերթից
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk