Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել
ԹեմաՖրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության խնդիրները լուծելի կթվան, երբ Հայաստան հեղեղի պես հորդեն եվրոպական այլ կոնցեսիոներներ։
ՍԱՀՈՒՆ ՀՈՍՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի գլխավոր կառավարիչն է, այլեւ թեկուզ իր հայրենիքում ծայրահեղ ժողովրդականություն չվայելող, բայց դեռեւս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտնի ֆրանկաֆոն «ընկերը»: Որքա՜ն իսկական ֆրանսիական հմայք կար Նիկոլ Վովաեւիչի պատասխանում այն հարցին, թե ինչպես ապահովել Հայաստանը մաքուր ջրով:
«Հայաստանում էն խնդիրները որ կան, ոչ բոլորի պատասխանատուն ու մեղավորը «Վեոլիա ջուրը» ընկերությունն է, այլ շատ դեպքերում դրա պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է ավանդաբար էն պայմանագրերին, որոնք ստորագրվել են»,- փորձեց հարվածն անփույթ պաշտոնյաների ուսերին տեղափոխել վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչների թունավորման համար ընկերության պատասխանատվության մասին հարցին։ Սա աղիքային վարակի առաջին բռնկումն էր այդ տարածքներում։
Քանի որ մամուլի ասուլիսին հաջորդող առավոտյան սպասվում էր Մակրոնի գալը, Նիկոլ Վովաեւիչը հայտնեց, իր կարծիքով, լավատեսական հույս ֆրանսիական ընկերության հետ համագործակցության որակի բարելավման վերաբերյալ։
Բայց ի՞նչ կապ ունեն Մակրոնն ու «Վեոլիա ջուր»-ը, որը ջրամատակարարման ու ջրահեռացման միակ օպերատորն է Հայաստանում։ 2017 թվականին Հայաստանի կառավարությունը 15 տարվա կոնցեսիոն պայմանագիր կնքեց “Veolia Generale des Eaux” ֆրանսիական խմբի այս դուստր ձեռնարկության հետ։
««Վեոլիա ջուր» ընկերությանը պետք չէ դեմոնիզացնել։ Մեր ընթացակարգերում եւ մեր մոտեցումներում ջրի նկատմամբ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք էդ խնդիրները պետք ա լուծենք... Մենք «Վեոլիա ջրին» բերել նստեցրել ենք հնամաշ, ըստ էության, քայքայված համակարգի վրա։ Բայց մենք պետք ա հասկանանք. մենք ներդրումներ պետք ա անենք էդտեղ։ Ինչպե՞ս էդ ներդրումները անենք, ինչպե՞ս պետք ա հետ գան էդ ներդրումները։ Որովհետեւ փողը դնելը մի բան ա, բայց էդ դրած փողը պետք ա արդյունք բերի»,- հաղորդեց վարչապետը՝ արդարացնելով «ֆրանսուհուն»։
Հատկապես ի՞նչ խնդիրներ կան «մոտեցումներում»՝ վարչապետի խուսափողական ելույթներից հասկանալ հնարավոր չէ։ Բայց եթե «ֆրանսուհին» մեղավոր չէ, ապա ո՞վ պետք է ներդրումներ կատարեր ջրային համակարգի արդիականացման գործում, եթե ոչ պետությունը։ Մանավանդ որ դեռեւս ուներ Ռուսաստանի կողմից առատաձեռնորեն վճարվող կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տրամադրած արտոնությունների հաշվին խնայված այդ գումարը։ Ո՞վ, եթե ոչ հանրապետության կառավարության ղեկավարն է վերջին հաշվով պատասխանատու այն բանի համար, որ օտարերկրյա բիզնեսը, հատկապես մենաշնորհային, կատարի իր պարտավորությունները բնակչության առջեւ։
ԻՍԿ ԾՈՐԱԿՈՒՄ ՍԱՀԱՐԱՅԻ ԱՆԱՊԱՏՆ Է
Հանրապետության ջրամատակարարման գործում լիակատար խառնաշփոթ է. այսպես, օրինակ, որոշ փորձագետների կարծիքով՝ ոռոգման ջրի պահանջները հաշվարկվում են տասնամյակներ առաջ սահմանված անհույս հնացած չափանիշներով: Այդ պատճառով հիմնական բեռը առաջվա պես ընկնում է միակ Սեւանա լճի վրա, իսկ Ապարանի ջրամբարի տարողունակությունը, օրինակ, ճիշտ չի գնահատվում:
Բայց վերադառնանք «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը։ Բնականաբար, նրա հետ հայերը հույսեր էին կապում՝ ջրային ցանցերի սպասարկման «ֆրանսիական որակի» առումով։ Բայց Evian ջուրը ծորակներից, ավա՜ղ, չհոսեց։ Լա՛վ, թող Evian չլինի, միայն թե հոսի:
Բայց «Վեոլիայի» գործունեությունը այնքան լուրջ խնդիրների եւ բնակչության հաճախակի բողոքների հետ է կապված, որ 2025 թվականին այն դարձավ բողոքների քանակով ռեկորդակիր։
Հիշենք միայն վերջին աղմկահարույց պատմությունները։
Բյուրեղավան քաղաքում արձանագրվեց մոտ 300 մարդու զանգվածային դիմում` սրտխառնոցի, փսխման, լուծի եւ բարձր ջերմության գանգատներով։ Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ պատճառը աղիքային վարակն է։ Ի պատասխան՝ «Վեոլիա ջուր»-ը հայտարարեց, որ խմելու ջրի որակի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, եւ որ դրա ցուցանիշները համապատասխանում են սահմանված չափաքանակներին, չնայած քաղաքապետարանը կոչ էր անում բնակիչներին եռացնել ջուրը կամ հրաժարվել դրա օգտագործումից։
Ապրիլի 21-ին այնտեղ թունավորմամբ հոսպիտալացվեց 11 մարդ, իսկ հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բյուրեղավանում բուժօգնության է դիմել 30 վարակված անձ, որոնց մեջ շատ են երեխաները։ Մարդիկ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը։ Բնակչությունը կասկածում է, որ թունավորումը կապված է այն բանի հետ, որ բարձրորակ ջուրը խառնում են ջրհորի ջրի հետ։ Իսկ դրա որակը վերահսկում է մատակարարը, այլ ոչ թե անկախ լաբորատորիան, ինչպես որ սահմանված է։ Բացի դրանից, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը վարակազերծման ընթացակարգերի վրա։ Ջրի կոշտությունն էլ է ազդում նրա համի վրա։
Բնակչության հիմնական գանգատները կապված են նաեւ ջրամատակարարման պարբերաբար անջատումների հետ, օրինակ՝ Երեւանի Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Այս տարի ընկերությունը փորձեց որոշ շրջանների ջրամատակարարումը դարձնել առավոտյան ժ. 07.00-ից մինչեւ ժ. 24.00-ը (օրական 17 ժամ): Սա հանրային դժգոհություն առաջացրեց։ Ջրանջատումների պատճառը. «Վեոլիա Ջուր»-ը պատճառ է բերում ենթակառուցվածքների մաշվածության հետեւանքով վթարները եւ պլանային աշխատանքները: Սակայն քննադատները մատնանշում են անարդյունավետ կառավարումը, ջրի մեծ կորուստների մակարդակը (50 %-ից մինչեւ 80 %) եւ ցանցի արդիականացման մեջ անհրաժեշտ ներդրումների բացակայությունը:
Ընկերությունը ամռանը «դատարկ ծորակները» բացատրում է շոգով, խմելու ջրի սպառման եւ ոռոգման համար օգտագործման աճով: Բողոքներ են եղել նաեւ պղտոր ջրի վերաբերյալ (Զովունի համայնքում):
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Քննադատները հայտարարում են, որ ընկերությունը ամենաթողություն է զգում կարգավորող մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) թույլ վերահսկողության պատճառով: Ակտիվիստներն ու քաղաքագետները (այդ թվում՝ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը) մեղադրում են «Վեոլիա»-ին անփութության մեջ, ինչը թույլ է տալիս իրեն ընկերությունը՝ լինելով մենաշնորհատեր: Իսկ վարչապետ Փաշինյանը սկսեց պաշտպանել «ֆրանսիական դստերը»:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԴԱՏԱՐԿ ՀԱՇԻՎՆԵՐ
Այս տարվա մարտին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները բացեցին Հրազդան գետի կոյուղու խողովակի փականը, որն ուղղակիորեն դուրս էր մղում կեղտաջրերը։ Սա հանգեցրեց տուգանքի՝ ԶԼՄ-ներում տեսանյութ հրապարակվելուց հետո։
Միեւնույն ժամանակ քաղաքացիները բողոքում են, որ ծառայությունները կարող են չմատուցվել, բայց դրանց հաշիվները ներկայացվում են: Նոյակերտ գյուղում բնակչության 80 %-ը մոտ երկու շաբաթ մնացել է առանց ջրի, բայց շարունակել են հաշիվներ ստանալ: Տեղի բնակիչները անգործության համար մեղադրում էին ոչ միայն ընկերությանը, այլեւ` պաշտոնյաներին:
ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ. ՄԵՆՔ ՆԵՐԿԱ ԵՆՔ
Չնայած խոշոր ընկերության հետ դատական հայցերի բարդությանը՝ քաղաքացիների հաղթանակի նախադեպեր կան։ Սակայն սա պահանջում է ժամանակ, նյարդեր, ուժ եւ փող։
Ամենաաղմկոտ պատմությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին. «Վեոլիա ջուր»-ը երեւանցուց պահանջում էր վճարել ավելի քան 700.000 դրամ՝ մեղադրելով ջրաչափի աշխատանքին միջամտելու համար։ Փաստաբաններին հաջողվեց դատարանում ապացուցել, որ ընկերությունն ապամոնտաժել է հաշվիչը՝ առանց նախնական ծանուցման եւ կազմել է ապօրինի եզրակացություն։ Ի վերջո, դատարանն ամբողջությամբ բավարարեց քաղաքացու հայցը։
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրապարակավ կոչ արեց քաղաքացիներին «Վեոլիա»-ի կողմից խախտումների դեպքում հայցերի միջոցով պահանջել գումարի վերադարձ եւ բողոքներ ներկայացնել Սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։
Կրկնում ենք. սա պահանջում է ժամանակ, նյարդեր եւ այլն։
Մամուլի ասուլիսում Փաշինյանի պատասխանները միայն հաստատում են, որ «ֆրանսուհուն» ոչ ոք մտադիր չէ կարգի հրավիրել, եւ հանրապետությունում ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ կառավարության որեւէ վերահսկողություն ու համատեղ ջանքեր չարժե ակնկալել։ Առավել եւս, որ առջեւում ոլորապտույտ ճանապարհն է դեպի Եվրամիություն։
ՔԱՆԴԵԼ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԵՎ ԳՆԵԼ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ
Արդյունքը. ինը տարվա ընթացքում, նույնիսկ համաշխարհային կարգի ընկերության մասնակցությամբ, Հայաստանի կառավարությունը չկարողացավ կարգավորել երկրի նորմալ ջրամատակարարումը, մանավանդ որ գյուղատնտեսական արտադրանք արտահանող երկիր է համարվում։
Այժմ Փաշինյանը լուծում է է՛լ ավելի վիթխարի խնդիր. Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի ավարտվելու կապակցությամբ պետք է կառուցել նորը, միայն թե դրա համար նա մտադիր է հրավիրել, ամենայն հավանականությամբ, ոչ Ռուսաստանին։ Չնայած տեղանքի սեյսմիկ առանձնահատկություններն այնպիսին են, որ ոչ մի այլ երկիր հաջողությամբ կայան կառուցելու եւ անվտանգ աշխատանք ապահովելու փորձ չունի նման բարձր վտանգավորության գոտում։
Կամ մեկ այլ համաձայնագիր, որը Փաշինյանը մտադիր է կնքել ամերիկացիների հետ, որոնցից նա նախատեսում է գնել 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք դեռեւս գոյություն չունեն բնության մեջ: Ի՞նչ բնության, նույնիսկ թղթի վրա էլ գոյություն չունեն: Մինչդեռ համաշխարհային պրակտիկայում նման միջուկային տեխնոլոգիաները վաճառում են միայն այն բանից հետո, երբ դրանք որոշ ժամանակ աշխատել են ռեակտորներ արտադրող երկրում:
Փաշինյանը նաեւ պլանավորում է Ռուսաստանից խլել երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան, որը պատկանում է ՌԴ-ին մինչեւ 2038 թվականը: Նա արդեն առաջարկել է Մոսկվային այն վերավաճառել երրորդ երկրի, իսկ որոշ հատվածներ, ըստ նրա հայտարարությունների, կվերակառուցի հայկական կողմը։
Ի՞նչն է ավելի վատ. այն, որ ծորակի մեջ ջուր չկա՞, թե՞ տանը ջեռուցում չկա, եւ գնացքներն էլ ըստ չվացուցակի չեն ընթանում։
Անկասկած, Փաշինյանի բոլոր «նապոլեոնյան ծրագրերը», որոնք նա կառուցում է առաջին հերթին աչքերը հառելով Փարիզի վրա, ամենայն հավանականությամբ կավարտվեն նույն կերպ, ինչ նրա՝ ֆրանսիական որակի ջուր ստանալու խաբուսիկ հույսերը։ Միայն թե արդյունքը կլինի է՛լ ավելի դրամատիկ, քան դատարկ ծորակը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թարգմանությունը՝ «Комсомольская правда в Армении» թերթից
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk