Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը
ՄիջազգայինԹուրքիայի եւ Իսրայելի միջեւ ձեւավորվող ներկա սրացումների ֆոնին (Տե՛ս https://iravunk.com/?p=349728&l=am), իհարկե, բավականին բարդ վիճակում է հայտնվում Ալիեւը: ՄԱԿ–ում Նեթանհայուի ելույթի ժամանակ, թեեւ Ալիեւի ներկայացուցիչը մնաց` ի տարբերություն իսլամական այլ երկրների, բայց դա ամենեւին էլ դեռ չի նշանակում, որ Բաքուն վերջնականապես է կողմնորոշվել «մեծ ընկերոջ» հարցում` ի օգուտ Նեթանյահուի:
Բայց եթե անգամ Էրդողանը «համբերատար» գտնվի Ալիեւի նման «մանր կծոցների» հանդեպ` դա համարելով Բաքվի կողմից ճարահատյալ քայլ, մեկ է, Ալիեւի այդ քայլին շատ ավելի մռայլ են նայում Իրանում` դա համարելով առաջին հերթին Իսլամական հանրապետության եւ հենց իսլամի նկատմամբ դավաճանական ակտ: Սակայն խնդիրն այստեղ ընդամենը Նեթանյահուի ելույթին Ալիեւի ներկայացուցչի մնալ–չմնալը չէ. սա Թեհրանի համար ընդամենը Բաքվի հանդեպ դժգոհություն հայտնելու առիթներից մեկն է: Իրական դժգոհության պատճառներն ավելի խորն են: Մասնավորապես, որ Բաքուն օրերս արգելեց իր տարածքով իրանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, դրանով հանդես գալով որպես Իրանը բլոկադայի ենթարկելու ամերիկյան կուրսի գործուն կողմնակից: Ստիպված, թե կամավոր, այս դեպքում բան չի փոխում. Թեհրանը Բաքվի նման քայլը գնահատում է դավաճանական, որը, թերեւս, պատասխան կստանա:
Առավել եւս, որ հյուսիսային ուղղությունը Իրանի համար գնալով ավելի ու ավելի է կարեւորվում: ԱՄՆ–ի ծովային բլոկադան շարունակվում է, որը, իհարկե, եթե Թեհրանը միջոցներ չձեռնարկի, Իրանին սպառնում է շատ ավելի լուրջ ֆինանսական կորուստներով, որը հեռանկարային իմաստով իրոք կարող է անվտանգության եւ պատերազմի հետ կապված լուրջ խնդիրներ առաջարկել: Արդյունքում, ինչպես նաեւ «Ալ Ջազիրա»–ն է պնդում, Թեհրանը փնտրում է նավթի արտահանման եւ ապրանքների ներմուծման այլընտրանքային ուղիներ, ինչպիսին կարող է լինել հյուսիսային ուղղությունը: Այսինքն, կտրուկ սկսում է կարեւորվել Հայաստան–Ադրբեջան գիծը եւ Կասպից ծով: Թերեւս, այս պահին առաջնային հենց Կասպից ծովն ու հյուսիսային նավահանգիստները` այլընտրանքային առեւտրային միջանցք։ Եվ այն,որ ԱՄՆ–ն փորձեց այդ ուղղությունը փակել նախ ուկրաինական անօդաչուների միջոցով Կասպից ծովում իրանական նավերին հարվածելով, սակայն մեծ հեռավորությունները սա դարձնում են ոչ էֆեկտիվ: Հաջորդեց հյուսիսային ուղղությամբ երկինքն Իրանի առաջ փակելը, եւ, իհարկե, այս ամենը «Ալ Ջազիրայի» այդ վարկածին շատ ավելի բարձր հավանականություն է տալիս:
Չնայած` իհարկե, Ալիեւը, եթե կարող է իր երկրի օդը փակել իրանական քաղաքացիական ավիացիայի առաջ, իհարկե, նույն բանը չի կարող անել նաեւ Կասպից ծովում: Այս ուղղությամբ, թեեւ դեռ կա ծովի ծանծաղեցման եւ նման այլ խնդիրներ, սակայն ներկա պահին եղած լոգիստիկան թույլ տալիս է, որ Իրանը կարողանա անհրաժեշտ ծավալներով ապրանքների համար լոգիստիկա ապահովել: Ընդ որում, ոչ միայն նավթի, այլ, առհասարակ, Ռուսաստանի, անհրաժեշտության դեպքում էլ` այս ուղղությամբ նաեւ Չինաստանի հետ նաեւ ռազմական ուղղվածության կապի համար:
Ինչքանով կհաջողվի ԱՄՆ–ին, ասենք Ադրբեջանում Իսրայելի գաղտնի բազաներն օգտագործելով, Կասպից ծովը փակել Իրանի առաջ, իհարկե, ժամանակը ցույց կտա: Բայց խնդիրները, հասկանալի է, շատ են: Կհամաձայնվի՞ Ալիեւը թույլ տալ, որ իր տարածքից հարվածեն իրանական, ասենք նաեւ ռուսական տրանսպորտին. եթե այո, դա արդեն բաց պատերազմ կդառնա: Առավել եւս, որ Իրանից ուղիղ սպառնալիքներ Բաքուն արդեն ստացել է: Իսկ քողարկված մեկ–երկու հարվածները, իհարկե, որակ չեն ստեղծում: Ինչ–որ այլ սխեմա կմտածեն, դա էլ է հետաքրքիր դառնում:
Սակայն գլխավոր իմաստն այս պահին այն է, որ եթե իրանա–ամերիկյան պատերազմում մինչ այս կովկասյան հարթակը մնում էր, այսպես ասենք, ռեզերվային եւ քիչ օգտագործվող, ապա հիմա այդ պատկերը կարող է բավականին արագ փոխվել: Եվ նման հնարավոր սրացումներից, հասկանալի է, նաեւ Հայաստանը զերծ չի մնալու:
Թե ՄԱԿ–ում կայացած վերջին հանդիպման ժամանակ իրականում ինչից են խոսել եւ ինչ են պայմանավորվել Փաշինյանը եւ Փեզեշքիանը, իհարկե, դժվար է ասել: Սակայն իրանական աղբյուրները մեկ հետաքրքիր մանրամասն են ներկայացնում այդ հանդիպումից: Այն է` Իրանի նախագահը Փաշինյանին նվիրել է «Օգնության պատրվակով» գիրքը՝ մեկնաբանելով. «Խոսքը Թրամփի «օգնության» մասին է։ Նա ասաց, որ օգնում է Իրանին»: Թրամփը նաեւ Նիկոլին է օգնում, այդ թվում` «Թրամփի միջանցք» կոչված ծրագրով: Իսկ ահա Հայաստանը վերջին ժամանակներս մեսիջներ է հղում ոչ միայն այդ ծրագրի ակտիվացման, այլ նաեւ` հայաստանյան երկաթուղային համակարգը ռուսների հավատարմագրված կառավարումից վերցնելու մասին: Եվ եթե սա դառնա իրականություն, ԱՄՆ–ն հսկողություն ունենա Հայաստանի երկաթուղային լոգիստիկայի նկատմամբ, ապա կասպյան հիշատակված խնդիրը եւս նոր որակ կստանա: Եթե ոչ այս պահին, ապա գոնե միջնաժամկետ ապագայում: Այսինքն, Փեզեշքիանի այդ գիրքն ու ակնարկն անգամ Նիկոլի համար էր պարզ:
Մյուս կողմից, իհարկե, կա նաեւ Ռուսաստանի խնդիրը. իրանական ուղղությամբ լոգիստիկան, լինի դա Կասպից ծովով, թե Հարավային Կովկասով, Մոսկվայի համար եւս մնում է առաջնային նախապատվությունների մեջ: Եվ, իհարկե, հենց այս գլոբալ իմաստի տակ է ոչ միայն «Թրամփի ուղու», այլ, առհասարակ, Հայաստանի «եվրոպականացման» ողջ թեման: Մինչդեռ, կրկնենք, ներկա փուլում այս մեծ պայքարի պիկային ժամանակաշրջաններից մեկն է, եւ այս իմաստով նաեւ չմոռանանք Փաշինյանին սպասվող մոսկովյան այցի մասին:
Մի խոսքով, ամեն բան վկայում է, որ մեր տարածաշրջանը մտել է իր ամենաբարդ փուլերից մեկը, որի ժամանակ հնարավոր է ցանկացած զարգացում: Որքանով կկարողանա Հայաստանն այս ծանր փուլից դուրս գալ գոնե քիչ կորուստներով, հարցերի պակաս, իհարկե, չկա:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
