Ստրասբուրգյան «հաղթանակը»
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական կյանքի հերթական տարօրինակ տեսարանը տեղափոխվեց Ստրասբուրգ։ Հայաստանում ամիսներ շարունակ գրեթե ոչինչ չանող ընդդիմության մի հատվածը հրճվում է, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից իշխանություններին քննադատեցին։ Իշխանությունն էլ նույն ամբիոնից իրեն ձեռնտու հատվածներն առանձնացնում ու ներկայացնում է որպես արդարացման վկայություն։
Արդյունքում եվրոպական հարթակ է հասել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի գրեթե ամբողջ փաթեթը, ավելի կոնկրետ՝ ողջ կեղտոտ սավանը։ Եվ այս համատեքստում ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 28-ի զեկույցը Հայաստանի մասով ոչ իշխանության «հաղթաթուղթն» է, ոչ էլ ընդդիմության «դատավճիռը»։
ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ հունիսի 7-ի ընտրությունները ընտրողներին տվել են իրական քաղաքական ընտրության հնարավորություն, ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել եւ խաղաղ են անցել։ Միաժամանակ արձանագրվել են լուրջ մտահոգություններ՝ ընտրակաշառքի մասին հաղորդումների, վարչական ռեսուրսի օգտագործման, քարոզարշավի ֆինանսավորման, մեդիայի բեւեռացման, դատական պաշտպանության եւ ԿԸՀ-ի որոշումների վերաբերյալ։
Առանձնահատուկ է խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժի հարցը։ Զեկույցում նշվում է, որ մի քանի ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը էական նշանակություն է ունեցել 4 տոկոսի շեմը հաղթահարելու հարցում․ վերջնական արդյունքը կազմել է 3,99 տոկոս։ Նշվում է նաեւ, որ կրկնաքվեարկությունը կարող էր լուծում լինել, մինչդեռ ԿԸՀ-ի որոշումը բավարար հիմնավորում չի ստացել։
Այսինքն՝ ընդդիմությունը ԵԽԽՎ-ի զեկույցում իշխանությանը քննադատելու կոնկրետ նյութ ունի։ Բայց մի փոքրիկ, ոչ այնքան հաճելի մանրուք կա։ ԵԽԽՎ-ն ընդդիմությանը իշխանություն չի տվել։ Եվ առավել եւս չի հայտարարել, որ ընտրություններն ամբողջությամբ անվավեր են։ Ավելին՝ ինչպե՞ս հայտարարեր, երբ այդ նույն ընդդիմությունը շտապել է մանդատները վերցնել ու լեգիտիմացնել ոչ լեգիտիմ ընտրությունները։ Ավելին՝ նույն զեկույցում արձանագրված է, որ ընտրողները ունեցել են իրական ընտրություն, իսկ ընտրված իշխանությունները ստացել են հստակ մանդատ։
Իշխանության պահվածքն էլ պակաս ուշագրավ չէ։ ԵԽԽՎ-ում հայկական ներքաղաքական ամենացավոտ թեմաներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու եւ իշխանության հակամարտությունը, նույնպես հասավ եվրոպական ամբիոն։ Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամ Հռիփսիմե Գրիգորյանը փորձեց միջազգային ամբիոնից ներկայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանական մեղադրանքներ, իսկ նախագահողը նրան ընդհատեց՝ վերադարձնելով քննարկումը զեկույցի շրջանակ։ Այո՛, կան թեմաներ, որոնք անգամ երկակի ստանդարտներով առաջնորդվող եվրոպացիների համար են զզվելի։
Այս տեսարանը Հայաստանի համար հաղթանակ չէ։ Ոչ էլ «տեսա՞ք, Եվրոպան մեզ հետ է» մեկնաբանությունն է քաղաքական արդյունք։ Եվրոպական կառույցները Հայաստանի ներքաղաքական վեճերի դատավոր չեն։ Նրանց գնահատականը բավական հստակ է․ ընտրությունները ընդհանուր առմամբ կազմակերպված էին, քաղաքացիներն ունեին ընտրություն, բայց ընտրական համակարգում եւ քաղաքական մրցակցության պայմաններում կան խնդիրներ, որոնք պետք է շտկվեն։ Մնացածը՝ իշխանական կամ ընդդիմադիր «թարգմանությունն» է։
Իշխանությունը վերցրել է զեկույցից «հստակ մանդատը» ձեւակերպումը եւ լռում է մնացածի մասին։ Մանդատավոր ընդդիմությունը վերցնում է «վարչական ռեսուրսը», «ընտրակաշառքը», «ճնշումները» ստվերում այն փաստը, որ ԵԽԽՎ-ն ընտրությունները ամբողջությամբ կեղծված կամ անվավեր չի հայտարարել։ Երկու կողմն էլ նույն բանն են անում՝ եվրոպական զեկույցը վերածում են ներքաղաքական քարոզչության նյութի։ Ու այնպես չէ, որ այդ զեկույցը մոմ է թափում ընդդիմության գլխին, որ հաղթահարեն սեփական վախերը, Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ գեներացնեն կամ գոնե ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ առաջադրեն ավելի ակտիվ։
Իսկ Հայաստանի իրական խնդիրը մնում է նույնը․ ինչու է վարչական ռեսուրսը շարունակում մնալ ընտրական գործընթացի խնդիր, ինչու են ընտրակաշառքի վերաբերյալ գործերը հայտնվում քաղաքական հակասությունների կենտրոնում, ինչու չեն վստահում ընտրական վեճերի մեխանիզմներին, եւ ինչպես եղավ, որ 4 տոկոսի շեմին հասած քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն մնաց խորհրդարանից դուրս։ Իսկ խորհրդարանում տեղավորված երկու ընդդիմադիրները շատ արագ համակերպվեցին դրա հետ։
ԵԽԽՎ-ն այս անգամ էլ ոչ մեկի փոխարեն չի լուծել Հայաստանի ներքաղաքական հարցերը։ Այն պարզապես արձանագրել է, որ ընտրությունների օրը ամեն ինչ կարող է խաղաղ անցնել, բայց ժողովրդավարությունը դրանով չի ավարտվում։ Մինչ Հայաստանում այս հարցերին պատասխան չկա, Ստրասբուրգից վերադարձող յուրաքանչյուր կողմ կարող է իր համար հաղթանակի պատմություն հորինել։ Բայց երկրի համար այդ պատմությունը հաղթանակ չի դառնում։ Միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն է գոհ, չտեսության հասնող ոգեւորությամբ աջ ու ձախ ուղիղ եթերներ է անում ԵԽԽՎ-ից՝ կարծես, ինքն իր վրա զարմացած, թե ինչպես է հայտնվել այդտեղ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk