Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան
ՆերքաղաքականԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտնել է հստակ դիրքորոշում այն մասին, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում: Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքով պատգամավորի մանդատ ստացած Վանաձորի նախկին քաղաքապետ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ։ Սակայն վերջինս, ինչպես միշտ, ամեն կերպ խույս տվեց հստակ պատասխանից:
— ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասել է, որ չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։
— Աննա Գրիգորյանը ո՞րտեղ է հայտարարել, եւ ինչի՞ պիտի ես կամ կիսեմ, կամ չկիսեմ այդ կարծիքը։
— Պարոն Ասլանյան, որպես պատգամ, Դուք չունե՞ք կարծիք հնչեցրած մտքի վերաբերյալ:
— Ճիշտն ասած, ես այդ ուղղությամբ չեմ մտածել, որ նման հարց կարող է հնչել, հետեւաբար, դրա պատասխանը այս պահին չունեմ: Նման գլոբալ հարցերի առումով, կարծում եմ, միասնական դիրքորոշում պիտի լինի: Ես ու այլ պատգամավորներ, ինչքան էլ հարգենք, սիրենք իրենց, կարծիք կիսել-չկիսելուն էս պահին կողմ չեմ, հետեւաբար, պատասխան չունեմ այս պահին։
— Լավ, ես Ձեզ ուղիղ հարց եմ տալիս, Դուք ինչպե՞ս եք կարծում՝ Ղրիմի պատկանելության վերաբերյալ։
— Կներեք, բայց ես որեւէ մեկը չեմ, որ ճանաչեմ։ Եթե Ղրիմի ժողովուրդը ճանաչում է իրեն Ռուսաստանի կազմում, ապա Մամիկոն Ասլանյանը ճանաչի, թե չճանաչի, կարծում եմ՝ շատ մեծ կարեւորություն չի ստանա դրանից։
Հ.Գ. – Ցավոք, այս անգամ եւս Մամիկոն Ասլանյանը չցանկացավ կամ չկարողացավ արձանագրել, որ պատգամավոր լինելը ենթադրում է նաեւ սեփական դիրքորոշումն ու կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք։ Սա արդեն քանիերորդ դեպքն է, երբ պարոն Ասլանյանը, խուսափելով հստակ եւ ուղիղ պատասխանից, փորձում է հարցը տեղափոխել «միասնական դիրքորոշման» դաշտ՝ այդպես էլ չներկայացնելով իր անձնական տեսակետը։
Չենք զլանա եւ եւս մեկ անգամ Մամիկոն Ասլանյանին կհիշեցնենք, պատգամավորն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով խղճով եւ համոզմունքներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ որեւէ հրամայական մանդատով կամ ցուցումով ու պաշտոնապես ծառայում է ժողովրդին՝ գործելով ազատորեն ու անկախ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk