Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերը։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Դրանք հասանելի են roadpolice.am հարթակում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։
D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։ ՆԳՆ-ից նշում են, որ նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
2026-ի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով։ Նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։
Ըստ ՆԳՆ-ի՝ նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
