Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան
ՀանդիպումՓաշինյանը Կառավարության վերջին նիստում անդրադարձել է անշարժ գույքի գներին նկատելով. «Պատկերացրեք՝ 2018 թվականին մարդու տունը արժեր 50,000 դոլար, իսկ 2026 թվականին այդ նույն տունը արժի 100,000 դոլար, մարդը կրկնակի հարստացել է, բայց ինքը չգիտի դրա մասին»,- ասել է նա, ապա հավելել, որ Երևանում անշարժ գույքի գների կտրուկ թանկանալը կարող է մի երևույթի բերել, որն իր համար ցանկալի երևույթ է:
«Դա այն է, որ դեպի Երևան հոսքերը մի քիչ դանդաղեն, բիզնեսները որոշեն իրենց ինքնարժեքն ու ծախսերը նվազեցնելու համար կամաց-կամաց Երևանի կենտրոնից դուրս գալ, այդպիսով մարդկային հոսքը, աշխատատեղերը տեղափոխվեն դեպի մարզեր: Վարձավճարներից առավել հաճախ բողոքում են այն մարդիկ, ովքեր մարզերից եկել են Երևան աշխատանք գտնելու, հիմա եթե այս էֆեկտը աշխատանքի որոշակի հատվածը հետ տանի մարզեր, դա կարող է հնարավորություն ստեղծել, որ այդ մարդիկ գնան և իրենց տներում ու մարզերում ապրեն»,- նշել է Փաշինյանը:
Արցախի նախկին պատգամվոր Հայկ Խանումյանը գտնում է, որ Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով.
- Բնակարանները թանկանում են, որովհետև կա պահանջարկ, ինչը նորմալ է, բայց խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ անշարժ գույքի թանկացմանը զուգահեռ մենք պետք է հասնենք լուրջ սոցիալական բնակարանաշինության, որովհետև մենք մի հասարակություն ենք, որտեղ սեփականատեր լինելը բավականին հարգի է հասարակության մեջ, ու ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հասարակության ընտանիքների 90-ից ավելի տոկոսը դարձավ սեփականատեր, հետևաբար մեզ մոտ սեփականության նկատմամբ կա պաշտամունք:
Բազմաթիվ կապիտալիստական զարգացած երկրներում սեփականատերերն այդքան բարձր տոկոս չեն կազմում, այնտեղ գոյություն ունի մի սեգմենտ, որ կոչվում է սոցիալական բնակարանաշինություն, որը հնարավորություն է տալիս որոշակի եկամտից ցածր եկամուտներ ունեցող անձանց ավելի մատչելի գներով վարձակալել բնակֆոնդ: Երբ դու այս ամբողջ մեխանիզմները չունես, խոսել նման կերպ, հասարակությանն ասել՝ գույքը թանկացել է, գնացեք ավելի հեռու ապրեք, իսկ այդ տեղերում էլ, գիտենք, աշխատատեղերի խնդիր կա, ու մասնավոր աշխատատեղերի 80 տոկոսը կենտրոնացված է Երևանում, այս պարագայում նման բան ասելն ուղղակի ցինիզմ է ու սխալ մոտեցման հետևանք:
Կարծում եմ, որ կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների, օրինակ՝ մինչև հիմա լուրջ արդյունքներ չունենք աղքատության կրճատման ուղղությամբ, բնակչության շուրջ 23 տոկոսն աղքատ է: Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի ու այլ մարզերում աղքատությունը կարող է հասնել մինչև 50 տոկոսի:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk