«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի
ՄշակութայինԽիզախ աղջիկը ձեռքերը կոնքերին, տեր ու տիրակալի կարգավիճակով դեմքով նայում է կառավարության 3-րդ շենքին ու ասես ասում է. «Հլը արեք ստեղ, այ գերատեսչության կազմ, տեսնեմ՝ ո՞նց եք այս կողմերով անցնելու կամ տարհանվելու»։ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ պատրաստվում է պաշտոնական հաղորդում ներկայացնել ՀՀ Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ)՝ հստակ պահանջով՝ իրականացնել ծառայողական քննություն, վերանայել Կառավարական 3-րդ շենքի արտակարգ իրավիճակների պլանը եւ տալ իրավական հրաման՝ «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը տարհանման գոտուց եւ գործող դիտահորի վրայից անհապաղ տեղափոխելու վերաբերյալ։ Բաբայանը շեշտում է՝ տգիտությունը պետք է ունենա սահմաններ, մանավանդ, երբ այն վերաբերում է մարդկային կյանքերին։
— Երեւանի կենտրոնում՝ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց, 2021-ի ապրիլին մեծ շուքով բացեցին «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը։ Բացողն ու դրա համար դափնիներ քաղողն այն ժամանակվա նախարար Մեսրոպ Առաքելյանն էր։ Բայց հենց մասնագետները մատնանշեցին աստղաբաշխական տգիտությունը, որ արձանը տեղադրվել է հենց գործող կոյուղու դիտահորի («լյուկի») վրա, անմիջապես միացավ «սլաքները նախկինների վրա ուղղելու» հայտնի օպերացիան։ Սկսեցին արդարանալ, թե բա՝ նախագիծը դեռ 2020-ի սկզբին նախորդ նախարար Զարուհի Բաթոյանի օրոք է հաստատվել ու պատվիրվել։ Այսինքն՝ իրենց տրամաբանությամբ, եթե նախորդը թերի նախագիծ է թողել, պետք է կուրորեն վերցնեին ու 100 կիլոգրամանոց բրոնզը դնեին գործող ինժեներական ցանցի վրա՞: Թե՞ իրենց նախարարական կաբինետներում նստած չգիտեին, որ դա մուլյաժ չէ, այլ իրական դիտահոր, որի շրջափակումը վթարի դեպքում կատարյալ կոլապս է առաջացնելու։
Բայց ամենացավալին ու խայտառակը սա չէ։ Այս արձանը պատվիրվել է Սոցիալական հարցերի նախարարության կողմից, որն առաջնահերթ պետք է զբաղվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով ու մատչելիությամբ։ Եվ ի՞նչ են արել այս «հանճարները»․ բացարձակ արհամարհանք հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Բազմահազարանոց շենքի գլխավոր մուտքից ընդամենը 10 մետրի վրա՝ տարհանման կենտրոնական աստիճանահարթակի վրա նման արգելք դնելը ուղղակի հանցագործություն է։ Արտակարգ իրավիճակում (հրդեհ, երկրաշարժ, ահաբեկչական ահազանգ), երբ շենքից հազարավոր մարդիկ խուճապահար դուրս են վազելու, հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով կամ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներն ու աշխատակիցները ֆիզիկապես զրկվելու են ինքնուրույն եւ արագ տարհանվելու հնարավորությունից։ Նրանք պարզապես բախվելու են այս պատնեշին ամբոխի հրմշտոցի տակ։
Կանանց դերի խրախուսումը չպետք է լինի այդ նույն կին աշխատակիցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի ու անվտանգության հաշվին։ Այս տգիտությունը պարունակում է տարհանման ու քաղպաշտպանության կանոնների 7 կոպիտ խախտում՝ ներառյալ հրշեջ տեխնիկայի մոտեցման սահմանափակումը եւ փրկարարների հակառակ հոսքի արգելակումը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
