Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու
ՄշակութայինՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ԵՐԳԸ ԳՐԱՎԵՑ ՌՈՒՍ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Երգչուհի եւ երգահան ՆԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բոլորովին վերջերս մասնակցել է Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող «Песни от всей души» («Երգեր՝ ամբողջ հոգով») կիրակնօրյա երաժշտական շոու-հեռուստածրագրին, որի հեղինակն ու վարողն է հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։ Թե ինչպես է ամերիկաբնակ հայ երգչուհին հայտնվել մեծ պահանջարկ ու լայն լսարան ունեցող հաղորդմանը, «Իրավունք»-ը պարզել է հենց նրանից։
— Նարի, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացաք հրավեր մասնակցելու «Песни от всей души» շոու-ծրագրին։
— Շատ անսպասելի «Песни от всей души» հեռուստաննախագծի գլխավոր խմբագրից հաղորդագրություն եմ ստանում հետեւյալ խոսքերով. «Թույլ կտա՞ք Ձեզ զանգահարել: Մենք Ձեզ հետ խոսելու բան ունենք»: Ես, անշուշտ, համաձայնեցի եւ ստացա զանգ: Առաջին բանը, որ հարցրեցին ինձնից այն էր, թե՝ ո՞ւմ երգն է «Брат»-ը («Եղբայր»): Պատասխանեցի, որ երգի խոսքերի եւ երաժշտութան հեղինակը ես եմ: Ի պատասխան հարցրեցին, թե արդյոք ես տեղյակ եմ այն մասին, որ իմ երգը նախկին ԽՍՀՄ երկրներում ռեկորդ է սահմանել դիտելիության քանակով։
Այդ հեռախոսազանգը միակը չէր: Օրեր շարունակ հեռուստանախագծի ադմինիստացիան ինձ հետ կապի էր դուրս գալիս, խոսում էինք, հարցազրույցներ անցկացնում։ Այնուհետեւ ինձ առաջարկեցին, մեկնել Մոսկվա եւ մասնակցել այդ ծրագրին, ներկայացնել իմ ստեղծագործությունը։ Ասացին, որ պատրաստ են հոգալ բոլոր ծախսերը՝ ինքնաթիռի տոմս եւ այլն։
— Ռուսաստանից ժամանել էին ««Песни от всей души»»-ի ստեղծագործական անձնակազմը, որպեսզի Ձեզ նկարահանեին Հայաստանում: Ի՞նչ նկարահանումներ էին եւ որտե՞ղ այն իրականացվեց:
— Այո, շատ հետաքրքիր օրեր էին: Նկարահանումներն իրականացվել են ե՛ւ մեր տանը, ե՛ւ մեր բակում։ Նրանց հարցին՝ արդյոք «Брат» երգն իմ հարազատ եղբոր համար է գրված, պատմեցի, որ եղբայր չունեմ, բայց ունեցել եմ մի ընկեր, ով հոգեւոր եղբար է եղել իմ համար: Ցավոք, նա այլեւս մեզ հետ չէ եւ նկարահանման շրջանակներում, նկարահանող թիմի հետ միասին այցելել ենք իմ լուսահոգի ընկերոջ գերեզման ու նկարահանումներ նաեւ այնտեղ ենք իրականացրել: Իրականում այդ երգը պատվերով երգ է եղել, սակայն վստահաբար կարող եմ ասել՝ այն այսքան ստացված է, որովհետեւ ես իմ մտքում պատկերացրել եմ իմ եղբորը:
— Ինչպիսի՞ տպավորություն էին ստացել ռուս գործընկերները Հայաստանում անցկացրած օրերից։
— Օ՜, նրանք ցնցված էին Հայաստանով: Ռուս գործընկերներն առաջին անգամ էին Հայաստանում եւ ցնցված էին այստեղի ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Իսկապես ցնցված էին թե՛ քաղաքի գեղեցկությամբ, թե՛ ժողովրդի ջերմությունից: Մի ողջ օր մենք նրանց ման տվեցինք քաղաքով, հյուրասիրեցինք մեր հայկական կերակուրները: Խոստացան, որ կրկին կայցելեն Հայաստան, այս անգամ երկար ժամանակով:
— Քանի՞ դիտում ունի նաեւ ռուս հանդիսատեսի սրտերը գրաված Ձեր ստեղծագործությունը:
— «Брат» երգը Յութուբում այդքան դիտելիություն չունի, որքան այն իմ իմստագրամյան եւ տիկտոկյան ալիքներում է հավաքել՝ 2 միլիոնից ավելին է: Բայց հետաքրքիրն այն է, որ «Песни от всей души» հաղորդման ադմինիստրացիան այլ սկզբունքներով է այն հաշվել: Նրանք դա հաշվել են մարդկանց դրած տեսահոլովակների հիման վրա: Այսինքն՝ նրանք դա հաշվի առնելով՝ վերլուծության շնորհիվ համարել են, որ դիտումները շատ-շատ են:
— Մոսկվայում նաեւ համերգով հանդես եկաք: Ինչպե՞ս ծնվեց Մոսկվայում համերգով հանդես գալու գաղափարը:
— Մոսկվայում իմ ամենասիրելի եւ հարազատ ընկերը՝ Սվետլանա Արկադիեւնան է բնակվում։ Եվ երբ ինձ զանգահարեցին եւ հրավիրեցին, ես անմիջապես իրեն հայտնեցի այս նորությունը: Շատ ուրախացավ: Հեռախոսի մյուս կողմից երկար նրա ուրախության ճիչն էի լսում: Հետո միանգամից ասաց, որ մոսկվովյան ակումբներից մեկում համերգ է կազմակերպելու իմ մասնակցությամբ, քանի որ տվյալ ակումբի տնօրենն էլ է ինձ շատ սիրում, ինչպես նաեւ հանդիսատեսը: Այդպես որոշվեց, որ առիթը բաց չթողնենք ու մի գեղեցիկ եւ հիշարժան համերգ ունենամ Մոսկվայում: Ես, անշուշտ, սիրով համաձայնեցի եւ շատ շնորհակալ եմ նրանց դրա համար:
— Իսկ մայր հողում ե՞րբ եք պատրաստվում մենահամերգով հանդես գալ:
— Երբ եկա, մի քանի տարբեր ռեստորանային համալիրներից ինձ զանգահարեցին եւ համերգ առաջարկեցին: Պարզապես ես եկել էի չորս օրով ու իրենց բացատրեցի, որ, ցավոք, ֆիզիկապես չեմ հասցնի: Մյուս անգամ, որ երկար ժամանակով գամ, անպայման իմ մայր հողում եւս մեծ համերգ կունենամ: Աստված առաջ:
— Ի՞նչ ստեղծագործական փուլում եք այս պահին՝ նոր երգեր, տեսահոլովակներ սպասե՞նք։
— Օ՜, ես նոր երգեր շատ ունեմ: Ի դեպ, մի նոր ստեղծագործություն եմ ձայնագրվել, որը ունենալու է տեսահոլովակ: Դե տեսեք, նույն «Брат» երգի մասին Հայաստանում այդքան տեղյակ չէին, բայց օտար մարդիկ ավելի սիրեցին ու գնահատեցին այն: Նոր երգեր եւ տեսահոլովակներ ես պարբերաբար թողարկում եմ իմ սոցիալական էջերով:
— Ե՞րբ կգաք Հայաստան:
— Հուսամ՝ շուտով: Աստծուց առաջ չընկնեմ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk