Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում
ՀանդիպումԱյն, որ եւս հինգ տարով ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, մնաց լրահոսի լուսանցքում եւ համալսարանականների գրեթե համատարած լռության ներքո։ Մինչդեռ այդտեղ ուշադրության արժանի բավական աննախադեպ մանրամասներ կան, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ, ԵՊՀ Հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի նախկին վարիչ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆԻ հետ։
— Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուն էր։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ-ի սրտի թեկնածուները ո՛չ ՏԻՄ, ո՛չ համալսարանական ընտրություններում մրցակիցներ չեն ունենում։ Երբեւէ ԵՊՀ-ում նման խայտառակ ընտրություններ եղե՞լ են։
— Իրոք, երբեք չի եղել նման դեպք, գոնե ձեւական ինչ-որ մարդիկ դրել են իրենց թեկնածությունը։ Ասեմ ավելին՝ եղել են դեպքեր, երբ մինչեւ վերջին պահը, այսինքն՝ քվեարկության ավարտը, անգամ անորոշ էր, թե ով կընտրվի։ Օրինակ, 2006 թվականին, ԵՊՀ ռեկտորի թեկնածուներն էին Գագիկ Ղազինյանն ու Արամ Սիմոնյանը եւ մինչեւ վերջին վայրկյանը հենց իրենք՝ թեկնածուները, չգիտեին՝ ով կընտրվի։ Վերջում Արամ Սիմոնյանն ընտրվեց։
— Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի լիազորություններն ավարտվում էր այս տարվա դեկտեմբերին, սակայն ընտրություններն անցկացվեցին մի քանի ամիս առաջ։ Սա որեւէ բացատրություն ունի՞։
— Շատ ճիշտ եք ասում։ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել էր ռեկտոր 2021 թվականի դեկտեմբերին 17-ին, տրամաբանական կլիներ, որ ընտրությունները կազմակերպվեին այս տարվա դեկտեմբերին, որպեսզի պաշտոնավարման ամբողջ ժամկետը պահպանվեր։ Բայց ժամկետից 3 ամիս շուտ իբրեւ կայացավ ընտրությունը։ Խնդիրը հետեւյալն էր՝ «Հիմնադրամի մասին» եւ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքների նախկին խմբագրության մեջ մի կետ կար, որը թեկնածուների տարիքային սահմանաչափ էր պարունակում։ Այսինքն՝ ասվում էր, որ թեկնածու կարող է ընտրվել մինչեւ 65 տարեկան անձը, բայց այդ մարդը հենց 65 տարին լրանար, պետք է դադարեցներ պաշտոնավարումը, այսինքն՝ վայր դներ լիազորությունները։
Հիմա պատկերացրեք՝ մարդը 64 տարեկան է, իրավունք ունի, ընտրվում է, մեկ տարի պաշտոնավարում է ու օրենքով պարտավոր է վայր դնել լիազորությունները։ Այսինքն՝ իր պաշտոնավարումը կտեւեր մեկ տարի։ Սա ինչ-որ անիմաստ ձեւակերպում էր՝ չգործող ու իրավունքները սահմանափակող, որովհետեւ, նույն ԵՊՀ-ի ռեկտորի դեպքում, դա միայն պաշտոն չէ, այլ ծրագիր է, որը մարդը պետք է իրագործի հինգ տարում։ Եվ այդ արգելքը հաղթահարելու համար Ազգային ժողովը նախաձեռնեց օրենքի փոփոխություն։
Դեռեւս այս տարվա մայիսի 7-ին ՊՈԱԿ-ների օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ՝ օրինական ուժ ստացավ այն, ըստ որի՝ սահմանաչափը փոխվեց։ Այսինքն՝ գրվեց, որ մարդը կարող է ընտրվել մինչեւ 64 տարեկանը եւ պարտավոր է պաշտոնավարել մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Դա կարեւոր փոփոխություն էր։ Միանգամից ասեմ, որ ՊՈԱԿ-ների ու հիմնադրամների օրենքները, եթե չասեմ՝ նույնն են, բայց բավականին անալոգիա ունեն իրար հետ։ Հաջորդ փոփոխությունն արդեն վերաբերելու է հիմնադրամներին։
Հիմա ԵՊՀ-ում կային մարդիկ, որոնց անունները չեմ ուզում տալ, բայց շատ ուժեղ թեկնածուներ էին, ընդ որում՝ հենց ՔՊ-ի թիմից, որոնց տարիքային սահմանաչափը 63 ու 64 էր։ Այդ մարդիկ պատրաստվում էին դնել իրենց թեկնածությունը, բայց քանի որ օրենքը դեռ նախկին խմբագրությամբ էր հրապարակված, մտածում էին, թե ինչո՞ւ առաջադրենք մեր թեկնածությունը, եթե մեկ-երկու տարի ենք պաշտոնավարելու։ Այդպես չդրեցին թեկնածություն։ Մինչդեռ եթե ամեն ինչ գնար օրենքով եւ ընտրությունը լիներ դեկտեմբերին, օրենքը կփոփոխվեր, կհրապարակվեր, ու այդ մարդիկ կդնեին իրենց թեկնածությունը։
Շտապողականությունը պայմանավորված էր հենց դրանով, որ այդ մարդիկ չդնեին թեկնածությունը, քանի որ դեռեւս գործում է հին օրենքը։ Շուտափույթ անցկացրեցին ԵՊՀ ռեկտորի ընտրություն՝ 3 ամիս շուտ։ Իսկ առաջիկա օրերին հրապարակվելու է նաեւ հիմնադրամների մասին օրենքի նոր փոփոխությունը, որտեղ այդ տարիքային սահմանաչափը հանվում է։ Բայց արդեն անիմաստ է, քանի որ այդ մարդիկ չդրեցին իրենց թեկնածությունը, ու այդպես Հովհաննիսյանը մնաց միակ թեկնածուն։
— Բայց մի՞թե չգտնվեց համարձակ մեկը, որը կդներ իր թեկնածությունը, ինչո՞ւ որեւէ մեկը անգամ չփորձեց։ Վախենում էին, որ ընդդիմադիր համայնքապետերի նման կա՛մ կալանավորելու են, կա՛մ ավելի վատ ավարտ են ունենալո՞ւ։
— Այստեղ խնդիրը կալանավորվելու մեջ չէ։ Պատկերացրեք, թե ովքեր են ընտրում ռեկտոր։ Ռեկտոր ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք 20 հոգի են, 20-ն էլ այս կամ այն կերպ ՔՊ-ի կողմից են։ Եթե չեմ սխալվում, 5 անդամ առաջադրվում է կառավարության կողմից, դե պարզ է՝ իրենց մարդիկ են, 5 անդամ առաջադրում է նախարարությունը, 5-ը՝ առաջադրում է գիտխորհուրդը, 5 հոգի էլ՝ ուսանողական խորհուրդը։ Այսինքն՝ քանի որ բոլորը պոտենցիալ ՔՊ-ական են, այնպիսի մարդ պետք է թեկնածություն դներ, որն այդ ձայների մի մասը վերցներ իրեն։ Օրինակ, եթե ես կամ դուք դնեինք մեր թեկնածությունը, պարզ է՝ չէին քվեարկի, բայց եթե ինչ-որ մեկը լիներ, որ հենց ՔՊ-ից կլիներ կամ ՔՊ-ին մերձ շրջանակներից, կարող էր շատ հանգիստ խլել այդ ձայները։ Ինչպես նշեցի, ես գիտեմ, որ այդպիսի առնվազն երկու հոգի կային։
— Այնուհանդերձ, Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարման անցած 5 տարիներն ինչո՞վ առանձնացան եւ ի՞նչ սպասել առաջիկա եւս հինգ տարիներից։
— Ճիշտն ասած, իր ամենակարեւոր «ձեռքբերումն» այն էր, որ Արամ Սիմոնյանի ժամանակ ԵՊՀ-ն ուներ 5 միլիարդ դրամ խնայված գումար, բայց հենց իրենք իշխանության եկան ԵՊՀ-ում, այդ գումարից եւ ոչ մի կոպեկ չմնաց։ Այդ գումարը չկա։ Ի՞նչ ասեմ, ուրիշ ձեռքբերումներ չեմ տեսնում։ Կան գումարի մսխման նորաձեւ բազում տարբերակներ։ Այդ մարդիկ ներքին դրամաշնորհներ են բաժանում իրենց մարդկանց միջեւ, մեկին 20 միլիոն դրամ են տալիս, մյուսին՝ 29 միլիոն, որ բացեք ԵՊՀ կայքը, այնտեղ դրամաշնորհների սյունակ կա, որտեղ ահռելի գումարներ են բաժանում։ Բայց եթե ուսումնասիրում ես, թե ում է տրվել այդ գումարը, կարդում ես կենսագրությունը, պարզվում է՝ այդ գումարի դիմաց ընդամենը մեկ հոդված է տպագրել ինչ-որ մի տեղ եւ վերջ։ Ընդ որում՝ շատ անգամ այդ դրամաշնորհային ծրագրի համահունչ հոդված էլ չէ, լրիվ ուրիշ թեմայով է։ Այսինքն՝ մարդը ստացել է 20 միլիոն դրամ դրամաշնորհ ԵՊՀ-ից, ոչ մի բան չի արել, նույնիսկ մի գիտական հոդված չի հրապարակել այդ գործունեության արդյունքում։ Ինչ վերաբերում է հետագային, անկեղծ, ոչ մի սպասելիք չունեմ․ ամեն ինչ լճանում է աստիճանաբար։
— Ժամանակին, եթե անգամ մի փոքր խնդիր էր լինում, դասախոսները, ուսանողները ընդդիմանում էին, բարձրաձայնում, հիմա ամեն ինչ այդքան լա՞վ է, որ ձայնները դուրս չեն գալիս, թե՞ Ստոկհոլմյան համախտանիշով են տառապում, երբ զոհը սկսում է համակրանք տածել իրեն վնասողի նկատմամբ։
— Բոլորը շատ վախեցած են։ Ես մի քանի անգամ դրա մասին բարձրաձայնել եմ։ Ես, երբ ԵՊՀ-ում էի աշխատում, այդ նույն դասախոսները, ավելին ասեմ՝ շատ լուրջ գիտնականներ, ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ինձ զանգում էին, ասում՝ այսինչ մարդն եմ, խոսելու թեմա ունեմ քո հետ։ Գալիս էին, ինչ-որ բաներ էին խոսում, սրա-նրա մասին բամբասում, ասում էի՝ եթե այսքանն ասում ես, ուզում ես հրապարակե՞մ։ Պատասխանում էին, որ խնդրում են ոչ մի դեպքում չհրապարակել, ինչ ասել է՝ մեր մեջ մնա։ Պատկերացնո՞ւմ եք՝ շատ պատկառելի տարիքով ակադեմիկոսներ իրենց այդպես էին պահում։ Սա արդեն ԵՊՀ-ի դեմքն է դարձել։
Առաջ այդպես չէր, հիմա մարդիկ հրապարակային ելույթներից վախենում են ու ամեն ինչից են վախենում։ Ինչպես Հայաստանում է վախի մթնոլորտ ստեղծված, այդպես էլ ԵՊՀ-ում է, որը միշտ համարել եմ Հայաստանի փոքր պրոյեկցիան։ Ես գիտեմ, որ ԵՊՀ-ում նույնիսկ ինչ-որ մարդկանց Ֆեյսբուքում «լայքելու» («հավանելու») համար նկատողություն են տալիս, սպառնում են գործից հեռացնել։ Այդպիսի մթնոլորտից ի՞նչ սպասել։ Ես ոչ մի լավ բան չեմ սպասում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
