Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
ՀասարակությունՀոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինված զինծառայողի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Քրոջ՝ Արփի Ավետիսյանի խոսքով՝ նրա առողջական վիճակը ծանր է, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Բժիշկներն ամեն ինչ անում են, որ ոտքը չհեռացնեն։ Իրականում նրա վիճակն ավելի վատ է, քան ներկայացվում է։ Արդեն ձեռքի երեք մատներն ամպուտացրել են, խնդիր ունի թե՛ ազդրի, թե՛ ծնկի հատվածում։ Ոտքը հազիվ մաքրել են բեկորներից։ Նրան տեսակցել չի թույլատրվում, քանի որ վերակենդանացման բաժանմունքում է»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Արփին։
Մենք հետաքրքրվեցինք նաև երեխաների առողջական վիճակով։ Անիի երեք զավակներից միայն 15-ամյա Ռոզին է գտնվում մորաքրոջ խնամքին։ 15-ամյա Քաջիկն ու 17-ամյա Սարիբեկն իրենց հոր հետ դեռ ապրում են պապիկ-տատիկի տանը։
«Նրանց տան դուռը կապարակնքված է, քանի որ տունը դեռևս համարվում է դեպքի վայր, իսկ քննությունը շարունակվում է։ Նույնիսկ չեն թողնում տուն մտնենք՝ գոնե տաք հագուստ վերցնելու համար։ Ռոզին արդեն քանի օր է՝ լացելով է արթնանում, շատ է վախեցել։ Իսկ պետական կառույցներից ոչ մի այց, ոչ մի հոգեբանական աջակցություն չկա»,- ասել է մեր զրուցակիցը։
Արփիի խոսքով՝ Շաքիի վարչական ղեկավարն ի սկզբանե սխալ տեղեկություն է տարածել՝ հայտնելով, թե իբր Անին կրունկի հատվածում է վիրավորում ստացել, այն էլ՝ թեթև։ Նույն թեթևությամբ նաև Առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
«Դեպքի օրը մոր կողքին եղել են միայն Քաջիկն ու Ռոզին։ Քաջիկը նույնիսկ բռունցքով հարվածել է զինված ադրբեջանցուն։ Վերջինս վնասել է նաև երեխաներին։ Հոգեբանական վախից բացի՝ նրանք ևս մարմնական վնասվածքներ են ստացել։ Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն»,- ասացելէ Արփին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

