Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը
ԹեմաԳեղարքունիքի մի շարք համայնքներում դպրոցների հնարավոր տեղափոխման կամ միավորման վերաբերյալ արձագանքները տարբեր են։
Օրինակ՝ Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապի դպրոցի աշակերտների ծնողները դեմ են հնարավոր տեղափոխմանը՝ հատկապես ճանապարհի եւ աշխատակազմի հնարավոր կրճատումների պատճառով։ Աշոցքի Գոգհովիտ համայնքում ծնողները նույնպես դեմ են տեղափոխմանը, իսկ գյուղ տանող ճանապարհը դեռեւս գրունտային է։
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաղկաշատ գյուղում դպրոցը նախատեսվում է տեղափոխել Հաղպատ։ Ծնողների խոսքով` գյուղից դպրոց տանող շուրջ 11 կմ ճանապարհը վատ վիճակում է, իսկ բնակավայրում առկա են նաեւ ժողովրդագրական խնդիրներ։
Սպիտակի Սարալանջում ծնողների բարձրացրած հարցերը վերաբերում են երեխաների տեղափոխմանը, տարբեր տարիքային խմբերի համար առանձին երթուղիների անհրաժեշտությանը եւ ճանապարհների վիճակին։
Տավուշի Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղում ծնողների մեծ մասը դեմ է տեղափոխմանը։ Իջեւանի Լուսահովիտի բնակիչները մեզ հայտնեցին, որ աշակերտների ծնողները դիմել են ԿԳՄՍ նախարարություն՝ քննարկում պահանջելով։
Կոտայքի Նաիրի համայնքի Քարաշամբում ծնողները եւ գյուղի բնակիչները դեմ են դպրոցը տեղափոխելու ծրագրին։ Գեղարքունիքի Ճամբարակ համայնքի Գետիկ գյուղում եւս արձանագրվել են առարկություններ․ Գետիկում եւ հարեւան գյուղում, որտեղ պետք է նոր դպրոցը լինի, առկա են սոցիալական լարվածության վերաբերյալ մտահոգություններ։
Միաժամանակ բոլոր համայնքներում արձագանքը նույնը չէ։ Որոշ բնակավայրերում ակտիվ քննարկումներ դեռ չեն սկսվել, իսկ մի շարք դպրոցների ներկայացուցիչներ հրաժարվել են մեկնաբանությունից։ Հիմնական բաց հարցերը վերաբերում են տեղափոխման վերջնական պայմաններին, տրանսպորտի կազմակերպմանը, ճանապարհների անվտանգությանը եւ դպրոցների աշխատակիցների հետագա կարգավիճակին։
ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

