«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»
ՆերքաղաքականԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտնել է հստակ դիրքորոշում այն մասին, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում: Արդյոք հնչեցրած կարծիքը կիսում են մյուս ընդդիմադիր պատգամավորները, «Իրավունք»-ը պարզեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆԻՑ:
— ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հստակ ընդգծել է, որ իրենց քաղաքական թիմը չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցի շուրջ։
— Ես չեմ կարող մեկնաբանել տարբեր գործընկերների եւ տարբեր կուսակցությունների հայտարարություններ, բայց մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք բազմաթիվ անգամներ հայտարարվել ենք այն մասին, նաեւ պարոն Կարապետյանն է հայտարարել, որ մենք կողմնակից ենք բալանսավորված քաղաքականության:
Մենք մեր բոլոր հարեւանների հետ պետք է ունենանք լավագույն հարաբերությունները, որոնք ի նպաստ Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահի պետք է ծառայեցվեն։ Խնդիրը սրանում է, որ մենք կողմնակից ենք բալանսավորված քաղաքականության եւ կողմ ենք, որպեսզի մեր բոլոր հարեւանների, դաշնակիցների հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք բացառապես ծառայելու են Հայաստանի Հանրապետության պետական շահին։
— «Բոլոր հարեւաններ» ասելով՝ ո՞ր երկրներին նկատի ունեք։
— Բոլոր դաշնակիցների, հարեւանների հետ։ Օրինակ՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմնակից ենք, որպեսզի լավագույն հարաբերություններն ունենանք եւ մեր հարեւան Իրանի, Վրաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, ովքեր կարող են նաեւ անվտանգության հարցում լինել Հայաստանի Հանրապետության համար որպես երաշխավոր։
— Տիկին Յոլյան, իսկ չե՞ք կարծում, որ նման կերպ չի լինում, որովհետեւ Ռուսաստանը եւ Եվրամիությունն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ուղղակի անհամատեղելի են։
— Խնդիրն այն է, որ մենք ոչ մի պարագայում երկու պետությունների համար չպիտի դառնանք որպես, այսպես ասած, թշնամական նախագիծ։ Մենք բոլորի հետ պետք է ունենանք լավագույն հարաբերություններ եւ բազմաթիվ անգամ առիթներ ունեցել ենք այս մասին ասելու, որ լավ գործընկերային, դիվանագիտական հարաբերությունների համատեքստում հնարավոր է ունենալ այնպիսի դաշնակցային հարաբերություններ, որոնք կարող են, նորից եմ կրկնում, ծառայել Հայաստանի Հանրապետության պետական շահին։
— Եթե հայտարարվում է, որ չենք չճանաչում Ղրիմը ՌԴ-ի կազմում, ինչպես ասել է տիկին Գրիգորյանը, այդ դեպքում, ի՞նչ դիվանագիտական հարաբերությունների մասին կարող է խոսք լինել Ռուսաստանի Դաշնության հետ:
— Ես նշեցի, որ տիկին Գրիգորյանի ասածները չեմ կարող մեկնաբանել, եթե որեւէ հարց կա այդ մասով, իրեն դիմեք։ Իսկ մեր քաղաքական տեսակետը նշեցի, որ մենք կողմնակից ենք բոլորի հետ ունենալ լավագույն հարաբերությունները, որոնք ծառայեցվելու են Հայաստանի Հանրապետության շահին։ Եվ, ըստ էության, նաեւ չգիտեմ, ամբողջովին չեմ լսել հարցազրույցը, չգիտեմ ինչի մասին է խոսքը, ու թույլ տվեք չմեկնաբանել իր ասածը, կներեք։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
