Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում խոսել Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի ազգային հավաքականը լքելու մասին.
«Մեկ տարի առաջ, երբ նոր էի նշանակվել, անձամբ հրավիրեցի նրան, բայց նա չցանկացավ գալ։ Մենք այդ մասին խոսել ենք: Այն ժամանակ էլ նշել եմ, որ հասկանում եմ նրան. կան պատճառներ ու արգումենտներ:
Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, հերոս է և լեգենդար տղա: Երբ ես Ուկրաինայում էի և հետևում էի հավաքականին, հիշում եմ՝ Մխիթարյանը վնասվածքի կամ այլ պատճառով բաց թողեց երկու խաղ։ Հավաքականն այդ խաղերում հաղթեց, և միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում: Դա աբսուրդ է. դրանով ցավեցրին ու նեղացրին այդ տղային, հիասթափեցրին նրան։
Սա պատճառներից մեկն էր։ Կան նաև այլ պատճառներ, որոնց մասին թույլ չեմ տա խոսել՝ դա իր անձնական գործն է: Ես չեմ կարող մեղադրել նրան, թեև կարող եմ ափսոսալ, հիասթափվել կամ ջղայնանալ, որ նա չկա: Ինձ համար հավաքականը վեր է ամեն ինչից, բայց մարդիկ տարբեր են: Երբ մարդու սիրտը կոտրվում է մի բանից, երբ նվիրվածություն այլևս չի զգում, չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշել է Մելիքյանը
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
